Լրահոս
Օրվա լրահոսը

Թեկուզ հոմոսեքսուալիստ լինի

Մայիս 28,2002 00:00

Թեկուզ հոմոսեքսուալիստ լինի Լիբերալ գերմանացիները դեմ չեն, որ իրենց երկիրը նույնիսկ հոմոսեքսուալիստ ղեկավարի կամ՝ ռուս, թուրք։ Եվ ընտրությունների ժամանակ մամուլում չի քննարկվում այս կամ այլ պաշտոնի հավակնողի սեռական կողմնորոշումը կամ ազգությունը։ Այս մասին երեկ հավաստիացրեց Ֆրիդրիխ Նաումանի անվան հիմնադրամի՝ Ռումինիայի, Բուլղարիայի եւ Հարավային Կովկասի ծրագրերի համակարգող Վոլֆգանգ Յոնը, ըստ որի, Գերմանիայի համար կարեւոր չէ, թե ինչ արյուն է հոսում մարդու երակներով, այլ՝ որ նա ապրի իրենց երկրի սահմանադրության պահանջներով եւ ընտրված լինի արդար ու ազատ ընտրություններով։ Մամուլի դեպքում եւս լիբերալիզմը կարեւոր սկզբունք է, ինչին եւ նվիրված էր «Լրատվամիջոցները եւ քաղաքականությունը Գերմանիայում» միջազգային սեմինարը, որ կազմակերպել էին Ֆրիդրիխ Նաումանի անվան հիմնադրամը եւ Երեւանի մամուլի ակումբը։ «Ազատությունն է մեզ համար ամենակարեւոր գաղափարը»,- ասաց լիբերալ գաղափարներ դավանող կազմակերպության՝ Ֆ. Նաումանի անվան հիմնադրամի ներկայացուցիչը։ Նկատելով, որ իրենք Հայաստանը այնքան լավ չգիտեն, որ լուծումներ առաջարկեն՝ Վ. Յոնը առաջարկեց ներկայացնել, թե ինչպես են իրենք լուծում մամուլին առնչվող հարցերը Գերմանիայում։ Գերմանիայում եւս սեփական կարծիքը արտահայտելու եւ տարածելու, ինչպես նաեւ տեղեկություններ ստանալու իրավունքը երաշխավորված է օրենքով։ Սեմինարի հիմնական զեկուցողի՝ Ազատ ժողովրդավարական կուսակցության (FDP) Բեռլինի խոսնակ Ռոլֆ Շթելթեմայերի ներկայացմամբ, մամուլը Գերմանիայում ազատ է եւ կայացած, ունի շատ լայն իրավունքներ, որոնք սահմանափակված են միայն որոշ դեպքերում, որոշ օրենքներով։ Ասենք՝ արգելվում է բռնություն քարոզել, անձը վիրավորող արտահայտություններ անել, պետական գաղտնիք հրապարակել։ Սակայն պարոն Շթելթեմայերը նկատեց, որ պաշտոնյան չի կարող իր համար ոչ ցանկալի տեղեկությունները տրամադրելուց հրաժարվել՝ ասելով, թե պետական գաղտնիք են։ Շատ լուրջ հիմնավորումներ են պետք դրա համար եւ հիմնականում պաշտոնյաները պարտավոր են տեղեկություններ տրամադրել։ Լրագրողը կարող է չբացահայտել իր ինֆորմացիայի աղբյուրը, կարող է հրաժարվել վկայություն տալուց։ Գերմանիայում մամուլը նաեւ հենց ինքն է հետեւում իրեն՝ ի դեմս Մամուլի խորհրդի, որն ունի մասնագիտական հստակ կանոններ եւ հետեւում է, որ ԶԼՄ-ները չխախտեն դրանք։ Հիմնական կանոնն է՝ տալ ճշմարիտ եւ օբյեկտիվ տեղեկություններ։ Գերմանացի հյուրերի հավաստմամբ՝ այդ խորհրդում ընդգրկված են գրեթե բոլոր ԶԼՄ-ների եւ լրագրողական կազմակերպությունների ներկայացուցիչները եւ այդ խորհրդի տված լրագրողի վկայականը բացում է լրագրողի առջեւ բոլոր, այդ թվում՝ փակ, դռները։ Մամուլի հրապարակումները կարող են վիճարկվել դատարանում եւ վիրավորված կողմը կարող է պահանջել հերքում հրապարակել կամ վնասի փոխհատուցում։ Երեւանի մամուլի ակումբի փորձագետ Մեսրոպ Հարությունյանը հետաքրքրվեց՝ հնարավո՞ր է, որ Գերմանիայի հանրային հեռուստատեսությունը միայն գովերգի իշխանություններին եւ փնովի ընդդիմությանը։ Պարոն Շթելթեմայերը դժվարությամբ պատկերացնելով, թե ինչպես կարող է դա պատահել (իրոք որ Հայաստանի իրականությանը ծանոթ չէին), վստահորեն ասաց, որ նման բան հնարավոր չէ, իսկ նախընտրական շրջանում բոլոր հեռուստաընկերությունները օբյեկտիվորեն լուսաբանում են բոլոր քաղաքական ուժերի ելույթները, իսկ հանրայինը պարտավոր է նրանց որոշակի եթերային ժամանակ տրամադրել։ Ն. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել