Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԵ՜Ծ ՍԻՐՈՎ ԵՎ ՄԻԱՅՆ ԳՐԱՎՈՐ»

Օգոստոս 17,2002 00:00

«ՄԵ՜Ծ ՍԻՐՈՎ ԵՎ ՄԻԱՅՆ ԳՐԱՎՈՐ» ՀՀ ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը պատրաստվում է այսպես պատասխանել «Առավոտի» եւ «Հայկական ժամանակի» հարցերին։ Պարոն Սարգսյանն այնքան հաստատակամ ասաց այս մասին, որ թվում է, թե այդ երկու թերթերի թղթակիցների հարցերին գրավոր մեծ սիրով պատասխանելը ՀՀ բանկային համակարգի փրկության ծրագրի կետերից է։ Ծրագրի մյուս կետերը, որոնք վերնագրված էին Հայաստանի բանկային համակարգի հիմնախնդիրները, Տ. Սարգսյանը ներկայացրեց ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում կազմակերպված «Հայաստանի բանկային համակարգը եւ ֆինանսական քաղաքականության հիմնահարցերը» սեմինարի ժամանակ։ Ելույթը նպատակ ուներ ներկայացնելու ՀՀ բանկային համակարգի նաեւ ներկա վիճակը եւ ձեռքբերումները։ 1998թ. դեկտեմբերի կամ 1999-ի հունվարի եւ 2002-ի համեմատությամբ ներկայացնելով բանկային բոլոր ցուցանիշները, որոնք, իհարկե, ընդհանուր դինամիկ աճ են ցույց տալիս, պրն Սարգսյանն, այնուամենայնիվ, իր անբավարարվածությունը հայտնեց դրանցից։ ԿԲ-ն էլ, բնականաբար, բանկային համակարգի առողջացման գործընթաց է իրականացնում։ «Ցուցանիշները չեն բավարարում», «առողջացման գործընթաց», «լրջագույն միջոցառումներ» արտահայտությունները ԿԲ նախագահինն են, համակարգի առողջացմանը ԿԲ-ն է լծվել, բայց Տ. Սարգսյանը, չգիտես ինչու, նեղանում է, երբ մամուլը փորձում է օգնել իր հարազատ ԿԲ-ին եւ նրա նախագահին՝ վերոնշյալ արտահայտությունների փաստական նյութն ու թվային հիմնավորումներն ապահովելով։ Ի վերջո, հիմնախնդիրների այն 7 խումբը, որոնք պարոն Սարգսյանը ներկայացրեց, զարմանալիորեն բխում են բանկային համակարգի մասին մամուլի, համենայնդեպս՝ «Առավոտի» հրապարակումներից։ Ասենք, խնդիր է դրվում բանկային կապիտալի որակի բարձրացման։ Այս առումով փաստվեց HSBC-ի՝ Հայաստանում մրցակից չունենալու հանգամանքը։ Պարոն Սարգսյանը պաշտպանում էլ է 1993թ. HSBC-ին արտոնություններ տալը։ Դրա արդյունքում, «Սեդ Մարսեդ» խորհրդատվական ընկերության գործադիր տնօրեն Տիգրան Ջրբաշյանի բնորոշմամբ, HSBC-ն փոշեկուլ է դարձել։ Ցպահանջ դեպոզիտների 45 եւ ընդհանուր դեպոզիտների 28%-ը կուտակում է, 5% վարկային պորտֆելի դիմաց։ Սա Տիգրան Սարգսյանին չի անհանգստացնում. «HSBC-ն խաղացել է, խաղում է, խաղալու է դրական դեր»։ Ոչ միայն չի անհանգստացնում, այլեւ, ավելին։ Տ. Սարգսյանը ըմբռնումով հայտարարեց. «Ցավոք, միակ առաջնակարգ բանկն է։ Դեռեւս մեծ ծավալներով վարկ չի տրամադրում ոչ թե, որովհետեւ չի ուզում, այլ վարկային ներդրումները Հայաստանում խիստ ռիսկային են»։ (Պարոն Սարգսյանն ակնհայտորեն «Առավոտին» է մեջբերում- Ա. Գ.)։ HSBC-ի բանկի Հայաստանի բաժանմունքի կառավարիչ Չարլզ Գրեգորին էլ իր «ստորագրությունը» դրեց այս խոսքերի տակ. «Այսօրվա դրությամբ ավելի նպատակահարմար ենք գտնում արտասահմանում ներդրումներ անելը»։ «Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբի խորհրդի անդամ Սամվել Շահինյանը նկատեց, որ մեր արդյունաբերության ռիսկայնության մասին այդ դատողությունները տարբերվում են ՀՀ նախագահի ասածներից։ Տնտեսագետ Էդուարդ Աղաջանովն ավելի իրատեսական շարադրեց վերոնշյալ մտքերը. «Մեր բանկային համակարգն ընդհանրապես կտրված է մեր ռեալ տնտեսությունից»։ Ըստ նրա, առեւտրային բանկերի տված վարկերի, որոնք ՀՆԱ-ի 7,9%-ն են կազմում կամ 93,5 մլրդ դրամ են, 82,4%-ը տրված է տարադրամով։ Ազգային դրամով վարկավորումը կազմել է 16,4 մլրդ դրամ։ ՀՆԱ-ի նկատմամբ այս թիվը 1,4% է կազմում։ Սրանից պարոն Աղաջանովը եզրակացրեց. «Դա նշանակում է, որ դուք ձեր ազգային դրամը դուրս եք մղում դրամավարկային հարաբերություններից ընդհանրապես»։ Բանկային համակարգի հիմնախնդիրները թվարկելիս ԿԲ նախագահի՝ «Առավոտից» կատարած մեջբերումներից» առանձնացնենք մի քանիսը եւս՝ ֆինանսական միջոցների առաջացման աղբյուրներին անորոշություն, ֆինանսական ռեսուրսների կառավարման էֆեկտիվություն, ղեկավար անձնակազմի պրոֆեսիոնալիզմի նկատմամբ պահանջների խստացում, տնտեսության ստվերայնություն, բանկային հսկողության կատարելագործում եւ այլն։ Յուրաքանչյուրի շուրջ ներկայացվեց նաեւ լուծման տարբերակ։ «Գիտե՞ք ինչ, բանկերի առողջացման ծրագիրը լավ բան է, բայց եթե բանկերը կապ չեն ունենալու մեր ժողովրդի, տնտեսության հետ, եւ ընդհանրապես, բանկային համակարգում վարած դրամավարկային քաղաքականությունը բերելու է նրան, որ ազգային դրամը դուրս է մղվելու այդ ամբողջ համակարգից, ինձ պետք չէ այդպիսի առողջացում։ Ոչ էլ տնտեսությանն է պետք»,- 2005թ. բանկային համակարգի վերջնական առողջացման՝ ԿԲ-ի հավակնությունների մասին մեր հարցերին մեծ սիրով ու բանավոր պատասխանեց Էդուարդ Աղաջանովը։ ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել