Լրահոս
Օրվա լրահոսը

Խոսքի ազատություն ՀՀ-ո՞ւմ

Օգոստոս 20,2002 00:00

Խոսքի ազատություն ՀՀ-ո՞ւմ Արարատի գործը կասկածներ է հարուցում Մի քաղաքագետ Երեւանում ասում է, որ ՀՀ Սահմանադրության մի հոդված իրավունք է տալիս կառավարությանը սահմանափակել խոսքի ազատությունն այն աստիճան, որ դա հակասում է հանրապետության ժողովրդավարական կարգավիճակին: Այդ նույն քաղաքագետը, որ Հայաստանի ամերիկյան համալսարանի հասարակական հետազոտությունների կենտրոնի փոխտնօրեն դոկտոր Լուսիկ Դանիելյանն է, նշում է, որ Սահմանադրությամբ տրված իրավունքները դառնում են անիմաստ, քանի դեռ կա 44 հոդվածը։ Հոդվածում ասվում է. «Մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքները եւ ազատությունները կարող են սահմանափակվել միայն օրենքով, եթե դա անհրաժեշտ է պետական եւ հասարակական անվտանգության, հասարակական կարգի, հանրության առողջության ու բարոյականության, այլոց իրավունքների եւ ազատությունների, պատվի եւ բարի համբավի պաշտպանության համար»: Այս հոդվածը պահպանված է նաեւ նախագահի նոր Սահմանադրության նախագծում։ «Սահմանադրության հեղինակները ասում էին, որ այդ սահմանափակումները կան նաեւ միջազգային փաստաթղթերում (ներառյալ եվրոպական կոնվենցիան),- ասում է Դանիելյանը,- Այո, սակայն դրանք մտցվում են, որպեսզի Թուրքիայի կամ Ինդոնեզիայի նման երկրները ստորագրեն այդ փաստաթղթերը։ Քանի կա 44 հոդվածը, միշտ էլ կընդունվի օրենք այն կիրառելու համար»։ Իրավունքների՝ առաջին հերթին, խոսքի ազատության հարցը, ծագել է Արարատում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ, որի արդյունքում մի քաղաքացի կալանավորվել է եւ այժմ սպասում է դատավարությանը: Գործազուրկ Ջանիկ Ադամյանի գրած բանաստեղծության մեջ, որը նա երկու ամիս առաջ փակցրել է հասարակական վայրերի պատերին, ասվում է, որ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «մատը խառն է» 1999 թ. հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովում տեղի ունեցած ահաբեկչությանը: Միաժամանակ, ինտերնետային «Բացված էջեր» պարբերականում նշվում են փաստաբան Օլեգ Յունոշեւի հետեւյալ խոսքերը. «Ցանկացած մարդ, որը ծանոթ է քրեական գործի նյութերին, կարող է տեսնել բազմաթիվ փաստեր, որոնք վկայում են Ռոբերտ Քոչարյանի մասնակցությունն այդ իրադարձություններին»: Այդ դեպքում, եթե գործազուրկ «պոետը» խախտել է օրենքը, ինչո՞ւ փաստաբանի խոսքը հանցանք չի համարվում: Խոսքի ազատության պաշտպանները մտահոգված են, որ ոտնահարվել են Ադամյանի իրավունքները, եւ նշում են մի գործ, որը լսվել է Եվրոպական դատարանում (որին Հայաստանի քաղաքացիները կարող են դիմել Եվրախորհրդին անդամակցելու իրավունքով): Ավստրիացի մի լրագրող 1976 թվականին տուգանվել էր զրպարտության մեղադրանքով: Իր երկու ամսագրային հոդվածներում նա Ավստրիայի ֆեդերալ կանցլերին անվանել էր «ցածրակարգ օպորտունիստ», «անբարոյական» եւ «անարժան»։ Վճռաբեկ դատարանը նվազեցրել էր տուգանքի չափը՝ անփոփոխ թողնելով դատավճիռը։ Լրագրողը դիմել է Եվրոպական դատարան, պնդելով, որ ավստրիական դատարանը խախտել է իր խոսքի ազատության իրավունքն այն աստիճան, որն անհամատեղելի է ժողովրդավարական հասարակության հիմնարար սկզբունքների հետ։ Վերջապես, մեղադրանքի ներկայացումից 10 տարի հետո, ավելի բարձր ատյանի դատարանը փոխեց դատավճիռը՝ նշելով, որ խախտվել է Եվրոպայի մարդու իրավունքների կոնվենցիայի 10-րդ հոդվածը (արտահայտվելու ազատություն)։ Դատարանի որոշումն ասում է, որ խոսքի ազատությունը «ներառում է ոչ միայն այն «տեղեկությունները» կամ «գաղափարները», որոնք ընդունվում են դրականորեն կամ համարվում են չեզոք կամ անվնաս, այլեւ այնպիսիք, որոնք վիրավորում են, ցնցում կամ անհանգստություն են պատճառում»։ Դատարանի որոշման մեջ նաեւ նշված է, որ «քաղաքական գործիչների նկատմամբ քննադատության թույլատրելի սահմաններն ավելի լայն են, քան մասնավոր անձանց նկատմամբ։ Ի տարբերություն վերջիններիս, քաղաքական գործիչները պետք է ցուցաբերեն հանդուրժողականության բարձր աստիճան լրագրողների եւ ամբողջ հասարակության սեւեռուն ուշադրության նկատմամբ»։ Դատարանի որոշումն ամփոփում է. «Փաստերի հավաստիությունը կարելի է ապացուցել, սակայն դատողությունների իրավացիությունն անապացուցելի է»։ Վերոհիշյալի կապակցությամբ կարելի է նշել Ադամյանի գործին առնչվող երկու կարեւոր գործոն: Առաջին՝ նրան չեն դատապարտել: Երկրորդ՝ նրան ձերբակալել են այն ժամանակ, երբ երկիրը ստիպված է ընտրություն անել Եվրախորհրդի պահանջների եւ Հայաստանի իրականության միջեւ: «Ադամյանի բանաստեղծության մեջ մատնանշում չկա, որ նախագահը հրամայել է սպանել,- ասում է փաստաբան Դավիթ Սանդուխչյանը,- Բանաստեղծության հեղինակը չի զրպարտում, այլ ուղղակի հայտնում է իր կարծիքը: Մարդ իրավունք ունի կարծիք հայտնել»։ «Մարդ կարող է ասել, օրինակ, որ Սերժ Սարգսյանը կամ նախագահը չեն ապահովել երկրի անվտանգությունը, որի արդյունքում կատարվել է հոկտեմբերի 27-ի դեպքը»։ «Իշխանությունը լծակներ ունի պաշտպանվելու, արգելելու, թաքցնելու եւ ապարատը աշխատացնելու, իսկ անհատը՝ ոչ։ Այս առումով անհրաժեշտ է հասարակական կարեւորություն ունեցող անձի մասին օրենք։ Եթե դու ստանձնել ես բարձր պաշտոն, ուրեմն պատրաստ եղիր՝ քեզ կարող են վիրավորել»։ Լուսիկ Դանիելյանն ասում է, որ նման դեպքերը պետք է հատուկ ուշադրության արժանացնել: «Ժողովրդավարության չափանիշն այն է, որ պաշտպանես այն կարծիքը, որի հետ համաձայն չես»,- ասում է նա: «Եթե սա առաջին նախադեպն է, ապա շատ վտանգավոր է, քանի որ սառեցնող արդյունք կարող է ունենալ։ Այսինքն, մարդիկ վախից կարող են լռել, տեսակետ չարտահայտել։ Մարդիկ կսկսեն մտածել, գրե՞ն այսինչ հարցի մասին, խոսե՞ն կամ ելույթ ունենա՞ն»։ ՎԱՀԱՆ ԻՇԽԱՆՅԱՆ «ArmeniaNow»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031