Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՆԱ ՄԵՌԻ ՈՒ ՄԵՌԻ

Հուլիս 26,2001 00:00

ԳՆԱ ՄԵՌԻ ՈՒ ՄԵՌԻ «Քաղաքապետարանի բնակչության հատուկ սպասարկում» ՊՓԲԸ-ից տեղեկացանք, որ Երեւանում կա 17 գերեզման եւ 3 պանթեոն (որտեղ հուղարկավորում են անվանի մարդկանց)։ Պանթեոններից մեկը բոլորին հայտնի Կոմիտասի այգում է, մյուսը՝ Թոխմախ գյոլում, երրորդը՝ Նուբարաշենում։ Ի տարբերություն նախորդ երկուսի, շատ ծանր է Նուբարաշենի գերեզմանատան վիճակը։ Սողացող հողի հետեւանքով հինգ-վեց տարի առաջ հուղարկավորված դիերը հողի հետ այս ու այն կողմ «երթեւեկելով»՝ իրար են խառնվում եւ անհասկանալի է դառնում, թե որը ում գերեզմանն է։ Սողհոսքի պատճառով քարուքանդ են եղել տապանաքարերը, անվանաքարերը եւ պանթեոնի հուշարձանները։ «Քաղաքապետարանի բնակչության հատուկ սպասարկում ՊՓԲԸ տնօրեն Գառնիկ Աղաջանյանն ասաց, որ վերջերս հետազոտումներ են անցկացվել եւ պարզել են, որ Նուբարաշենի գերեզմանատան մի մասը սողացող հող չէ, սակայն հիմնական զանգվածը, ինչպես նաեւ պանթեոնը՝ անմխիթար վիճակում են։ Ըստ Գ. Աղաջանյանի. «Այդ հատվածում որեւէ վերականգնողական աշխատանք կատարելը անիմաստ է, քանի որ հիմքը սողացող է։ Եթե նույնիսկ փորձենք ուղղել, միեւնույն է, որոշ ժամանակ անց նույն պատկերն է ստացվելու»։ Ըստ Գ. Աղաջանյանի, Նուբարաշենում նոր հողաբաժանում չի կատարվում, սակայն հուղարկավորությունները շարունակվում են, «մենք իրավունք չունենք մարդուն թույլ չտալ իր մտերիմին հարազատի մոտ հուղարկավորելու»։ Գ. Աղաջանյանն ասաց, որ նրանք, ովքեր ցանկանում են իրենց հարազատների աճյունները տեղափոխել այլ գերեզմանատուն, «պետք է մեզ դիմում ներկայացնեն եւ վճարեն 19 հազար դրամ, այս գումարը փոս փորելու եւ տեղափոխելու արժեքն է»։ Պանթեոնի խնդիրը անլուծելի է, քանի որ պանթեոններում հուղարկավորում կատարելը կամ մեկից մյուսը տեղափոխելու իրավունքը վերապահված է կառավարությանը։ Այսինքն՝ ստացվում է այնպես, որ կառավարությունը արհամարհում է մեր մտավորականներին, քանի որ, ըստ Գ. Աղաջանյանի, «դեռեւս ոչ վերականգնելու, ոչ էլ տեղափոխելու թույլտվություն չի տալիս»։ Գ. Աղաջանյանից նաեւ տեղեկացանք, որ Դավիթ Բեկի փողոցի հարեւանությամբ նոր պանթեոնի կառուցում է պլանավորվում, որը նախատեսվում է 10 տարվա համար։ Ն. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031