Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանության նախընտրած բիզնեսավայրը

Օգոստոս 14,2002 00:00

Իշխանության նախընտրած բիզնեսավայրը Հայաստանի ԲԷՑ-երի միակ գնորդը դարձյալ կասկածելի օֆշորային գոտուց է Օգոստոսի 7-ին հայտնի է դարձել Հայաստանի ԲԷՑ-երը գնել ցանկացող միակ հավակնորդի անունը։ Այն «Չեյնայլն» օֆշորային գոտում գրանցված «Միդլենդ ռիսոուրս հոլդինգ» ընկերությունն է։ Փորձը ցույց է տալիս, որ օֆշորային «օրենքից դուրս» գտնվող գոտիներում հիմնականում գրանցվում են կասկածելի ծագում ունեցող, անօրինականորեն կուտակած փողերը «լվացող», հաճախ ֆինանսատնտեսական որեւէ մեքենայության նպատակով ժամանակավորապես ստեղծված ընկերությունները։ 1997-ին Հայաստանի կապի համակարգի վաճառքի երկփուլ գործընթացը նույնպես սկսվել էր օֆշորային գոտում գրանցված TWT («Թի դաբլյու թի») ընկերությանը կապի համակարգի բաժնեթղթերի 49%-ը ընդամենը 14 մլն ԱՄՆ դոլարով վաճառելու գործարքով։ Այնուհետեւ «Թի դաբլյու թին» 80 մլն ԱՄՆ դոլարով վերավաճառելով իրեն պատկանող բաժնեթղթերը, հաջողությամբ դուրս է թռել խաղից, իսկ հունական OTE-ն էլ դարձավ մեր կապի համակարգի բաժնեթղթերի 90%-ի սեփականատերը։ «Միդլենդ ռիսոուրս հոլդինգի» հայթայթման միջնորդը ագրոբիզնեսմեն, Լուսակերտի թռչնաբուծական ֆաբրիկայի սեփականատեր, ԱԺ պատգամավոր, ԲԷՑ-երի վաճառքի 21 անձանցից բաղկացած կառավարական հանձնաժողովի անդամ Հարություն Փամբուկյանն է, որը մինչ այս գործարքը օֆշորային գոտու ներկայացուցիչ «Միդլենդ ռիսոուրս հոլդինգ» ընկերությանը հրավիրել էր Հայաստան՝ բախտը փորձելու ագրոբիզնեսի ոլորտում (մինչ այդ «Միդլենդը» հաջողացրել էր դառնալ «Զապորոժստալի» բաժնետերերից մեկը)։ Պարոն Փամբուկյանը «Միդլենդ ռիսոուրս հոլդինգի» հետ կիսել է «Մաքսֆրուտ» ընկերության բաժնեթղթերը։ «Հոլդինգը» մեր երկրում գնել է 12 հազար հեկտար վարելահող, որտեղ մտադիր է մշակել հացահատիկային մշակաբույսեր։ Այս բնագավառում «Հոլդինգը», համաձայն «Ազատություն» ռադիոկայանին տված Փամբուկյանի հարցազրույցի, 5 տարվա ընթացքում պետք է ներդնի 40 մլն դոլար։ Եվ ահա, ընդամենը 120 մլն դոլար սեփական կապիտալ եւ տարեկան 100 մլն դոլարի շրջանառություն ունեցող, այս՝ մասնագիտացում չունեցող ընկերությունը ցանկանում է տեր դառնալ Հայաստանի ԲԷՑ-երի բաժնետոմսերի 80,1 տոկոսին (որոշ տեղեկություններով՝ 40 մլն ԱՄՆ դոլարով)։ Ըստ միջնորդ Փամբուկյանի հավաստման, «Հոլդինգը»՝ տեր դառնալով Հայաստանի ԲԷՑ-երին, այստեղ էլ առաջիկա 5 տարիներին 50-125 մլն ԱՄՆ դոլարի ներդրումներ է կատարելու։ Իրեն հարգող ոչ մի պետություն գործ չի ունենում օֆշորային գոտիներում գրանցված «ընկերությունների» հետ։ Իսկ երկրի ղեկավարությունը բաշխիչ ցանցերի ողջ ճակատագիրը, չի բացառվում, որ հանձնի նման գոտում գրանցված, ընդամենը 100 մլն դոլար տարեկան շրջանառություն ունեցող ընկերությանը։ Եվ դա այն դեպքում, երբ արեւմուտքի հանրահայտ, բազմամիլիարդ սեփական կապիտալ եւ նույնքան տարեկան շրջանառություն ունեցող ընկերությունները՝ տեր դառնալով իրենց իսկ երկրների էներգետիկ օբյեկտներին, ոլորտում առաջ են բերել ճգնաժամային երեւույթներ։ Իսկ Հայաստանի իշխանությունները հանգամանքների բերումով նույնիսկ մեղմացրել են վաճառքի պայմանները։ Հիշեցնենք, որ նախորդ երկու մրցույթների պահանջներով ԲԷՑ-երի սեփականատերը պետք է հանդիսանար էներգետիկ ոլորտում մասնագիտացած հանրահայտ ընկերություն՝ նվազագույնը տարեկան 250 մլն դոլարի շրջանառությամբ։ Հաղթող ընկերությանը պետք է տրամադրվեր ԲԷՑ-երի բաժնետոմսերի 51 եւ ոչ թե 80,1 տոկոսը (նախկին պայմաններով ԲԷՑ-երի բաժնետոմսերի 20%-ը բաժին էր հասնելու Եվրոբանկին, 29%-ը մնալու էր ՀՀ կառավարությանը)։ Ինչպես տեսնում ենք, ճիշտ եւ ճիշտ «ԱրմենՏելի» օրինակով օտարվում են նաեւ ԲԷՑ-երը, եւ մեր երկրի համար այս գործարքը թերեւս ավելի ծանր հետեւանքներ է ունենալու, քան կապի համակարգի երկփուլ վաճառքն ու նրանում OTE-ի մենաշնորհի հաստատումը։ ՎԱՂԻՆԱԿ ՏԵՐՏԵՐՅԱՆ Երեկ տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ, որը քննարկել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի մասնավորեցման խնդիրը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031