Լրահոս
Օրվա լրահոսը

Շարքայինները ձայն չեն տա

Օգոստոս 13,2002 00:00

Շարքայինները ձայն չեն տա Սեպտեմբերի 25-ին կլրանա «Առագաստ» սրճարանում նախագահի թիկնապահների կողմից սպանված Վրաստանի քաղաքացի Պողոս Պողոսյանի մահվան մեկ տարին։ Հանգուցյալի եղբայրը՝ Անդրանիկ Պողոսյանը Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի վճիռը վերանայելու պահանջով դիմել է ե՛ւ վերաքննիչ դատարան, ե՛ւ ՀՀ գլխավոր դատախազ Արամ Թամազյանին։ Բոլոր տեղերից ստացվել է մերժողական պատասխան։ Վերջին դեպքում ոչ միայն մերժողական, այլեւ՝ խիստ զավեշտալի։ Անդրանիկ Պողոսյանը գլխավոր դատախազին ուղղած իր դիմումում, շարադրելով քրգործի եւ մեղադրանքի մանրամասները, հայտնել է, որ դատավճիռը պետք է բողոքարկվի։ ՀՀ գլխավոր դատախազության դատարաններում Քրգործով մեղադրանքի պաշտպանության վարչության դատախազ Վ. Աղամիրյանը՝ պատասխանելով դիմումին նշում է, թե դատավճիռը «օրինական է ու հիմնավորված», իսկ «ինչ վերաբերում է Պ. Պողոսյանի բջջային հեռախոսը վերադարձնելու խնդրանքին, ապա այդ հարցով դիմեք առաջին ատյանի դատարան»։ Իրականում՝ Անդրանիկ Պողոսյանի դիմումի մեջ նման խնդրանք չկա, ընդհակառակը՝ նշված է, թե ինչ պայմաններում են վերադարձրել հանգուցյալ եղբոր բջջային հեռախոսը։ Մեզ հետ զրույցում պրն Պողոսյանն ասաց, որ ինքը մտադիր էր բաց նամակ ուղղել հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանին, որպեսզի վերջինս հրահանգի վերանայել իր եղբոր սպանության գործը։ Սակայն հարազատները թույլ չեն տվել, արգելելով «խեղճանալ նախագահի առաջ»։ ՀՅԴ անդամը վստահ է, որ իր եղբոր հետ կատարվածից՝ եւ անարդար, եւ ոչ օրինական դատավճռից հետո շարքային որեւէ դաշնակցական առաջիկա նախագահական ընտրություններում չի պաշտպանի Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը։ Անդրանիկ Պողոսյանը պատրաստ է դիմել նաեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, սակայն ֆինանսական հնարավորություններ չունի։ Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել