Լրահոս
Օրվա լրահոսը

Քննական թեժ ամառը ավարտվում է

Օգոստոս 14,2002 00:00

Քննական թեժ ամառը ավարտվում է Վերջնագծին է մոտենում բուհական ընդունելության քննությունների մարաթոնը։ Ամենալարված շրջանը թերեւս հենց սա է, երբ ամենքը ցանկանում են իմանալ անցնող միավորները, եւ ավելի է թեժանում մեկ միավորի համար մղվող պայքարը։ Հանրապետական ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Սասուն Մելիքյանը «Առավոտին» տված հարցազրույցում որոշ պարզաբանումներ ներկայացրեց մեր թերթի ստացած բողոք-նամակների մի խումբ հարցերի, նաեւ հնարավորինս ամփոփիչ տեղեկատվություն հաղորդեց օգոստոսի 13-ի դրությամբ։ Պրն Մելիքյանի ներկայացմամբ, 134 մեդալակիրներից 19 եւ 20 միավոր են ստացել 87-ը, 47-ը ստացել է 18 եւ ավելի ցածր միավոր, մեկ մեդալակիր ետ է վերցրել գործերը։ Նախքան ընդունելության քննությունների սկիզբը հայտնի էր, որ 49 մեդալակիր դիմել էր ԵՊՀ տնտեսագիտական մասնագիտությունների գծով, այսօր արդեն կարելի է ասել, որ 48 մեդալակիր ընդունվել է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետ, 21 մեդալակիր էլ ընդունվել է տնտեսագիտական ինստիտուտ։ Ընդհանուր հիմունքներով դիմորդների համար կքննարկվեն նոր հնարավորություններ. «Որպեսզի մյուս դիմորդների համար էլ քիչ թե շատ նորմալ պայմաններ ստեղծվեն, հնարավոր է, որ ընդունող հանձնաժողովը դիտարկի լրացուցիչ տեղեր հատկացնելու հարցը։ Հնարավոր է, որ մրցույթի ավարտին առաջանան թափուր տեղեր»։ Ըստ պատասխանատու քարտուղարի, մրցույթը բարձրանում է ասենք իրավաբանականում եւ անգլերեն լեզվի բաժնում, որովհետեւ պետպատվերի տեղերն են քիչ։ Անգլերեն լեզվի մասնագիտացմամբ ինը պետպատվերի տեղ կա, որից մեկը արդեն զբաղեցրել է ճապոներեն լեզվի միջազգային մրցույթի մի հաղթող։ Ընդհանրապես, այս տարի կենտրոնացված մրցույթով կա միջազգային մրցույթի 4 հաղթող, 2-ը՝ ԵՊՀ-ի ֆիզիկայի բաժին, մեկը՝ ռուսաց լեզու, մեկը՝ օտար լեզուներ։ Եվ կան բազմաթիվ միջազգային մրցույթի հաղթողներ կոնսերվատորիայի համար, սպորտի գծով՝ մոտ 5-6 հոգի։ Ամենաշատ բարձր միավորը դիմորդները ստացել են հայոց լեզու-1-ից՝ 445 դիմորդ ստացել է 20 միավոր, 509 դիմորդ՝ 19։ Հաջորդ տեղում հայոց լեզու-2-ն է՝ 379՝ 20 միավոր, 543՝ 19 միավոր։ Հաջորդ տեղում անգլերեն լեզուն է՝ 308 հոգի ստացել է 20 միավոր, 517-ը՝ 19 միավոր։ Այլ տարիների հետ համեմատած, բավականին ցածր միավորներ են գրանցվել մաթեմատիկա առարկայից։ Խմբագրությունը բազմաթիվ բողոք-նամակներ է ստացել հատկապես մաթեմատիկայի առարկայական հանձնաժողովի վերաբերյալ։ Այս մասին պրն Մելիքյանն ասաց. «Առաջին օրերին բավական մեծ էր բողոքների թիվը։ Բողոքարկման համար օրական 70-80 դիմում էր լինում։ Հանձնաժողովի առաջարկած տարբերակները այս տարի անսովոր էին, չնայած որեւէ խախտում չի եղել, քանի որ ընտրությունը կատարվել է դպրոցական ծրագրի շրջանակում։ Ընդամենը անսովոր էր դասուսույցների համար, քանի որ ընտրվել էին այնպիսի խնդիրներ, որոնք սովորաբար չէին ընտրվում. տրամաբանություն ստուգող, 5-6-րդ դասարանների դասագրքերից։ Ես ողջունում եմ այս ձեւը»։ Մաթեմատիկայի հանձնաժողովից ոչ միայն բողոքներ են եղել, այլեւ ՊՆ մի խումբ աշխատակիցներ «այցելել» են հանձնաժողով, իրենց մի գործընկերոջ երեխայի ցածր գնահատականի պատճառով։ Այս միջադեպը հիշեցնելով, խնդրեցինք Սասուն Մելիքյանին որոշ մանրամասներ հաղորդել։ Ասվեց միայն, որ երեխայի հայրը՝ կոչումով կապիտան, բորբոքված էր, բայց հանձնաժողովի բացատրությունից հետո ընդունել է, որ երեխան ճիշտ է գնահատված եւ միջադեպը շարունակություն չի ունեցել։ Մինչ այժմ բողոքարկման է ներկայացվել մոտ 300 աշխատանք տարբեր մասնագիտությունների գծով, թեպետ հիմնական առարկաները շարունակում են մնալ մաթեմատիկան, հայոց լեզուն, անգլերենը, հայոց պատմությունը (համեմատաբար քիչ), մյուսները՝ հատուկենտ. «Մոտ 300 դիմումից փոփոխվել է մաքսիմում 25-30 գնահատական, եղել է մեկ իջեցում ֆիզիկայից, բարձրացումները՝ հիմնականում 1 միավոր։ Բանավոր քննությունը բողոքարկվում է տեղում, լսարանից դուրս եկած դիմորդը այլեւս բողոքարկման որեւէ ձեւ չունի»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031