Լրահոս
Օրվա լրահոսը

Ոճրագործները կգնդակահարվեն

Մայիս 25,2002 00:00

Ոճրագործները կգնդակահարվեն «Հոկտեմբերի 27»-ի դատավարությունն ավելի քան աշխույժ փուլ է թեւակոխել: Դրա հիմնական պատճառն, իհարկե, այն է, որ դատաքննությունն անցել է տուժողների հարցաքննությանը: Իսկ հարցաքննվել են արդեն 3-4 տուժող եվ իրենց ցուցմունքներում ընդգծել՝ «27»-ի ոճրագործությունը կազմակերպված է եղել եւ չի սահմանափակվել միայն դահլիճում ահաբեկչությունն իրականացրած խմբով: Հատկապես մեծ եղավ արձագանքը ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վիկտոր Դալլաքյանի ցուցմունքի վերաբերյալ: Միանշանակ չէր նաեւ մամուլի արձագանքը դրան: Չգիտես ինչու, բայց պատգամավորի այդ ցուցմունքներն ու ոճրագործությանը նրա գնահատականը ակնհայտորեն նյարդայնացրեց հավասարապես ե՛ւ ամբաստանյալներին, ե՛ւ իշխանամետ հայատառ ու ռուսալեզու քարոզչամիջոցներին: Վերջիններիս, հավանաբար, այն պատճառով, որ Վ.Դալլաքյանն ակնարկել էր, թե «27»-ի կազմակերպիչների հայտնաբերման իմաստով՝ շատ հետաքրքիր կարող է լինել ԶԼՄ-ների եւ «27»-ին վերաբերող նրանց հրապարակումների վերլուծությունը: Հատկապես իշխանամետ եւ, ինչպես Վ.Դալլաքյանն ասաց՝ դաշնակցական մամուլի ջղաձիգ արձագանքն իր ցուցմունքների վերաբերյալ պատգամավորն այսպես բացատրեց՝ «Նշանակում է ես խփել եմ ճիշտ նշանակետին»: Համոզված ենք: Խուսափելով Վ.Դալլաքյանի դատարանում հնչած ցուցմունքներն ու բազմաթիվ հարցազրույցները կրկնելուց, նշենք, որ պատգամավորը կատարվածի վերաբերյալ իր վարկածն ունի, որն, ի դեպ, պատրաստ է ներկայացնել «27»-ի գործից անջատված մասով քննություն վարող մարմնին, եթե իրեն այդ մասին հարցնեն: Բայց դեռ չեն հարցրել: «Ես պնդում եմ, որ «27»-ը պետական-քաղաքական հեղաշրջում կամ հեղաշրջման փորձ էր՝ կազմակերպված եւ ծրագրված: Իմ վարկածը հիմնված է գործի մանրամասն ուսումնասիրության, դահլիճում իմ ու Վռամ Գալստյանի խոսակցության, նաեւ՝ անցած երկու տարիներին ԶԼՄ-ների վերլուծությունների վրա»,- վստահեցրեց Վ.Դալլաքյանը: Նա հիշեցրեց իր եւ Վ.Գալստյանի խոսակցությունը, երբ վերջինս ասել էր, թե դրսում մարդիկ կան ու դեռ պետք է գան: «Մյուս կողմից՝ գործում եղած ցուցմունքներում կա, որ ակտից հետո Ն.Հունանյանն է զանգել եւ ասել՝ «Մենք ամեն ինչ արել ենք, Տիկո, զենքերը վերցրեք-եկեք: Ձեզ ենք սպասում»: Ավելին. հանցագործության տեղը, ժամը եւ զոհերը հանցագործների կողմից ընտրված են եղել: Ոճրագործները կարող էին ակտից հետո հանգիստ հեռանալ: Բայց պատվերը եղել է սա. մնացեք, մենք էլ հիմա գալիս ենք, նիստ ենք անելու, էս էլ՝ օրենքների փաթեթը, քեզ էլ վարչապետ ենք դնելու: Այսինքն՝ նրանց «կուտ են տվել» եւ օգտագործել, դարձրել են զոմբի»,- պնդեց պատգամավորը. թե ովքե՞ր՝ չկոնկրետացրեց: «Հունանյանն առայժմ կրակն իր վրա է վերցրել եւ դեռ ինչ-ինչ հույսեր ունի: Ինձ թվում է՝ կազմակերպիչների մասով նա, երեւի, նաեւ եղբայրը, ամեն ինչ գիտեն: Ն.Հունանյանը հայտարարում է, թե ինքը փրկել է ժողովրդին: Ես նրան միայն մի բան ասացի՝ ժողովրդին փրկողը պետք է գոնե տարրական գիտելիքներ ունենար, ոչ թե ԱԺ մտներ չափաջաղով: Ժողովրդին փրկելու երկու ճանապարհ կա. կամ նրան հարցնում են՝ քեզ ո՞նց փրկենք, ինչը պետք է անել հանրաքվեի, կամ Սահմանադրության երկրորդ կետով՝ ընտրությունների, միջոցով: Իսկ նա ոչ թե ժողովրդին փրկել, այլ գլխատել է նրա ազատորեն կատարած ընտրությամբ 99-ին ձեւավորված խորհրդարանը, բռնացել է ժողովրդի կամքի վրա՝ վերանայելով նրա ընտրության արդյունքը»,- ասաց Վ.Դալլաքյանը՝ նկատելով, թե Ն.Հունանյանին հունից հանել էր իր հատկապես այդ եւ առավելապես այն հայտարարությունը, թե միեւնույն է, ինքը եւ խմբի մյուս անդամները մահապատժի են ենթարկվելու: Մահապատժի կիրառման-չկիրառման մասին պատգամավորը շեշտեց. «27»-ի ահաբեկիչները բոլորը պետք է գնդակահարվեն՝ եթե դրա գինը լինի անգամ Կոնվենցիայի չվավերացումը: Մեր երկրի անվտանգությունն ու քաղաքացիների՝ ահաբեկիչներից պաշտպանված լինելու վստահությունն ավելին արժեն, քան Կոնվենցիայի վավերացումը: Հունանյանը պետք է հստակ իմանա, որ իրեն պետք է մահապատժի ենթարկեն, եւ դա պետք է ասի յուրաքանչյուր ցուցմունք տվող պատգամավոր: Ներսի եւ դրսի՝ հասարակության, դիրքորոշումը ոճրագործների նկատմամբ, անպայման կազդեն եւ կարող են որոշիչ լինել, որ Ն.Հունանյանը «երգի»,- վստահեցրեց Վ.Դալլաքյանը:- Դատարանում էլ, ի դեպ, իմ տպավորությամբ, հակվածություն կա պատժաչափ ընտրել մահապատիժը, եւ դա իրավացի կլինի»: Ասել է թե՝ պնդումը, որ ոճրագործները պետք է գնդակահարվեն, պետք է հետեւի յուրաքանչյուրի ցուցմունքին այնպես, ինչպես՝ «Կարթագենը պետք է կործանվի»: Ն.ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031