Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե «ԱրմենՏել» չէ, ուրեմն «դըզզ» է

Օգոստոս 22,2002 00:00

Եթե «ԱրմենՏել» չէ, ուրեմն «դըզզ» է «ԱրմենՏելի» եւ ինտերնետային օպերատորների միջեւ պայքարը գնալով վերածվում է քիքբոքսինգի։ Վերջին նորությունն այն է, որ օգոստոսի 15-ին «ԱրմենՏելը» գրություններ է ուղարկել այն կազմակերպություններին, որոնց շենքերի տանիքներում տեղադրված են Ինտերնետ ցանցի բաշխիչ սարքավորումներ, պահանջելով անջատել կապուղիները։ Հակառակ դեպքում «ԱրմենՏելը» սպառնում է կտրել հեռախոսակապը եւ զրկել հեռահաղորդակցության այլ միջոցներից։ Քանի որ գրության պատճենն ուղարկվելու էր նաեւ ՆԳՆ Երեւանի Կենտրոն ՆԳ բաժնի պետ Ա. Միրիջանյանին (ինչպես նշված է գրություններում), ապա սպառնալիքը տեղ է հասել եւ մի քանի բաժանորդներ արդեն տեղի են տվել («Եվա» ինտերնետ ծառայություն, «Արդշինբանկ» եւ այլն)։ Ի դեպ, «ԱրմենՏելի» նիզակն ուղղված է հիմնականում «Հայհամակարգիչ» կենտրոնի եւ «Սոֆտ Նոտա» ընկերությունների բաժանորդների կողմը, որպես ամենամեծ գլխացավանք պատճառող հակառակորդների։ Սակայն «ԱրմենՏելի» «առաքյալները» նույն սպառնալիքներով շրջում են նաեւ ինտերնետից օգտվող քաղաքացիների տներում եւ, օրինակ, օգոստոսի 16-ին Դավիթաշենի 36 հեռախոսակայանի 16 բաժանորդների հեռախոսներն անջատվել են՝ պատճառաբանությամբ, որ նրանք օգտվում են ինտերնետից։ «ԱրմենՏել»-ականներն այլեւս անցել են իրենց մենաշնորհային իրավունքի պաշտպանությանը, «մենաշնորհելով» նաեւ քաղաքացիների իրավունքների պաշտպանության (իսկ տվյալ դեպքում՝ ոտնահարման) իրավունքը։ Հիշյալ գրությունների հետ կապված՝ ՀՀ գլխավոր դատախազ Ա. Թամազյանին գրավոր բողոքներ են ուղղել «Հայհամակարգիչ» կենտրոնի եւ «Սոֆտ Նոտա» ընկերության տնօրենները, խնդրելով միջամտել եւ կանխել «ԱրմենՏելի» կամայականություններն ու հակաօրինական գործողությունները։ Նրանց կարծիքով, «ԱրմենՏելն» այս քայլերը ձեռնարկել է, որպեսզի ճնշում գործադրի դեռեւս անավարտ դատական պրոցեսի վրա (հայցվոր՝ «Հայհամակարգիչ» կենտրոն), ինչպես նաեւ կանխի «Սոֆտ Նոտա» ՍՊԸ-ի կողմից նախապատրաստվող նոր դատական գործի հարուցումը։ Ինչ վերաբերում է հեռահաղորդակցության ոլորտում «ԱրմենՏելին» տրված բացառիկ մենաշնորհին, ապա կրկին (այս անգամ էլ՝ «Հայհամակարգիչի» տնօրեն Վ. Մխիթարյանի բառերով) նշում ենք, որ «կառավարության թիվ 60 լիցենզիայով «ԱրմենՏելին» տրամադրվել է միայն եւ միայն ՀՀ տարածքում հեռախոսակապի ծառայությունների եւ հեռախոսակապի ծառայությունների միջազգային ելքի մատուցման բացառիկ իրավունքը, իսկ այլ ծառայությունների, այդ թվում՝ հեռագրային, ռադիոկապ, ինտերնետ, հեռուստատեսային եւ այլն, միջազգային ելքի մատուցումը տրամադրվել է ոչ բացառիկ իրավունքով, ինչը հստակ ամրագրված է նույն լիցենզիայի 5Ա 2 եւ 3 բաժիններում»։ «Իսկ ինչո՞ւ սեւով սպիտակի վրա գրված այդ բացահայտ ճշմարտությունը չի ընդունում մեր կառավարությունը եւ վերջնական լուծում չի տալիս խնդրին» հարցին Վ. Մխիթարյանը պատասխանեց, որ «դա հնարավոր կլիներ, եթե կառավարությունը չլիներ «ԱրմենՏելի» փայատեր, իսկ այժմ պաշտպանում է նրան ըստ ընդունված կանոնակարգի»։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031