Լրահոս
Օրվա լրահոսը

Սեփականատերը հանգուցյալն էր

Օգոստոս 15,2002 00:00

Սեփականատերը հանգուցյալն էր Այս գործին ծանոթանալիս միայն մի նախադասությունը բավական է, որ այն հետաքրքիրից զավեշտական դառնա. «Տվյալ հասցեում սեփականատեր է համարվում ձեր հանգուցյալ մայրը»։ Այս գրությունը տրվել է 1997թ., երբ «սեփականատերն» արդեն 6 տարի հանգուցյալ էր։ Մասիսի շրջանի դատախազությունից ստացված այս փաստաթղթում Այնթապի համայնքում գրանցված Զինյաթ Օրդուխանյանին խորհուրդ է տրվում սեփականության եւ հողի վիճելի հարցով դիմել դատարան։ Այստեղ «ուղարկելն», իհարկե, առանձնապես ջանքեր չի պահանջում, իսկ, այ, տարրական իրավական գրագիտության համար՝ իմանալու, որ մահվան պահին անձի սեփականության իրավունքն ընդհատվում է եւ այն անցնում է ժառանգներին, ջանքեր, այնուամենայնիվ, պահանջվում են։ Ընդ որում, հանգուցյալին սեփականատեր չի ճանաչել նաեւ ՀՀ նախկի՛ն Քաղաքացիական օրենսգիրքը։ Ի տարբերություն Մասիսի դատախազի ավագ օգնական Հ. Հակոբյանի, որը, հուսանք, առնվազն չի նայել՝ ինչի տակ է ստորագրում։ Իսկ Զ. Օրդուխանյանի վեճի առարկան հետեւյալն է։ 1994թ. երկրորդ կարգի հաշմանդամ, 72-ամյա Զ. Օրդուխանյանը առանձնացել է մայր ծխից, գրանցված լինելով նույն հասցեում։ Ի դեպ, այս առանձնանալն էլ մութ է մնում, քանի որ 1994թ. արդեն գործում էր հողային նոր օրենսգիրքը, որը «ծուխ» հասկացություն չի ճանաչում։ Նույն հասցեում գրանցված է եղել եւ առանձին ծուխ է համարվել նաեւ Զ. Օրդուխանյանի եղբայրը։ 2002թ. Այնթապի գյուղապետ Լ. Թարվերդյանի ստորագրությամբ տեղեկանքով հայտնվում է, որ Զ. Օրդուխանյանն «իր անվամբ տուն չունի, գրանցված է եղբոր հետ նույն հարկի տակ»։ Փոխարենը եղբորը տվել է տեղեկանք, որով նա սեփականատեր է ճանաչվել։ «Իր անվամբ տուն» ձեւակերպումն էլ գյուղապետի հայտնագործությունն է, քանի որ մեր օրենսդրությունը նման կարգավիճակ անշարժ գույքի համար չի նախատեսում։ Զ. Օրդուխանյանը համարում է, որ ոտնահարվել են իր՝ սեփականատիրոջ իրավունքները։ ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը «համաձայն» է վերջինիս հետ, քանի որ 1194 հոդվածի 2-րդ կետով ազդարարում է, որ «պարտադիր բաժնի իրավունք ունեն ժառանգատուի անչափահաս երեխաները, ինչպես նաեւ օրենքով սահմանված կարգով հաշմանդամ կամ անգործունակ ճանաչված կամ 60 տարեկան դարձած ժառանգատուի երեխաները, ամուսինը եւ ծնողները»։ (Խորհրդատվությունն իրականացնող իրավաբանը ճշտեց, որ «60 տարեկան» արտահայտությունը վերաբերում է ժառանգատուի երեխաներին եւ այլն, եւ ոչ թե ժառանգատուին)։ Այսինքն, սեփականությունը ժառանգելու պահին, որը ո՛չ 1994, ո՛չ էլ 2002 թվականներն են, այլ 1991-ը, Զ. Օրդուխանյանը պետք է պարտադիր բաժին ստանար, քանի որ ապահովված էին վերոնշյալ կետի երկու պահանջները՝ 60 տարին լրացած լինելը եւ հաշմանդամությունը (Զ. Օրդուխանյանը հաշմանդամ է 12 տարեկանից)։ Ստացվում է, որ այս դեպքում չարժեր էլ «հասնել» Քաղաքացիական օրենսգրքի 1216 հոդվածին, որով «առաջին հերթի ժառանգորդ են համարվում ժառանգատուի երեխաները, ամուսինը եւ ծնողները»։ Այս առումով Զ. Օրդուխանյանը տարակուսում է Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Մասիսի տարածքային ստորաբաժանման գրանցման կապակցությամբ, որով նա համասեփականատեր է ճանաչվել ոչ միայն իր եղբոր, այլեւ նրա եւ նրա ընտանիքի անդամների հետ։ Իսկ Քաղաքացիական օրենսգրքի հիմնարար սկզբունքը, որը նաեւ Սահմանադրությամբ է ամրագրված, սեփականատիրոջ իրավունքն է պաշտպանում։ Եվ, ցավոք, «Առավոտն» էլ Զ. Օրդուխանյանին պիտի «ուղարկի» դատարան, քանի որ նա փնտրում է այն «օրինական փաստաթուղթը», որը հիմք էր ծառայել իրեն սեփականության իրավունքից զրկելու համար։ Իսկ դրա պատասխանը, հուսով ենք, կստանա, եթե հայց ներկայացնի գյուղապետի դեմ՝ լիազորությունները գերազանցելու մեղադրանքով։ Միայն թե դժվար է պատկերացնել տարեց, հաշմանդամ, նպաստառու կնոջը դատական քաշքշուկների եւ ծախսերի մեջ։ ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել