Լրահոս
Օրվա լրահոսը

ՋՈՒՐԸ ՉՏԵՍԱԾ՝ ԲՈԲԻԿԱՑԵԼ ԷՐ

Մայիս 25,2002 00:00

ՋՈՒՐԸ ՉՏԵՍԱԾ՝ ԲՈԲԻԿԱՑԵԼ ԷՐ Բոլո՞ր երազանքներն են իրականանում Հովհաննես Երիցյանի եւ հայկական ավիացիայի «լավը չուզողների» կողմից «Առավոտին» տրամադրած տեղեկության համաձայն՝ մայիսի 25-ից՝ բառացիորեն այսօր, պետք է դադարեցվի Երեւան-Ֆրանկֆուրտ-Երեւան չվերթը։ Դա, ինչպես մենք արդեն կանխատեսել էինք, պայմանավորված է ՀԱՈՒ-ի նոր «ձեռքբերմամբ» (որակավորումը պատկանում է ՔԱԳՎ պետ Հովհաննես Երիցյանին)՝ Երեւան-Լոս Անջելես-Երեւան նոր չվերթի բացմամբ։ Հիշեցնեմ, որ ՔԱԳՎ պետի նախապես արած հայտարարության համաձայն, նոր չվերթի բացումը պետք է լինի մայիսի 29-ին։ Երիցյանի՝ հանրային հեռուստատեսությամբ ցուցադրած՝ «այ սենց պառկած» (ոտքը ոտքին գցած եւ աջ ձեռքը գլխի տակ դրած- Ն. Գ.) Երեւանից Լոս Անջելես թռչելու հեռանկարից խելքները կորցրած որոշ ուղեւորների թախանձագին խնդրանքով՝ «Առավոտը» ստանձնեց չվերթի հետ կապված մանրամասներ ճշտելու սրբազան գործը։ Մեր ունեցած տեղեկությունը, որ չվերթի հետ կապված պայմանագիրը դեռ չի ստորագրվել՝ հաստատվեց։ Ի դեպ, ինչ-ինչ պատճառներով դրան դեմ է ՀԱՈՒ-ի ղեկավարությունը։ Իսկ թե հատկապես ի՞նչ պատճառով՝ առայժմ չհաջողվեց ճշտել, քանզի վերը նշված գերատեսչության պատասխանատու անձինք խուսափեցին մեկնաբանություններից։ Ուստի մեզ թույլ ենք տալիս հավաստի համարել այն տեսակետը, իբր այդ պայմանագրով ՀԱՈՒ-ն վաճառում է իր դրոշը։ Ինչն, իր հերթին, ըստ ավիացիոն կանոնների, հանգեցնում է ՀԱՈՒ-ի լուծարմանը։ Այդ համատեքստում պայմանագիրը «ձեռքբերում» է միայն ՔԱԳՎ ղեկավար Հովհաննես Երիցյանի համար։ Այդ «ձեռքբերման» արդյունքում, որոշ մեկնաբանների կարծիքով, նա մի կլորիկ (ստույգ չափը միայն Աստված եւ Երիցյանը կիմանան) գումար կդնի գրպանը եւ չի բացառվում, որ հենց «այ սենց պառկած» մի օր Երեւան-Լոս Անջելես-Երեւան չվերթով կլքի իր այդքան հարազատ Հայաստան երկիրը։ Քանզի, ի տարբերություն «Զվարթնոց» օդանավակայանի, ՀԱՈՒ-ի ճակատագիրն առայժմ պարզ չէ՝ տոմս վաճառող ավիագործակալություններում եւս, բնականաբար, չվերթի մասին տեղեկություններ չկան։ Երեւան-Ֆրանկֆուրտ-Երեւան չվերթը, ամենայն հավանականությամբ, առայժմ կգործի. համենայնդեպս, երեկվա դրությամբ գործակալությունները հունիս ամսվա կտրվածքով շարունակում էին չվերթի մասին տեղեկություն տրամադրել։ Հետագայի մասին մեր դիմած շուրջ 10 ավիագործակալություններից որեւէ մեկը երաշխիք չտվեց։ Մինչդեռ, լուրջ ավիաընկերությունը մանավանդ իր գործակալների համար կանխատեսելի է առնվազն կես տարվա «հեռավորությամբ»։ Պարոն Երիցյանը ոգեւորության պահին հավանաբար չէր պատկերացրել, որ աղմուկն այդքան մեծ կլինի եւ ՀԱՈՒ-ի ղեկավարությունն էլ անհնազանդ կգտնվի։ Ուստի երեւակայության բացառիկ դրսեւորումներով շտապեց օր առաջ աչքալուսանք տալ հարազատ ժողովրդին՝ հերթական անկման առիթով։ Մինչդեռ այժմ ստիպված է աշխատավորի իր ձեռքերով եւ սեփական քրտինքով՝ սեփական լեզվով սեփական բոստանը նետած քարից ազատվել։ Ու մինչ Երիցյանը տքնաջան «աշխատում» է ՀԱՈՒ-ի ղեկավարներին հնազանդության բերել՝ ժողովուրդը ստիպված պետք է երթեւեկի Փարիզի եւ Ֆրանկֆուրտի չվերթներով՝ կարոտ «այ սենց պառկած» երթեւեկելու բարձրագույն հաճույքին։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել