Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԻՑԻԼԻԱԿԱՆ ՄԱՖԻԱՅԻՆ ԲՆՈՐՈՇ ՄԵԹՈԴՆԵՐՈՎ

Օգոստոս 20,2002 00:00

ՍԻՑԻԼԻԱԿԱՆ ՄԱՖԻԱՅԻՆ ԲՆՈՐՈՇ ՄԵԹՈԴՆԵՐՈՎ Նրանց, ովքեր հետաքրքրվում էին Վանաձորում, Սպայի տան դահլիճում հուլիսի 23-ից ընթացող քրգործի դատաքննության (մի շարք ծանր հանցագործությունների առնչությամբ) մանրամասներով, ավելի հաճախ այս հարցն էր հուզում. «Հիմա իսկապես էդ երեխե՞քն են արել էդ ամբողջը, թե՞ վրաները կոտրել են»։ Դատական նիստերի ընթացքում, սակայն, կարելի էր համոզվել, որ մեղադրյալները այնքան էլ «էրեխեք» չեն, որքան դա թվացել է, նկատի ունենալով նրանց 22-23 տարեկան հասակը։ Նրանցից մեկը նույնիսկ հասցրել է ամուսնանալ՝ հանցագործություններ կատարելու ժամանակահատվածում, 19-20 տարեկան կնոջն էլ ակամա մեղսակից դարձնելով։ Վեց մեղադրյալներից չորսը (Արամ Պետրոսյան, Հակոբ Խաչատրյան, Արկադի Սաֆարյան, Հայկ Հարոյան) իրենց հանցագործությունները ներկայացնում էին ամենայն մանրամասնությամբ։ Հանցախմբի տրամադրության տակ եղել է 2 ինքնաձիգ (որը Ղարաբաղում զինվորական ծառայության մեջ գտնվելիս գողացել եւ զորացրվելուց հետո, 2000 թվականի դեկտեմբերին Վանաձոր էր տեղափոխել Ա. Պետրոսյանը), մեկ օդամղիչ ատրճանակ, մետաղյա ձող, էլեկտրական սղոց, փամփուշտներ, դիմակներ։ Հիմնական հանցագործությունները, որոնց կապակցությամբ հարուցվել է քրեական գործ, հետեւյալն են. 2001թվականի ապրիլին սպանության փորձ՝ Երեւանում (պայթեցվել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա), նույն թվի մայիսի 2-ին գողություն՝ Վանաձորի «Կենտավր» դեղատնից, մայիսի 8-ին կողոպուտ՝ թիվ 1 համաբուժարանում, մայիսի 9-ին ավազակային հարձակում Լոռու մարզպետարանի շենքի վրա, նոյեմբերի 14-ին ավազակային հարձակմամբ Վանաձորի շուկայի մոտակայքում Ա. Պապոյանին, Ա. Բաբայանին եւ Ա. Տոնոյանին ավտոմատի կրակահերթով սպանության իրագործում, ինչպես նաեւ այլ հանցագործություններ, որոնց վերաբերյալ ցուցմունքները դատարանում հաստատվեցին՝ որոշակի «վերապահումներով»։ Չնայած Ա. Պետրոսյանը, Հ. Խաչատրյանն ու Հ. Հարոյանը ընդունում էին ամենածանր հանցագործության (նոյեմբերի 14-ի դեպքի) իրագործման ժամանակ իրենց կողմից հրազեն գործածելը, սակայն ժխտում էին, թե սպանության դիտավորություն են ունեցել եւ պատճառաբանում էին, թե իրենց նպատակը միմիայն եղել է «թիրախ» ընտրված տարադրամի կետի աշխատողից գումար վերցնելը։ Ա. Սաֆարյանն էլ հավաստիացնում էր, թե «Կրակոց չպետք է լիներ, երբ եղավ՝ ես հեռացա»։ Նրա հանցակից ընկերներն էլ պատճառաբանում էին, թե վախեցնելու նպատակով են զենք օգտագործել։ Դ. Թումանյանը ընդհանրապես չէր ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները, իսկ Ա. Պետրոսյանն էլ, դատավոր Վ. Ասլանյանի հարցին ի պատասխան, հրաժարվեց նախաքննության ընթացքում Դ. Թումանյանի դեմ տված այն ցուցմունքից, թե զինվորական հագուստը, որ կրել է հանցագործության պահին, իրեն Դ. Թումանյանն է տվել։ Պետրոսյանը հայտնեց, որ զինվորական հագուստը իրենն է եղել։ Հ. Հարոյանն էլ դատարանում հայտնեց, որ նախաքննության ընթացքում ցուցմունքներ տվել է առանց պաշտպանի ներկայության։ Նշենք, որ վերջինս ձերբակալվել էր 14.01.2002թ., բայց պաշտպան ունեցել էր հունիսի 5-ին։ Դատավորի այն հարցին, թե «Դուք ցուցմունք եք տվել, որ ձեր նպատակը եղել է մեքենաների մոտենալու պահին կրակ բացել, անշարժացնել կամ ծանր վիրավորել», Հ. Հարոյանը պատասխանեց, թե ստիպված է նման ցուցմունք տվել։ Ի՞նչն էր երիտասարդներին մղել հանցագործությունների շարանի՝ սիցիլիական մաֆիային բնորոշ ձեւերով ու մեթոդներով. նախանձախնդրությո՞ւնը հարուստ կյանքի հանդեպ, անպատժելիության զգացո՞ւմը, թե՞ արտասահմանյան սերիալները՝ բանդիտիզմ ու բռնություն ուսուցանող՝ դժվար է ասել։ Դատավորի՝ Հ. Հարոյանին ուղղված այն հարցին, թե որքա՞ն էր Գյումրիի «չեյնջի» վրա հարձակումից ստացած մասնաբաժինը, վերջինս գործնական պատասխանեց. «Մեկ երրորդը» (ամբողջ ավարը այդ «չեյնջից» եղել էր 1700- 1800 դոլար)։ Նիստերի ընթացքում տպավորություն ստացանք, թե որոշ դեպքերում տուժողները խուսափում էին պահանջ ներկայացնելուց։ Թալանված դեղատան վարիչն, օրինակ, նշեց. «որ պահանջեցի, որտեղի՞ց պիտի տան» ու հավաստիացրեց, թե իրենք արդեն սեփական ուժերով վերականգնել են նյութական վնասը։ Դատական նիստը շարունակվում է։ ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ Վանաձոր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031