Լրահոս
Օրվա լրահոսը

ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ- ՍՏԵՓԱՆ ԴԵՄԻՐՃՅԱՆ

Մայիս 25,2002 00:00

ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ- ՍՏԵՓԱՆ ԴԵՄԻՐՃՅԱՆ Նախագահներ առաջադրում է ժամանակը Շատերին սպասում է հիասթափություն։ Այս հոդվածը չի հաստատելու ենթադրությունները, թե Լեւոն Տեր- Պետրոսյանն է Ստեփան Դեմիրճյանին ասպարեզ իջեցնում՝ իբրեւ նախագահության թեկնածու կամ Դեմիրճյանը Տեր-Պետրոսյանի համար ճանապարհ է հարթում դեպի իշխանություն։ Նման ենթադրությունները նույնիսկ անիմաստ է հերքել։ Ցանկացած մեկը, ով ենթադրելուց բացի ընդունակ է նաեւ տրամաբանելու, այդ մտածելակերպից՝ միայն կժպտա: Հասարակական դերակատարության առումով՝ Տեր-Պետրոսյանի եւ Դեմիրճյանի միջեւ օրինաչափ է ոչ թե համագործակցություն, այլ մրցակցություն։ Նույնիսկ՝ անկախ անձնական կամքից կամ փոխադարձ վերաբերմունքից: Եվ ահա ինչու: 1990-ից ի վեր Հայաստանի պատմությունը գրվում է մի գաղափարախոսության ծիրում, որն ընտրել է Լեւոն Տեր-Պետրոսյանը կամ գուցե պարտադրել են հանգամանքները. լիբերալիզմ: Ի դեպ, նախ՝ այդ բառախաղի մասին՝ լիբերալ-ժողովրդավարական արժեքներ: Ովքեր խոսում են լիբերալ-ժողովրդավարական արժեքներից, այլ կերպ ասած լիբերալիզմը նույնացնում են ժողովրդավարության հետ՝ նույն հարթության վրա դնելով կամ «շփոթելով» ռեժիմն ու գաղափարախոսությունը, ոչ այնքան դեմագոգիա են ի ցույց հանում, որքան տգիտություն: Ֆրանսիայում կամ Գերմանիայում, կարծես թե, տոտալիտար ռեժիմ չհաստատվեց նրանից, որ իշխանության եկան սոցիալիստները, ոչ էլ Արգենտինան կամ Վենեսուելան են դադարել ավտորիտար երկրներ լինելուց, ինչ է թե՝ այնտեղ իշխում են լիբերալները: Ընդհանրապես ռեժիմի եւ գաղափարախոսության մեջ նույնքան կապ կա, որքան անգլիական անեկդոտում՝ տեղացող անձրեւի, երկուշաբթի օրվա եւ հեծանվորդի տարիքի միջեւ: Այժմ՝ այդ ֆետիշացված լիբերալիզմը… Ի դեպ՝ ոչ այն ռակուրսով, թե հայաստանյան լիբերալները վատ գաղափարակիրներ կամ գործիչներ են, ա՛յ, եթե լինեին այլք… Պատրանք է այդպես մտածել: Եթե հասարակական կյանքում հաստատված է լիբերալիզմի մենիշխանություն, կուզի դրա կենսագործողը լինեն առաքյալներն ու հրեշտակները, դարձյալ ստացվելու է բարոյական անկում ու նյութական թշվառություն: Լիբերալիզմի կենսափիլիսոփայությունն է դրան տանում: Այս գաղափարախոսությունը ծնունդ առավ Անգլիայում 17-18-րդ դարերում՝ կոնսերվատիզմից 100-200 տարի հետո՝ լոկ այն պատճառով, որ ոմանք կյանքում ունեին հավակնություններ, բայց ոչ արժանիքներ: Նրանք անկարող էին ինչ-որ արժեք ներկայացնել կոնսերվատիզմի չափանիշներով եւ ցինիզմը դարձրին փրկօղակ: Ուղղակի հռչակեցին, որ կարիք չկա ջանալ առաքինությունների ու արժեքների կրող լինելու, մարդը (հետեւաբար եւ իրենք) արժեք են ինքնին: Իրենց ազատ հռչակելով կոնսերվատիզմի չափանիշներից, լիբերալիզմի հետեւորդները հիմք դրեցին արժեքների ապականության: Կոնֆուցիոսից առաջ էլ, հետո էլ մարդիկ գուցե ի վերուստ գիտեին. «Ազնվական մարդը մտածում է՝ ինչպես է արդար, ստորին մարդը մտածում է՝ ինչպես է շահավետ»: Իհարկե արդարության փոխարեն շահավետությամբ առաջնորդվողները մեծամասնություն են կազմել բոլոր ժամանակներում, ինչպես պատվիրաններ պահելու փոխարեն աղոթողները, բայց նրանք երբեւէ չէին կարծել, թե ճշմարիտն իրենք են: Լիբերալիզմը տվեց այդ ինքնահաստատումը: Դրա ջատագովները որեւէ բարդույթ չունեցան հռչակելու, թե յուրաքանչյուրը թող իր շահերով առաջնորդվի, դա ի վերջո բարիք կստեղծի: Դե, եթե ստորին մղումները խրախուսվեն, դարձվեն հասարակական կյանքի առանցք ու գործունեության ուղենիշ… արդյունքը նույնը չի՞ լինի՝ անկախ իրագործողից: Իհարկե արվեստագետից գործերը կգնվեն մի քանի գրոշով, ինչպես Մոդիլիանիի կտավները, գիտնականը ստիպված կլինի միջոցներ մուրալ գիտափորձի, հետո էլ գոյության համար՝ ինչպես Կյուրի ամուսինները, աշխատավորն իր մարմնի ուժը կամ հմտությունը կվաճառահանի ցանկացած գնով՝ ինչպես Ֆելինիի «Ճանապարհում»: Լիբերալիզմը արդարություն չի երաշխավորում, ահա թե ինչու է այն վաղ կամ ուշ անխուսափելիորեն հավասարակշռվում կոնսերվատիզմի կամ սոցիալիզմի գոյությամբ: Կոնսերվատիզմը հենվում է արժեքների ու ավանդույթների վրա, այդ թվում՝ արդարության: Սոցիալիզմը հասարակական ճնշումով է չափավորում անհատի շահամոլությունը: Հայաստանում լիբերալիզմի տասնամյա մենիշխանությունը օբյեկտիվորեն ձեւավորել է հասարակական պահանջ՝ արդարության հանդեպ: Լիբերալիզմին ընդդիմախոս գաղափարախոսության պահանջն ուղղակի թեւածում է շուրջբոլորը: Ինչ-որ տեղ էլ սա է Քոչարյանի ժողովրդականություն չվայելելու պատճառը: Սա է նաեւ բացատրությունը, թե ինչու առայժմ չկա հասարակական պահանջ Տեր-Պետրոսյանի վերադարձի: Չգիտեմ՝ 88-ի հեղաշրջման ալիքի վրա ասպարեզում հայտնված գործիչներից (բացառությամբ Տեր-Պետրոսյանի) քանիսն են լիբերալիզմը կոնսերվատիզմից կամ սոցիալիզմից տարբերում կամ իրենց գործունեության հիմքում ընդհանրապես որեւէ գաղափարախոսություն դնում: Բայց նրանք բոլորն էլ՝ համոզմունքներից ելնելով թե մոդային տուրք տալով, տեւական ժամանակ լիբերալի դեր են խաղարկել: Հետեւաբար, եթե նույնիսկ գիտակցեն, որ սոցիալական արդարության գաղափարն ավելի մեծ ընդունելություն կգտնի, դարձյալ չեն կարողանա գաղափարական ճամբար փոխել: Փոքրիշատե սկզբունքայիններին դա թույլ չի տա սեփական կենսագրությունը, պատեհապաշտներին՝ մտավոր ունակությունը՝ վերակողմնորոշում փաստարկելու: Այլեւս չասելով, որ շատերը նրանցից արդեն հոգնեցրել են կարդաբալետային իրենց դեմքերով, մտքերով ու էությամբ: Նրանցից որեւէ մեկը երբեւէ չի կարող այլընտրանք լինել Լեւոն Տեր-Պետրոսյանին: Հետեւորդ, նմանակող կամ հայհոյախոսող՝ գուցե: Կարծեմ Քոչարյանի դեպքը ասվածի լավագույն հաստատումն էր: Մինչդեռ այլընտրանքի պահանջը ակնբախ է: Կարեն Սերոբիչի ֆուրորն էլ 98-ին կամ 99-ին դրանով էր պայմանավորված: Նա լիբերալիզմից տարբեր գաղափարախոսության էր հարում, ավելին՝ սոցիալիզմի գաղափարախոսության վրա խարսխված քաղաքականություն վարելու վստահություն էր ներշնչում: Դա էր Կարեն Սերոբիչին բերում ընտրաձայներ: Ստեփան Դեմիրճյանը նույն այդ տարբերության ժառանգորդն է: Ահա թե ինչու կամա-ակամա հենց նա է օրինաչափորեն վերածվելու Տեր-Պետրոսյանի այլընտրանքի: Այդ պատճառով մրցակցությունից բացի որեւէ այլ հարաբերություն նրանց միջեւ տրամաբանական չէ: Այլ հարց, որ նման մրցակցությունը բարեբեր կլինի երկրի համար, որովհետեւ հեռանկարում կձեւավորի երկբեւեռ քաղաքական դաշտ: Մնում է, որ Ստեփան Դեմիրճյանի ծրագրերը խնդրո առարկա այլընտրանքը տեսանելի դարձնեն հասարակության համար: Ասենք. ինչ է ինստիտուցիոնալ առումով ուղղվելու կամ արվելու պետականաշինության մեջ, կադրային քաղաքականությունում, բանակում, գիտության մեջ կամ գյուղատնտեսությունում: Դրա ժամանակը կգա: Եվ տեսնենք՝ այն ժամանակ այսօրվա Դեմիրճյանին քննադատողները կամ չվստահողները հենց իրենք չե՞ն ընտրի Դեմիրճյանին՝ հանուն Հայաստանի եւ սեփական իսկ ապագայի: ԼՈՒՍԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել