Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդդեմ «Արմենպրես» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրեն Հրայր Զորյանի

Հոկտեմբեր 10,2001 00:00

«ԻՆՁ ՄԻ ՆԿԱՐԵՔ, ՍԵՐԻԱԼ ՉԵՔ ՀԱՆՈՒՄ»

Ընդդեմ «Արմենպրես» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրեն Հրայր Զորյանի, Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան է դիմել «Արմենպրեսի» թղթակից Շուշանիկ Աբրահամյան-Հայրապետյանը։ Նա վիճարկում է տնօրենի կողմից իրեն աշխատանքից ազատելու օրինականության հարցը։

Նախորդ դատական նիստը դատավոր Էդիկ Ավետիսյանի կողմից ընդմիջվել էր, քանի որ հայցվոր Շ. Աբրահամյանը պարտավորվել էր դատարանին ներկայացնել ապացույցներ։ Տեղեկացնեմ, որ Շ. Աբրահամյանը միայնակ է իր պաշտպանությունն իրականացնում, չօգտվելով փաստաբանի ծառայություններից։

Պատասխանող Հ. Զորյանն ուներ ներկայացուցիչ՝ փաստաբան Գեւորգ, որի ազգանունը ոչ ոք չկարողացավ հիշել, իսկ ինքն էլ ասաց, որ ազգանուն չունի։ Այս փաստաբանը մի հետաքրքիր արարք էլ թույլ տվեց։ Երեկվա նիստն անմահացնում էին, փաստորեն, «Առավոտն» ու «Դատական ալիք» հաղորդաշարը։ Եվ վերջինիս փաստաբանը չփորձեց որեւէ ակնարկով վիրավորել կամ առարկել, իսկ իմ լուսանկարչական ապարատը ակնհայտորեն ազդել էր նրա վրա, որ ասաց. «Դուք էլ հաճախ ինձ մի նկարեք, սերիալ չեք հանում»։

Երեկվա նիստերի դահլիճը բազմամարդ էր. հայցվոր լրագրողի ուղղությամբ նստած էին հարազատներ, ազատամարտիկների հարազատներ, պատասխանող փաստաբանի ուղղությամբ էլ նստած էին ուսանողներ։ Ըստ հայցվորի հետ կազմած պայմանագրի (3.3 կետ), այն կարող էր ժամկետից շուտ լուծարվել Գործատուի կամ Աշխատողի նախաձեռնությամբ։

«Լրացուցիչ հիմք կարող է ծառայել նաեւ, երբ Աշխատողը խախտել է սույն պայմանագրի պայմանները, իր պարտականությունները կատարել է թերի կամ չի կատարել»։ Հայցվորը գրել էր նաեւ ՀԺՄ-ին (8.10.2001թ.), տնօրենը «մինչեւ օրս ձգձգում է իր ազատման հրամանը տալը։ Համաձայն աշխատանքային կանոնադրության, աշխատանքային պայմանագիրը դադարեցվում է պայմանագրի որեւէ կետը կողմերից որեւէ մեկի խախտելու պատճառով։ Այդպիսի բան դիմումատուի կողմից «Արմենպրես» գործակալությունում աշխատած տարիներին չի եղել։ Հուլիսի 9-ին տնօրեն Հրայր Զորյանը առանց հրամանը ստորագրելու մեկնել է Փարիզ»։

Այս դիմումն էլ ներկայացվեց դատարան։ Հ. Զորյանի ներկայացուցիչ-փաստաբանը պնդեց, որ կեղծիքը բացառված է եղել։ Իսկ Ժուռնալիստների միությանն ու Մամուլի ազգային ակումբին դիմելն էլ որակեց որպես «անհիմն քայլ», քանի որ, ըստ նրա, սահմանված է պայմանագրի ազատություն եւ «ոչ ոք չի կարող հասարակական կազմակերպության միջոցով ազդել Գործատուի վրա»։

Վկայակոչվեց քաղաքացիական օրենսգրքի այն հոդվածը, ըստ որի քաղաքացիներն ու իրավաբանական անձինք ազատ են պայմանագիր կնքելիս։ – Ո՞վ է գրանցում հրամանները,- պատասխանողին հարցրեց դատավոր Է. Ավետիսյանը։ – Օգնականը…,- պատասխանեց գործադիր տնօրենի ներկայացուցիչը։

Դատարանը տեղում որոշեց հաջորդ դատական նիստին հրավիրել Լիդա Բուլղադարյանին։ Հաջորդ նիստը կկայանա հոկտեմբերի 11-ին։

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031