Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԳՆ-Ի ԽՈՐՀՐԴԱՎՈՐ ՑՈՒՑԱԿԸ

Օգոստոս 17,2002 00:00

ՆԳՆ-Ի ԽՈՐՀՐԴԱՎՈՐ ՑՈՒՑԱԿԸ Ո՞ւմ ձեռքին են Երեւանի կենտրոնական հատվածների, այգիների սրճարանները։ Ո՞վքեր կարող են այդ տարածքներում սրճարաններ ձեռք բերել, աշխատեցնել։ Այս եւ այլ հարցերին նկարագրական պատասխան է տալիս մի հանճարեղ փաստաթուղթ-ցուցակ, որը իր ստորագրությամբ վավերացրել է Կենտրոնական ՆԳ բաժնի պետ, միլիցիայի փոխգնդապետ Ա. Զ. Միրիջանյանը։ Ցուցակը՝ Կենտրոնական ՆԳ բաժնի վարչական տարածքի այգիներում գործող բացօթյա սրճարանների եւ օբյեկտների մասին է, որում ընդգրկված է 106 օբյեկտ։ Ցուցակը սկսվում է Օղակաձեւ այգու առաջին հատվածից մինչեւ Խ. Աբովյանի անվան այգի, այդ թվում՝ Ազատության հրապարակ, Գլխավոր պողոտա, Թատերական զբոսայգի (Անգլիական այգի), Կիրովի անվան զբոսայգի, Կասկադ, Կոնսերվատորիայի դիմացի պուրակ, Թամանյանի արձանի դիմացի պուրակ, 2750-ամյակի անվան պուրակ, Սարյան պուրակ, Հրազդանի կիրճ եւ այլն։ Ցուցակի կառուցվածքը եւ բովանդակությունը բավականաչափ ինֆորմացիա է տալիս թե՛ սրճարանների, թե՛ սրճարանատերերի, թե՛ այս ցուցակը կազմող մարմնի եւ նրա կատարած ու կատարելիք գործունեության մասին։ Ցուցակը աղյուսակի տեսքով է, որում սյուներով նշված է օբյեկտի անունը, գործունեության տեսակը, հասցեն կամ գտնվելու վայրը, օբյեկտի տնօրենի հեռախոսը, օբյեկտի հովանավորողի անունը կամ մականունը, ինչպես՝ տրանսպորտի փոխնախարար Սեփիկ, դատախազութ. Կ. Մանուկյան, զինկոմ Ա. Ուլիխանյան, նախագահի թիկնապահ, գեներալ Մանվել, Ծաղիկ Ռուբո, դաշնակ Արո, աշտարակցի Մուշո, Սերժ Սարգսյանի բարեկամ, գեներալ Մ. Գրիգորյանի թիկնապահ Սեյրան, կոնդեցի լոշտ Արմեն, այգու Կարեն, ԱԺ պատգամավոր Գ. Սահակյան, Նարեկ Սարգսյան, վարչապետի քրոջ տղա Արթուր, նորքեցի Ռուբո, ԱԱՆ-ից Արմեն, 6-րդ վարչության Արմեն, Քաղ.դատախազությունից Արթուր, Ս. Ջ. Աբրահամյան, ԱԺ պատգամավոր Մ. Գասպարյան, ՆԳՆ նախկին աշխ. Արմեն, ԱրմենՏելի Զոյա եւ այլք։ Եվ կա ծանոթությունների սյունակ, որում մեքենագիր կամ ձեռագիր որոշակի ինֆորմացիա է տրված տվյալ օբյեկտի վերաբերյալ՝ գործո՞ւմ է, թե՞ չի գործում, կառուցվա՞ծ է, թե՞ ոչ, լիցենզիա ունի՞, թե՞ չունի։ Եթե լիցենզիա ունի՝ «+» է դրված, չունի՝ «-»։ Սա, թերեւս, ներքին օգտագործման փաստաթուղթ-ցուցակ է, որում «հովանավորող» սյունակում պարտադիր նշվում է, թե տվյալ օբյեկտի «տանիքն» ով է։ Հաճախ այդ «տանիք» հանդիսացող անձի մականունն է նշվում, շեֆի կամ ազգականի անունը… Դեռ խորհրդային տարիներին, ասում են, ազգային անվտանգության, ներքին գործերի, հարկային մարմինների որոշ բաժիններ նմանատիպ ցուցակներ կազմում էին, սակայն ո՛չ այսքան փնթի, ո՛չ պրոֆեսիոնալ ձեւով, նույնիսկ հովանավորողների անունները թվային կոդերով էին՝ տվյալ մարմնի կամ բաժնի աշխատանքների իրականացման համար։ Դժվար է միանշանակ ասել, թե այս ցուցակ-փաստաթուղթը ՆԳ տվյալ բաժինն ինչ նպատակով է կազմել։ Իսկ նպատակները, ինչպես հայտնի է, կարող են շատ տարբեր լինել, տարբեր, այդ թվում՝ մի քանի պետական բարձրաստիճան պաշտոնյաների անձնական նպատակներին ծառայել կամ օբյեկտի հովանավորի «թափից» ելնելով՝ ում ճնշել եւ կամ ում ձեռք չտալ… Ցուցակում նշված որոշ ձեւակերպումներից ակնհայտ է դառնում, որ այն կազմվել է 1999-2000 թթ. ընթացքում, հոկտեմբերի 27-ից հետո։ Ցուցակը բավական ծավալուն է, այդ պատճառով այն տպագրում ենք հատվածաբար, ինչպես որ կա։ Միայն նշենք, որ ցուցակում առկա որոշ մարդկանց կյանքում պաշտոնեական դիրքի, աշխատատեղի փոփոխություններ են եղել այս ընթացքում։ ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ Ցուցակի մնացյալ էջերը՝ հաջորդ շաբաթ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել