Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆՈՒՆԸ ԿԱ, ԱՄԱՆՈՒՄԸ ՉԿԱ

Մայիս 25,2002 00:00

ԱՆՈՒՆԸ ԿԱ, ԱՄԱՆՈՒՄԸ ՉԿԱ ՀՀ պետական գույքի կառավարման նախարարության «Շահագործման տնտեսություն» ՓԲԸ-ն հայտարարություն էր տվել թերթերից մեկում (մայիսի 16-ին) «Հայաստանի կուրորտներ» հիմնադրամի շինարարական վարչության արտադրական բազան աճուրդի հանելու մասին։ Առաջինը, որ աչքի զարնեց, այն էր, որ բազայի հասցեն չկար, ինչն էլ առիթ դարձավ հայտարարությունը զննելու… «Աճուրդի անցկացման կարգով» սահմանված է հայտարարության ձեւը։ Այնտեղ պարտադիր է աճուրդի դրվող օբյեկտի մեկնարկային գինը, օբյեկտի գտնվելու տեղը եւ աճուրդի անցկացման ժամանակը։ Հասցեն ճշտելու համար զանգեցինք «Շահագործման տնտեսություն» ՓԲԸ, հայտարարության մեջ գրված հեռախոսահամարով՝ 52-24-71։ Վերջիններն ասացին, որ իրենք հասցեն չեն կարող ասել, չգիտեն եւ տվեցին 52-35-64 հեռախոսահամարը։ Պարզվեց՝ ՊԳԿՆ-ի «Անշարժ գույքի տնօրինման եւ օգտագործման» վարչության պետի։ Այստեղ էլ ծագեց հարց երկրորդը. ովքեր են աճուրդ կազմակերպում։ Վարչությո՞ւնը։ Բայց չէ՞ որ նա լիցենզիա չունի աճուրդ անցկացնելու համար։ Նորից ընթերցենք հայտարարությունը։ «Շահագործման տնտեսություն» ՓԲԸ-ն հրավիրում է աճուրդի։ Այդ երբվանի՞ց են փակ բաժնետիրական ընկերությունը կամ ընկերությունները աճուրդի հրավիրում, իսկ աճուրդի կենտրոններն ինչո՞վ պիտի զբաղվեն՝ լիցենզիա ունենալով (Աճուրդի կենտրոնների կողմից անցկացված աճուրդի գումարից է պետբյուջե գումար մտնում)։ Ըստ այդ աճուրդի, մասնակցության վճարի գինը 1000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամն է։ Հասկանալի է, նման գումար սահմանելը մի նպատակ ունի. կանխել հնարավոր հայտերը։ Այս օբյեկտը, որն ունի վարչական շենք, փայտամշակման արհեստանոց, մեխանիկական արտադրամաս, պահեստներ, նաեւ ավտոտնակ, սղոցարան, ենթակայան, ջրավազան, կիսակառույց պահակատուն եւ կաթսայատուն, գնահատվել է 20 հազար ԱՄՆ դոլար։ Բնակարանի գին։ Ջրի գին։ Եվ սակայն սա էլ էական չէ, այլ այն, որ երբ հայտարարություն է տպագրվում, իրավական հիմքերը գոնե ապահովագրված լինեն։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել