Լրահոս
Օրվա լրահոսը

«Բարձրացավ» եղբոր ճնշումը

Հուլիս 28,2001 00:01

«Հոկտեմբերի 27» քրգործի երեկվա դատաքննության ժամանակ եղան մի քանի միջնորդություններ, որոնցից առանձնացավ հատկապես դատարան բերված ամբաստանյալ Կարեն Հունանյանի միջնորդությունը։

Կարեն Հունանյանը հայտնեց, որ նախաքննությունն ավարտվելուց հետո, 2000թ. հուլիսի 11-ից հետո իրեն առանձին են պահում ԱԱՆ քննչական մեկուսարանում։

Դատարանում նույնպես առանձին են պահում, ինչը նա դիտեց որպես մարդու իրավունքների ոտնահարում։

Նա միջնորդեց, որ իրեն ԱԱՆ մեկուսարանից տեղափոխեն թիվ 1 մեկուսարան։ «Իմ հանդեպ տեղի են ունեցել քննչական գործողություններ, ինձ ֆիզիկական ճնշումների են ենթարկել։ Բազում դիմումներ եմ գրել, ինչն անտեսվել է։ Դիմել եմ հանրապետության նախագահին։ Եղբորս՝ Նաիրի Հունանյանի հանդեպ ֆիզիկական եւ հոգեբանական ճնշումներ են եղել… Դրանում չեմ կասկածում, փաստ է, գիտեմ։ Պահանջում եմ ԱԱՆ-ից տեղափոխել թիվ 1 մեկուսարան, որովհետեւ հոգեբանական ճնշումները շարունակվում են»,- ասում էր նա ձայնը քիչ-քիչ բարձրացնելով։ Ամբաստանյալի պաշտպան Համլետ Ստեփանյանն ասաց, որ իր եւ պաշտպանյալի միջեւ նման խոսակցություն եղել է եւ խնդրեց ժամանակ տալ քննարկելու վերոնշյալ միջնորդությունը։ Կարեն Հունանյանն, արդեն հիստերիայի մեջ, բղավում էր (ի դեպ, նա միտքը շատ ժամանակ չէր ավարտում). «Կախելու սպառնալիքը, ինձ կախելու, շարունակական հայտարարություն ունեմ…»։

Թվում էր, թե Կ. Հունանյանն աստիճանաբար կկորցնի ինքնատիրապետումը, սակայն այդ պահին նրան իր պաշտպանի հետ տրվեց կարճ դադար։

Օրվա հերթապահ բուժաշխատողները մեկ էլ սկսեցին բուժօգնություն ցույց տալ ամբաստանյալ Նաիրի Հունանյանին, որի արյան ճնշումը բարձրացել էր։ Հավանաբար վերջինս պատրաստ չէր իր եղբոր նման միջնորդությանը եւ կամ ստացվել էր այնպես, որ նախորդ նիստի ժամանակ իր ԱԱՆ մեկուսարան չտեղափոխվելու հայտարարությունը (քանի որ ավելի անվտանգ էր, քան թիվ 1 մեկուսարանը) ի չիք էր դառնում։ Ընդմիջումից հետո ամբաստանյալ Կ. Հունանյանի պաշտպանն ասաց, որ միանում է միջնորդությանը. «Բոլո՞րը գիտեն ինչ է խուցը,- հարցրեց նա շարունակելով,- ինքը մենակ է, մենակ է իր մտքերի հետ»։

Դատավոր Ուզունյանը փորձեց ճշտել, թե մենակ մնա՞լն է այլ մեկուսարան գնալու միջնորդության հիմքը, թե՞ ԱԱՆ-ից տեղափոխվելու ցանկությունը։ Ընդմիջումից հետո Կ. Հունանյանին կարծես 180 աստիճանով շուռ տվեցին։ Հիստերիկ նոտաները փոխվել էին անորոշ արտահայտություններով, որ ինքն ընդհանրապես է ասում, թե եղել են ճնշումներ, այն էլ հոգեբանական։ Երբ մեղադրող Գագիկ Ավետիսյանը որոշակիացրեց հարցը, թե որտե՞ղ, ե՞րբ, ի՞նչ ճնշումներ են գործադրվել ձեր եւ ձեր եղբոր վրա, ամբաստանյալ Կ. Հունանյանը պատասխանեց. «Դժվարանում եմ հիշել, երբ է նման բան եղել։ Դատական առաջին նիստերին, ընդմիջումներին եւս շարունակվել է»։

Իսկ եղբոր նկատմամբ ճնշումների նկատմամբ էլ հայտնեց, որ իր բանտախուցը (թիվ 21) ընդամենը մեկ բանտախցով է բաժանվում եղբոր բանտախցից։ Առնվազն տարօրինակ էր այս միջնորդության սցենարը, որովհետեւ, երբ հուլիսի 23-ին այս նույն դատարանում, այս նույն կազմով քննարկվում էր ամբաստանյալ Ն. Հունանյանին ԱԱՆ մեկուսարանից ՆԳՆ թիվ 1 քննչական մեկուսարան տեղափոխելու միջնորդությունը, նույն այս ամբաստանյալները չառարկեցին, թե ԱԱՆ «պուպուշ» է, ՆԳՆ-ն «քըխ»։

ՆԳՆ-ում նստած 5 ամբաստանյալները նույնիսկ չվախեցան Հունանյանի ազգանվանակից ՆԳ փոխնախարարի սահմռկեցուցիչ տեղեկանքը լսելուց անգամ… Փաստաբան Օլեգ Յունոշեւը ուշադրություն հրավիրեց այն փաստին, որ ամբաստանյալը շեշտում է ԱԱՆ մեկուսարանի պետի անուղղակի մասնակցությունը, իր զարմանքը հայտնեց, որ բավականին դիմումներ են անհետացել Կարեն Հունանյանի կողմից գրված:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031