Լրահոս
Օրվա լրահոսը

ՇԱ՜Տ ՀԻՆ «ԲԱԶԱՌ»

Օգոստոս 14,2002 00:00

ՇԱ՜Տ ՀԻՆ «ԲԱԶԱՌ» «Խառոշիները» ներթափանցել են Կարմիր բլուր «1991-ից Կարմիր բլուր հնավայրի դեմ հողազավթման մի ահռելի արշավանք է սկսվել։ Դեռեւս լիովին չպեղված պատմական այդ տարածքում (մոտ 2 հա-ի չափով) ապօրինի գերեզմանահատկացումներ են կատարվել», – այս մասին «Առավոտին» տեղեկացրեց Էրեբունի թանգարանի տնօրեն Սուրեն Մալխասյանը։ Ըստ նրա, այս հարցով զբաղվել են բազմաթիվ գերատեսչություններ ու մարմիններ՝ գլխավոր եւ Երեւան քաղաքի դատախազությունները, մի քանի նախարարություն, քաղաքապետարանը եւ այլն, սակայն՝ ապարդյուն։ Ոչինչ էլ չի փոխվել, նույնիսկ «գործն էլ փակվել է»։ Ստիպված Էրեբունի թանգարանի տնօրինությունը (Շենգավիթ եւ Կարմիր բլուր թանգարանները Էրեբունու մասնաճյուղերն են) զինվորական պահակակետ է հիմնել ու պատկառելի գումար է վճարում հնագիտական վայրը ոտնձգություններից պահպանելու համար։ Բայց նոր գերեզմանների թիվը գնալով աճում է։ Ս. Մալխասյանը համոզված է, որ Կարմիր բլուր հնավայրում (ուր գերեզման փորելու ժամանակ քանիցս գտնվել են ուրարտական շրջանի բրոնզեդարյան մշակույթի հազվագյուտ նմուշներ) նոր թաղումներ դեռեւս կլինեն։ Մանավանդ որ, այդտեղ վերջնական հանգիստ են գտնում բոլոր «խառոշիները»։ Ուստի, նրա կարծիքով, երեւույթը կանխել ոչ ոք «չի կարող»։ Ըստ Ս. Մալխասյանի, Կարմիր բլուրի հաշվին գերեզմանահատկացումները ոմանց անսպառ դոլար աշխատելու հնարավորություն են տալիս։ Ս. Մալխասյանը պնդում է, որ քաղաքապետարանին ենթակա գերեզմանոցի տնօրինությունը «անպատիժ ձեւով տարածքը վաճառում է խառոշիներին, արդեն գերեզմանոցի 3-4 տնօրեն է փոխվել, մեկը մյուսից ավելի մեծ ախորժակով», սակայն հարցը չի լուծվել։ Քաղաքապետարանի բնակչության հատուկ սպասարկման պետական ՓԲԸ-ի տնօրենի օգնական Գաբրիել Գաբիկյանը եւս հաստատեց, որ, իսկապես, Կարմիր բլուր հնավայրի տարածքում կատարվում են ապօրինի թաղումներ, ինչն իրենք կանխել չեն կարող։ «Էդ հին բազառ ա»,- ասաց նա։ Հետո էլ փորձեց հավատացնել, որ բնակչության հատուկ սպասարկման բաժինը այդտեղ որեւէ մեկին գերեզմանատարածք չի հատկացնում եւ չի գրանցում։ Եվ իբր թաղումներն էլ կատարվում են առանց իրենց գիտության ու թույլտվության։ Ուշագրավ էր հատկապես մշակույթի նախարարության հուշարձանների պահպանության վարչությունից ստացված «պատասխանը» հարցի վերաբերյալ։ Ոմն Շուշանիկ Աղաբեկյան հայտարարեց, որ վարչության պետ Գագիկ Գյուրջյանը իրեն լիազորել է պարզաբանումներ տալ մամուլին՝ կապված վարչության աշխատանքի եւ ղեկավարած ոլորտի հետ։ Հետաքրքիրն այն էր, որ Շուշանիկը խոստովանեց, թե առայժմ վարչությունում չի էլ աշխատում. «Փաստաթղթերով դեռ ուրիշ բաժնի աշխատող է»։ Ի դեպ, նա հեռախոսով փորձում էր Կարմիր բլուրի վերաբերյալ ինչ-ինչ պարզաբանումներ տալ, եւ լսափողի միջից պարզորոշ լսվում էր, թե ինչպես է ջանում մի կերպ ընկալել խիստ «զբաղված» կամ «տեղում չգտնվող» շեֆի թելադրած նախադասությունները։ Առանց մանրամասնելու նա ասաց, որ վարչությունն ամեն դեպքում միջոցներ է ձեռք առել ապօրինի գերեզմանահատկացումները կասեցնելու նպատակով։ Հետո էլ խորհուրդ տվեց «Առավոտի» 2000թ. հոկտեմբերի 4-ի համարում տպագրված իր հոդվածից մանրամասներ քաղել. «Էնտեղ ամեն ինչ կա, դեռ ոչինչ չի փոխվել»։ Այս ամենից հետո մնում է եզրակացնել, որ եթե նման կարեւոր առաքելության համար ստեղծված վարչությունում պատահական մարդիկ են աշխատում, ուրեմն բնական է ստեղծված բարձիթողի վիճակը՝ պայմանավորված ղեկավարների անտարբերությամբ։ Էրեբունի թանգարանի տնօրենը կարծում է, որ հարցը ինչ-որ չափով լուծում կգտներ, եթե Կարմիր բլուրի տարածքը գոնե ցանկապատվեր, մի բան, որի համար թանգարանն ինքը գումար չունի։ Իսկ Լինսի հիմնադրամի միջոցների հաշվին 3 թանգարանի (Էրեբունի, Շենգավիթ, Կարմիր բլուր) համար հատկացված գումարը կրճատվել է, այն դեպքում, երբ թանգարանի տնօրինությունը նախատեսել էր շուրջ 200.000 ԱՄՆ դոլարի աշխատանք՝ Էրեբունի միջնաբերդում եւ ողջ տարածքում։ Ս. Մալխասյանը գտնում է, որ հրատապ շինաշխատանքների ցանկում պիտի ընդգրկվեն միջնաբերդի տարածքի վերականգնումը, Խալդի տաճարի եւ պալատական համալիրի արդեն փլուզվող հատվածները, հնավայրի ցանկապատումը, ոռոգման հարցի լուծումը եւ այլն։ Ըստ տնօրենի, Էրեբունի թանգարանի շենքը եւս կարոտ է վերանորոգման, քանի որ ընդամենը կոսմետիկ վերանորոգման է ենթարկվել 88-ին, երբ տոնվում էր Երեւան քաղաքի հիմնադրման 2780-ամյակը։ Ս. Մալխասյանի հավաստմամբ, այժմ վատթար վիճակում են ե՛ւ Շենգավիթ, ե՛ւ Կարմիր բլուր թանգարանները։ Երկուսն էլ «մի կերպ հարմարեցված, կպցված, խարխուլ տնակներ են հիշեցնում եւ ժամանակին եղել են հնագիտական արշավախմբերի աշխատասենյակներ»։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031