Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԻՄ-ականներն ընդդեմ անձի պաշտամունքի

Օգոստոս 13,2002 00:00

ԱԻՄ-ականներն ընդդեմ անձի պաշտամունքի Եվ առանց Հայրիկյանի «Մարզային կազմակերպության գործունեության մասին, ցավոք, դրական շատ քիչ բան կա ասելու։ Չունենք այն, ինչ անհրաժեշտ է, եւ ունենք այն, ինչ չպետք է ունենայինք։ ԱԻՄ-ականների մոտ առաջացած խոր հիասթափության պատճառով վտանգված է կուսակցության ներկան եւ ընդհանրապես գործունեությունը»,- նշվել է 11.05.2002թ. Ինքնորոշում միավորման Լոռու մարզային կազմակերպության ժողովում, որի մասին մամուլին հայտնի չէր այնքան ժամանակ, քանի դեռ Ինքնորոշում միավորման Լոռու մարզային կառույցը չէր որոշել հրաժարվել միության նախագահ Պարույր Հայրիկյանի հետ… համագործակցելուց։ Այդ մասին օգոստոսի 9-ին պաշտոնապես հայտարարվեց ԻՄ Լոռու ՄԿ կազմակերպած քննարկման ժամանակ, որին ներկա էին նաեւ հիասթափված այլ ԱԻՄ-ականներ՝ ՀՀ տարբեր մարզերից։ «Ես շատ ուրախ եմ, որ այս նախաձեռնությունը եկավ Լոռու մարզից»,- հակահայրիկյանական ակցիան ողջունեց միության նախկին նախագահ Ներսես Զեյնալվանդյանը, որն իր ելույթում գրեթե մոտեցավ բուն Հայրիկյանի թեմային, թեպետ չհամարձակվեց անունը տալ։ Նա նույնիսկ նշեց, թե «խնդիր չենք դրել մերժել լիդերին», սակայն դժգոհեց, որ վերջերս ԱԻՄ-ականները հաճախ են կասեցնում իրենց գործունեությունը, ինչը մտորելու տեղիք է տալիս կուսակցության ներսում ստեղծված մթնոլորտի մասին։ Երբ Ն. Զեյնալվանդյանը նշեց, թե «մենք կարոտ էինք շինարարական զրնգոցին» ու սկսեց համոզել, թե մայրաքաղաքում բուռն շինարարական գործընթաց է, ոմանք սկսեցին ակնարկներ անել, թե հակահայրիկյանական ակցիան «վերեւից» է հրահրված, քանի որ Պ. Հայրիկյանը վերջերս ընդգծված ընդդիմադիր կեցվածք էր ընդունել իշխանությունների հանդեպ։ Իմ այն հարցին, թե անձի պաշտամունքը միայն ԱԻՄ-ի ներսո՞ւմ է, իշխանությունների ներսում չկա՞ անձի պաշտամունք, եւ արդյո՞ք այս պահին ավելի կարեւոր է ԱԻՄ-ի համար անձի պաշտամունքի չեզոքացումը կուսակցության ներսում, քան թե իշխանության համակարգում, Ն. Զեյնալվանդյանը պատասխանեց, որ եթե կուսակցությունները անձի պաշտամունքով են տառապում, բնականաբար, իշխանություններն էլ կլինեն այդ հիվանդությամբ տառապելիս, եւ դրա դեմ պետք է ամբողջ հասարակությունը պայքարի։ Այդուհանդերձ, Ինքնորոշում միավորման Լոռու մարզային կառույցը, որի «բուն կորիզը» 14 տարի առաջ ստեղծված «Նժդեհ» ԱԻՄ-ն է, իրեն տեսնում է քաղաքականության մեջ, չնայած դեռ պարզ չէ, թե կառույցն այսուհետ ինչ անվամբ է հանդես գալու։ Իմիջիայլոց, ԱԻՄ-ականների մի մասը, բնույթով եւ ուղղվածությամբ երկրապահ լինելով, արդեն 2 տարուց ավելի է, առանց որեւէ հայտարարության՝ անդամագրվել է ԵԿՄ-ին։ Իսկ ԻՄ Լոռու ՄԿ-ի նախագահ Գագիկ Մարիկյանի հետ զրույցում պարզեցինք, որ Հայրիկյանին հատկապես կողմ են 3 կանայք, որոնք չեն ուզում ԱԻՄ-ը ընդունել՝ առանց Հայրիկյանի։ ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ Վանաձոր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել