Լրահոս
Օրվա լրահոսը

Կանադական փոստը՝ քրիստոնեական Հայաստանին

Օգոստոս 15,2001 00:00

ՖԻԼԱՏԵԼԻԱ Կանադական փոստը՝ քրիստոնեական Հայաստանին Քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն հռչակման 1700-ամյակը արժանվույն է նշում քրիստոնեական աշխարհը։ Ի թիվս անցկացվող հոբելյանական միջոցառումների, կայացվում են նաեւ աստվածահաճո ձեռնարկումներ, որոնք վերաբերում են փոստին ու ֆիլատելիային։ Այդպիսիներից մեկը նախաձեռնել է Վատիկանը, որը բիբլիական Հայաստ անի խոշորագույն իրադարձությունը նշեց նրան նվիրված երեք նամականիշերից բաղկացած շարքով։ Կանադան նույնպես, որպես 50 հազարից ավելի հայեր ունեցող երկիր, անմասն չմնաց իր հասարակական ու մշակութային կյանքին ջերմեռանդորեն մասնակցող հայ համայնքի մայր հայրենիքի նշանավոր հոբելյանը նշելուց։ Ավելին։ Այստեղ երկրի վարչապետի եւ այլ բարձրաստիճան անձանց ներկայությամբ Օտտավայում՝ Պառլամենտի Ընդունելությունների դահլիճում կայացավ Հայ Առաքելական եկեղեցու 1700-ամյակին նվիրված նամականիշի շնորհանդեսը՝ վերածվելով կանադահայկական բարեկամության ուրույն տոնի։ Ինչպես մեզ պատմեց այդ շնորհանդեսի անմիջական մասնակից, կանադաբնակ ֆիլատելիստ Արտյուշա Մինասյանը, միջոցառումը անմոռանալի տպավորություն գործեց ներկաների վրա։ Պատշաճ հանդիսավորությամբ ցուցադրվեց Կանադայի փոստի կողմից թողարկված, քրիստոնեական Հայաստանին նվիրված նամականիշի մեծացված պատկերը, որն ինքնին խոսում էր դիզայներական կատարման վարպետության (Դեբբի Ադամս), նրբաճաշակության մասին։ Նոր նամականիշին պատկերված է դրվագ Սբ. Մարկոսի Ավետարանի (մոտ 1420թ.) «Քրիստոսի մուտքը Երուսաղեմ» հայկական միջնադարյան մանրանկարից, որ պահվում է Մոնրեալի նրբագեղ արվեստների թանգարանում, եւ խաչքար, որ ներկայացվել է Կանադայի Հայ ազգային կոմիտեի կողմից։ 47 ցենտ անվանագնով նամականիշի վերնամասում «Հայ եկեղեցի» մակագրությունն ու 301-2001 տարեթվերն են՝ Աստվածաշնչի հայկական տեքստի խորապատկերի վրա։ Առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում նաեւ առաջին օրվա ծրարը, որը պատկերում է Սբ. Մարկոսի Ավետարանի մեկ այլ էջ ու խաչքար։ Հետաքրքիր է իմանալ, որ շնորհանդեսի արարողությունը բացման խոսքով սկսել է միջոցառման նախաձեռնողներից մեկը՝ Կանադայի խորհրդարանի անդամ Սարգիս Ասադուրյանը։ Վարչապետ Ժան Կրետիենը ողջույնի ջերմ խոսքից հետո շնորհավորել ու սեղմել է հայ համայնքի բոլոր ներկայացուցիչների ձեռքերը։ Շնորհանդեսի ծրագրում կայացել է նաեւ ֆիլատելիստական ցուցահանդես, որում Հայաստանին նվիրված իրենց հավաքածուներն են ցուցադրել հայ դրոշմասերները։ Տրվել է հանդիսավոր ճաշկերույթ, մշակութային ծրագրում հանդես են եկել կանադահայ կատարողները, Տորոնտոյի ազգագրական համույթը։ Շնորհանդեսի բոլոր մասնակիցներին նոր նամականիշի պատկերով հուշանվերներ են տրվել։ Վերջերս Ռուսաստանի Դաշնությունում էլ թողարկվեց նամականիշերի շարք՝ «Ռուսաստանի կրոնների պաշտամունքային կառույցները» խորագրով։ Նամականիշերից մեկը, որի նկարիչ-ձեւավորողը Լ. Զայցեւն է, պատկերում է Դոնի Ռոստովի հայկական Սուրբ Խաչ եկեղեցին (1792թ.) եւ 13-րդ դարի խաչքար, որը գտնվում է Մոսկվայի Սուրբ Դանիլովի մենաստանում։ ԺԱՆ ԳՅՈՒԼԲԵՆԿՅԱՆ ՍՈՒՐԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել