Լրահոս
Օրվա լրահոսը

Ջրի մոտ՝ ջրի կարոտ

Օգոստոս 17,2002 00:00

Ջրի մոտ՝ ջրի կարոտ Երեւան-Սեւան ձգվող երկար ու քարուքանդ ճանապարհը վերանորոգվում է «Լինսի» հիմնադրամի միջոցներով։ Այն արագ թափով ընթանում է այս օրերին։ Անշուշտ, դրա կարիքն ունի նաեւ դեպի Գեղարքունիքի մարզկենտրոն՝ Գավառ տանող անմխիթար ավտոճանապարհը։ Մարզպետ Վ. Հակոբյանը հայտնեց, որ այսօր մարզում ապրում է շուրջ 270 հազար մարդ։ Շատ ավելի փոքր թվեր են նշում տարբեր բնակավայրերի, Գավառ քաղաքի կիսադատարկ փողոցների մարդիկ. «Որ 180-200 հազար լինենք, շատ լավ է, ախր էլ ո՞վ մնաց, բոլորը գնում են անվերադարձ»։ Մարզի 87 արդյունաբերական ձեռնարկություններից այսօր միայն 60-ն է աշխատում, այն էլ հզորությունների 20-50% կարողությամբ միայն։ Տարեկան թողարկված արտադրանքի չափը չի գերազանցում 6 միլիարդ դրամը։ Իսկ գյուղատնտեսության բնագավառում (անասնապահություն, ճակնդեղագործություն, հացահատիկային կուլտուրաներ, կարտոֆիլի մշակություն եւ այլն) տարեկան արտադրանքի չափը կազմում է 40 միլիարդ դրամ։ Սակայն բնակլիմայական, սոցիալ-կենցաղային դժվար պայմանները այստեղ պարտադրում են մարզի բնակչին միայն ուժերի գերլարումով դիմակայել շատ ու շատ փորձությունների։ Տարվա 6,5-7 ամիսը ձմեռ է։ Հաց, վառելիք չկա, ճանապարհները փակ են մնում երկար ժամանակ։ Հատկապես այդ ամիսներին ներմարզային, ամփոփված կյանքով է ապրում Գեղարքունիքը։ Մարզի 131 հանրակրթական դպրոցներից ոչ բոլորն են ապահովված մանկավարժական կադրերով։ «Սեւան» ազգային պարկի նորանշանակ տնօրեն Գագիկ Մարտիրոսյանը վստահաբար ասում է, որ շուտով, ակտիվ համագործակցելով բնապահպանության նախարարության համապատասխան կառույցների հետ, Սեւանա լճում իր լուծումը կստանա ջրի մաքրության խնդիրը, վերջ կտրվի ձկնագողությանը։ Մինչդեռ տարբեր տարիքի ու մասնագիտության տեր մարդիկ (անասնապահ, մանկավարժ, բանվոր) խոստովանում էին, որ դա այսօր «իրենց բերնի մի կտոր ցամաք հացն է», որ հակառակ ամեն օրենք ու զոհողությունների, պիտի վաստակեն որսագողությամբ։ Դժվար է նրանց հետ չհամաձայնել, քանզի «թող մեր կնիկ-էրեխեք պախի իդա պետություն, մեզի խացի փարա տա, մենք՝ մեղա»։ Գեղարքունիքում դեռ մտահոգիչ է փախստականներով բնակեցված 30 գյուղերի տխուր վիճակը։ Ամեն ինչ ավելի է բարդանում նրանով, որ քաղաքաբնակ մեր հայրենակիցներից շատերը դեռ չեն ուզում սովորել հողի լեզուն։ Մինչդեռ սա ապրուստի միակ միջոցն է գյուղերում։ Իր հրատապ լուծմանն է սպասում 160 կմ Ադրբեջանի հետ սահման ունեցող մարզի համար անլուծելի ականապատված տարածքների հողօգտագործման խնդիրը, որի արդյունքում չի օգտագործվում շուրջ 20 հազար հա հողատարածք։ – Ջրին մոտ՝ ջրի կարոտ ենք,- ասում էր Երանոսի գյուղապետ Լալա Փինաչյանը, որն այդ օրերին համառորեն փորձում էր լուծել իրենց գյուղի համար անհրաժեշտություն դարձած պոմպակայանի եւ արտեզյան հորերի հարցը։ Ոռոգման եւ խմելու ջրի հիմնախնդիրը մարզում լիովին լուծված չէ։ Թերեւս առաջին հերթին սրանով է պայմանավորված ինչպես համայնքների, այնպես էլ մարզի բյուջեի 2001-ի 44,2% ցածր կատարողականը։ Եվ իբրեւ արդարացի պատճառաբանություն, առաջ է քաշվում հին փակ շղթան. «Թող ջուրը տան՝ փողը տամ» կամ էլ «Որ գյուղացին ժամանակին փողը տա, մենք էլ նրան ջուր կտանք»։ «Ախր որտեղից փող տամ»,- համարյա գոռում են գյուղացիները։ ԱՎԻԿ ՇԱՂՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել