Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՏԱՄԱՏՉԵԼԻՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ

Օգոստոս 13,2002 00:00

ԴԱՏԱՄԱՏՉԵԼԻՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ Ամուսինը եւ Սահմանադրությունը նույն կշիռն ունեն Դատաիրավական թեմաներով հերթական սեմինարն անցկացվեց Սեւանում։ Սեմինարին առաջին անգամ մասնակցեցին ինչպես մարզերից հրավիրված լրագրողները (մասնավորապես՝ Գյումրիից, Վանաձորից, Չարենցավանից, Ալավերդիից), այնպես էլ առաջին ատյանի դատարանի դատավորները։ «Դատական լրատվությունը Լոռու մարզում» եւ «Դատարանը Գյումրիի ԶԼՄ-ների լուսաբանումներում» թեմաներով հանդես եկան լրագրող Գայանե Հովսեփյանն ու «Ասպարեզ» հասարակական կազմակերպության խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը։ Վերջինիս խոսքն ուղեկցվեց հանրային կարծիքի ուսումնասիրությունների արդյունքների հրապարակմամբ (այն անցկացվել էր Գյումրիում, մասնակցել էր 400-600 հարցվող)։ Եթե 2002թ. փետրվարին կաշառակերությանը «նվիրված» հարցադրման արդյունքում 70,5% «կաշառակեր համակարգ էին» ճանաչվել դատարանները, ապա 2002թ. հունիսին «առանց շաբլոնի» «Ըստ ձեզ, ո՞ր համակարգում է կաշառակերությունը մեծ չափերի հասել» հարցին գյումրեցիները «դատականին» բաժին էին հանել 6,5%-ը։ Փոխարենն «առաջ էր քաշվել» կրթական համակարգը, որտեղ կաշառակերությունը, 15,0%-ի կարծիքով, մեծ չափերի է հասել։ «Ո՞վ կարող է պաշտպանել ձեր իրավունքները» հարցին (2 ամսում) 400 հարցվածներից 69,7%-ը գտել էր, որ «ինքն անձամբ» կարող է պաշտպանել։ Պետության վրա իրենց հույսն էին դրել հարցվածների 15,7%-ը, ամուսնու եւ սահմանադրության վրա՝ 1,5%-ը։ Ամուսինն ու սահմանադրությունը նույնացվել էին եւ սա պատահել էր Գյումրիում։ Ի դեպ, այս հարցի հետ կապված, հարցվածները իրենց «իրավապաշտպան» էին դիտել Աստծուն (0,2%) եւ «մեր երեխաներին» (0,2%)։ Իրավապաշտպաններն առհասարակ ավելի բարձր վարկանիշ ունեին (0,7%), քան հանրապետության նախագահը (0,5%)։ Շարունակելով կաշառակերության թեման, Լ. Բարսեղյանը հրապարակեց նաեւ 2002թ. փետրվարի արդյունքները։ Որ ԱԺ-ն կոռումպացված է, գտնում էին հարցվածների 45,5%-ը, դատախազությունն ու դատարանները համերաշխորեն կիսել էին պատվավոր 1-ին եւ 2-րդ տեղերը։ Կաշառակերությունն համապատասխանաբար 70,5 եւ 56,5% էր կազմել։ Այս ֆոնի վրա պատկերացնել է պետք մարզային լրագրողի, տվյալ դեպքում դատաիրավական թեմաները լուսաբանողի առջեւ ծագած մասնագիտական դժվարությունները։ «Մեր իմացած ժուռնալիստիկան 15 եւ ածանցյալ էլի մի 10 ժանրերից Գյումրիում դատական լուսաբանումների մասով ակտիվ գործածության մեջ են ընդամենը երկուսը՝ լուրը եւ ռեպորտաժը, առավելագույնը 3 րոպե տեւողությամբ։ Գյումրիում մասնավոր ԶԼՄ-ները 10-ամյա գոյության ընթացքում դատական լուսաբանումների մասով պարզունակ փաստի ժուռնալիստիկայից առաջ չեն անցել», սեմինարի ժամանակ չթաքցրեց «Ասպարեզի» պատասխանատուն։ Առհասարակ, սեմինարում հնչեցին մարզերում դատական լրատվության զարգացման հեռանկարների մասին։ «Ի՞նչ պիտի սպասել այն գյումրեցի ժուռնալիստից, որն աշխատում է ամսական 10-15 հազար դրամ աշխատավարձով եւ բարեխիղճ աշխատանքի համար կարող է պարգեւատրվել միայն Նոբելյան մրցանակակիր դառնալու հաջորդ տարին, բացի այդ, աշխատավարձ է ստանում 2-8 ամիս ուշացումով, ընդվզելու դեպքում գործազրկության պայծառ հեռանկար ունի։ Ի՞նչ եք կարծում, ինչպիսի մանրակրկիտությամբ, ուշադրությամբ ու պրոֆեսիոնալությամբ կարող է այդ ժուռնալիստը լուսաբանել դատաքննությունները, նախաքննությունը, ամբողջական դատավարությունը։ Ի դեպ, վերջինս իրավունք չունի ոչ մրցակից ԶԼՄ-ի թղթակցել։ Կարող է անգործ մնալ, եթե իր կարծիքը չի համապատասխանում խազեինի կարծիքին». գրեթե բոլոր լրագրողների մտահոգությունն էր սա։ Սեմինարի նախաձեռնողն էր «Ֆեմիդա» հասարակական կազմակերպությունը։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել