Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ԴԱՐՁՅԱԼ ԽԱԽՏՈՒՄ Է ՕՐԵՆՔԸ

Օգոստոս 21,2002 00:00

ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ԴԱՐՁՅԱԼ ԽԱԽՏՈՒՄ Է ՕՐԵՆՔԸ Վստահ է ԱԺ ԿԳ, մշակույթի եւ երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Շավարշ Քոչարյանը -Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը մարզային հեռուստաընկերություններին է ուղարկել մի գրություն, որում, վկայակոչելով Ձեր ընդունած 2 օրենքների տարբեր հոդվածներ, խնդրում է ամեն ամիս տվյալներ ներկայացնել հաղորդումների բովանդակության, հեղինակի, արտադրողի եւ անգամ՝ գովազդային ընդհատումների վերաբերյալ։ ԱԺ-ն իր օրենքներով գրաքննություն սահմանելու հնարավորությո՞ւն է ընձեռել Ազգային հանձնաժողովին։ – Գնահատականը ճիշտ է. դա ոչ այլ ինչ է, քան գրաքննություն։ Իհարկե, շատերը գրաքննությունը հասկանում են մինչեւ նյութի հեռարձակումը, բայց իրականում կա նաեւ այն գրաքննությունը, որը կանխորոշում է, որպեսզի ապագայում չլինի այն, ինչ որ ձեռնտու չէ, այսպես կոչված, վերահսկողին։ Բայց օրենքն այդպիսի որեւէ հնարավորություն չի տալիս։ Ավելի՛ն։ Սա օրենքի հենց ամենակոպիտ խախտումն է, որն արգելում է ցանկացած ձեւի գրաքննությունը։ Վկայակոչվել է «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի 14-րդ հոդվածը, որը որեւէ լիազորություն չի տալիս Ազգային հանձնաժողովին նման տվյալներ պահանջելու համար. 14-րդ հոդվածի իմաստը լրիվ այլ է։ Այն է՝ ձայնագրությունները եւ տեսագրությունները պետք է մինչեւ 1 ամիս պահպանվեն։ Ինչո՞ւ. որովհետեւ այս կամ այն քաղաքացին կարող է գնահատել, որ իր հասցեին վիրավորանք է հնչել կամ փաստերի խեղաթյուրում։ Եվ եթե նա դիմում է դատարան, պիտի նյութերը պահպանվեն մինչեւ դատական վեճի ավարտը եւ չեն կարող ոչնչացվել։ Միայն ու միայն նման դեպքերի համար է 14 հոդվածը եւ ոչ թե, որպեսզի Ազգային հանձնաժողովը հենվելով այն հանգամանքի վրա, որ 1 ամիս պահվում են այդ նյութերը, պահանջի տվյալներ։ Նույնը վերաբերում է նաեւ վկայակոչված մեկ այլ՝ Ազգային հանձնաժողովի Կանոնակարգ-օրենքի 26-րդ հոդվածին։ Այդ հոդվածն ընդամենը կանոնակարգում է, որ հանձնաժողովն իրավասու մարմիններից, կազմակերպություններից, պաշտոնատար անձանցից պահանջում եւ ստանում է իր լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվություն։ Որեւէ խոսք չկա հեռուստառադիոընկերությունների մասին։ Ըստ գործող օրենքի՝ պետբյուջեից գումար է հատկացվում, եւ Ազգային հանձնաժողովը պարտավոր է ինքն անցկացնել դիտարկում եւ հետեւել այդ ամենին եւ ոչ թե պահանջել, որ հենց հեռուստաընկերությունները ներկայացնեն հաշվետվություններ։ – Օրենքի որեւէ դրույթով արդարացվա՞ծ է, որ հանձնաժողովը պահանջել է հաղորդման բովանդակությունից զատ՝ հայտնել հեղինակի անուն-ազգանունը, արտադրող կազմակերպության անվանումը եւ այլն։ – Օրենքի որոշակի պահանջներ կան հայրենական արտադրության հաղորդումների վերաբերյալ։ Բայց սա ամենեւին չի նշանակում, որ հեռուստառադիոընկերությունն ինքն է պարտավոր դրա մասին անընդհատ տրամադրել տեղեկատվություն։ Կրկնում եմ. սա վերահսկող մարմնի գործառույթն է։ Ինչ վերաբերում է հեղինակին, ապա դա որեւէ կապ չունի օրենքի հետ։ – Ազգային հանձնաժողովն իր՝ օգոստոսի 16-ի նիստում որոշեց «Շարկ»-ին հատկացված 44 հեռուստակապուղին 45-ով փոխարինելու մասին։ 45 կապուղին անգամ ընդգրկված չէր հաճախությունների հրապարակված ցանկում։ Սակայն ունե՞ր նման փոխարինումներ անցկացնելու իրավասություն Ազգային հանձնաժողովը։ – Այստեղ երկու կոպիտ խախտում է արվել, որի հետեւանքներն անընդհատ զգալու ենք։ Նախ, ըստ գործող օրենքի՝ Ազգային հանձնաժողովը տարվա սկզբին պետք է հրապարակեր բոլոր ազատ հաճախությունները եւ հայտարարեր ընդհանուր մրցույթ, ինչը նա չի կատարել եւ պարզ է, թե ինչու։ – Հանձնաժողովի նախագահը հայտարարում է, թե ազատ հաճախություններ չկան։ – Իսկ կապի լիազոր մարմնի ղեկավարը՝ նախարար Անդրանիկ Մանուկյանը, հայտարարում է, թե կան ազատ հաճախություններ։ Ավելին, այս ընթացքում պարզվեց, որ կան անգամ այնպիսի հաճախություններ, որոնք ներառված չէին հաճախությունների հրապարակված իբր ամբողջական ցանկում։ Դրանցից մեկն, ասենք, առանց մրցույթի տրամադրվեց Հանրային հեռուստաընկերությանը՝ Ազգային երաժշտական ալիքի համար։ Եթե ընթացքում ի հայտ են գալիս նոր հաճախություններ, ուրեմն՝ օրենքի պահանջը չի կատարվել ամբողջությամբ։ Սա հարցի մի կողմն է։ Մյուս կողմը, որ ավելի կոպիտ ոտնահարում է, այս է՝ պետք է հայտարարվեր ընդհանուր մրցույթ եւ ոչ թե հատ-հատ։ Բայց, ասենք, ինչ-ինչ պատճառով մի հաճախության տեխնիկական պայմանները չեն բավարարում, խոտանված են։ Քանի որ մրցույթը նաեւ պայմանագիր է հեռուստառադիոընկերության եւ պետության միջեւ, վերջինս պարտավոր է ապահովել տեխնիկական անհրաժեշտ հնարավորությունները եւ տրամադրել այլ կապուղի։ Բայց այլ հարց է առաջանում. իրականում խստորեն խեղաթյուրվել է օրենքի տրամաբանությունը նրանով, որ մրցույթները հայտարարվել են ըստ հաճախությունների։ Նրանք ամենեւին չունեին այդպիսի իրավունք։ – Ազգային հանձնաժողովի նախագահն առայժմ նպատակահարմար չի գտնում մրցույթ հայտարարել 4 կապուղիների համար, որոնք արտոնագիր ընդհանրապես չունեն եւ գործում են պայմանագրով։ Նա նշում է, թե օրենքով կարգավորված չէ՝ երբ պիտի լինի նման կապուղիների մրցույթը։ Իրո՞ք այդպես է։ – Օրենքը շա՛տ հստակ սահմանել է դա։ Եթե որեւէ մեկը վարձակալում է այս կամ այն կապուղին, ապա նա կարող է այդ եթերը զբաղեցնել այնքան ժամանակ, քանի դեռ մրցույթով հաղթող չի ճանաչվել։ Բայց մրցույթը չի կարելի հետաձգել, քանի որ օրենքի պահանջն է՝ առնվազն տարին մեկ հայտարարվում են բոլոր ազատ հաճախությունները եւ կազմակերպվում է մրցույթ։ – Քանի որ ազատ, զբաղեցված ու չհատկացված հասկացությունների կատարյալ շփոթ է, վիճելի է, այն կապուղիները, որ զբաղեցնում են արտոնագիր չունեցող «Պրոմեթեւսն» ու «Ար»-ը, «Սինեմաքսն» ու «HTB»-ն, համարվում են ազա՞տ։ – Այո՛։ – Եվ առաջին հերթին դրա՞նք պիտի մրցույթի դրվեին ու ոչ «Ա1+»-ի կամ «Նոյյան Տապանի» կապուղինե՞րը։ – Այո՛։ Ավելի շուտ՝ դրանց համար պիտի մրցույթ հայտարարվեր Ձեր նշած բոլոր ալիքների հետ միաժամանակ։ Խնդիրն այս է. եթե ցանկություն կա արհեստական խառնաշփոթ մտցնելու՝ միշտ էլ հնարավոր է։ Բայց իրականում այս հարցում օրենքի տեսակետից գոյություն չունի խառնաշփոթ։ Հնարավոր է, որ կան առանձին թերություններ։ Բայց ոչ այն աստիճանի, որքանով Ազգային հանձնաժողովի ամբողջ գործունեությամբ խեղաթյուրվել է այս ամբողջ դաշտը։ Հանձնաժողովը կայացնում է որոշումներ եւ կատարում է գործողություններ, որոնք բացահայտ հակասում են օրենքին։ Այստեղից է գալիս այս ամբողջ խառնաշփոթը եւ, վերջիվերջո, շատ դժվար է դառնում՝ մնալով օրենքների շրջանակում՝ հասկանալ, թե ինչ է կատարվում։ Իրականությունը շատ պարզ է։ Ոչ իրավական պետություն է, որտեղ փորձ է արվել «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենք ընդունելով՝ ավելի անկախ դարձնել այդ լրատվամիջոցները գործադիր իշխանությունից։ Այսօր կատարվում են օրենքի կոպիտ խախտումներ, քանի որ դրա որոշ դրույթներ իրոք ուղղված են այդ նպատակին։ Իսկ նման զանգվածային լրատվամիջոցների անկախությունը ձեռնտու չէ գործադիր իշխանությանը եւ իր կողմից ձեւավորված կամակատար Ազգային հանձնաժողովին, ուստի վերջինս գործում է օրենքի ոգուն, տրամաբանությանը եւ տառին հակառակ։ Իրավական պետությունում նման բանն անհնարին կլիներ, քանի որ կա դատարան, եւ այն պարտավոր կլիներ վերականգնել արդարությունը։ Իսկ քանի որ դատարանը եւս մի լծակ է իրենց ձեռքում եւ նույնպիսի կամակատար՝ ինչպես հանձնաժողովը, ամեն ինչ ընկնում է իր տեղը։ Զրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել