Լրահոս
Օրվա լրահոսը

Աղանդները շեղում են մարդու հոգեկերտվածքը

Օգոստոս 22,2002 00:00

Աղանդները շեղում են մարդու հոգեկերտվածքը Կարիքավորները՝ աղանդների թիրախ Դեռեւս Եզնիկ Կողբացին իր 8220«Եղծ աղանդոցի»8221 առաջին գրքում, գրելով հեթանոսական աղանդների հերքման մասին, շեշտում է. «8220Արդ՝ Աստծու եկեղեցու գործն է՝ արտաքիններին դատապարտել ճշմարիտ իրողություններով, առանց Գրքի, իսկ կարծեցյալ եւ ոչ արդարացի ներքիններին՝ Սուրբ Գրքով»: Չի եղել ժամանակաշրջան, որ Տիրոջ Խոսքի առաքելությունը շարունակողն ու իրականացնող Ընդհանրական եկեղեցին զերծ լինի ամենատարբեր կրոնական շարժումների զուգահեռաբար գոյությունից: Սակայն այժմ աղանդները վտանգ են ներկայացնում հասարակության համար այնքանով, որքանով առանձին մարդկանց համար կրոնական որեւէ շարժման անդամակցելը կյանքից հրաժարվել է նշանակում թե հարաբերական, եւ թե ուղիղ իմաստով: Մեր հարցերին պատասխանում է Արարատյան Հայրապետական թեմի դիվանապետ Տեր Հայկազուն քահանա Մկրտչյանը: – Ի՞նչ է աղանդը: – Աղանդը մարդկանց խումբ է, որոնք միավորվել են Աստվածաշնչի՝ ինչ-որ մեկի կողմից արված կեղծ մեկնաբանության շուրջ: Բազում փաստեր կան, որ որոշակի աղանդների գործունեությունը վտանգում է հասարակական կյանքի բնականոն ընթացքը, խաթարում է հայ ընտանիքի ամուր հիմքերը: Շատ երկրներում, ինչպես, օրինակ Ֆրանսիայում, արգելվում է այն կրոնական կազմակերպությունների գործունեությունը, որոնք սպառնում են մարդու առողջությանը, կենսագործունեությանը: Աղանդները գոյություն ունեն այնքան ժամանակ, որքան քրիստոնեությունը: Դեռ Հիսուս Քրիստոսն է զգուշացնում. «Զգույշ եղեք սուտ մարգարեներից, որոնք մոտենում են Ձեզ ոչխարի զգեստներով, բայց ներսից հափշտակող գայլեր են» /Մատթեոս 7:15/: Ելնելով իրենց մարտավարությունից, շատ աղանդավորական շարժումներ իրենց քրիստոնեական են կոչում, սակայն ուսմունքով հակաքրիստոնեական են: Աղանդավորներին հատուկ են նաեւ Սուրբ Գրքի թարգմանչական աղավաղումներ, մասնավորապես այն հատվածներում, որոնք չեն համապատասխանում իրենց կեղծ ուսմունքին: – Որո՞նք են Հայ Առաքելական եկեղեցու եւ քրիստոնեական համարվող աղանդների տարբերությունները: – Համեմատել Հայ Առաքելական եկեղեցին աղանդների հետ՝ չի կարելի: Հայ Առաքելական եկեղեցին արեւելյան ուղղափառ եկեղեցիների թվին է դասվում: Հայ ժողովրդի ազգային ավանդական եկեղեցին հիմնված է Հիսուս Քրիստոսի Թադեւոս եւ Բարդուղիմեոս առաքյալների կողմից՝ առաջին դարում: Այն պաշտոնապես կազմակերպվեց Սբ. Գր. Լուսավորչի առաքելությամբ եւ Տրդատ թագավորի գործունեությամբ՝ 301 թվականին: Այդ օրվանից եկեղեցին, պետությունը եւ ազգը ապրել եւ գոյատեւել են իբրեւ մեկ ամբողջություն: Հայ եկեղեցու դավանանքն ու վարդապետությունը հիմնված են Սուրբ Գրքի, սրբագույն ավանդույթների, Տիեզերական երեք ժողովների եւ եկեղեցու հայրերի հաստատած կանոնների եւ ուսուցումների վրա: Աղանդները գոյություն ունեցող ճշմարիտ դավանությունից խոտորված կեղծ ուսմունքներ են, հիմնված իրենց առաջնորդների կարծեցյալ առավելությունների վրա: Այդ պատճառով կեղծվում է դարավոր քրիստոնեական ուղղափառ վարդապետությունը, տրվում են Սուրբ Գրքի սխալ մեկնաբանություններ: Քրիստոսի եկեղեցին միշտ էլ պայքարել է աղանդների դեմ, ցույց տալով նրանց սնանկ ու կեղծ լինելը: – Ինչպե՞ս է աղանդավորներին հաջողվում անդամագրել եւ իրենց շարքերում պահել մարդկանց: – Բոլոր աղանդավորներն ունեն գործելու ընդհանուր սկզբունք՝ 8220«հոգեորսություն»: Աղանդին անդամագրվելուց առաջ մարդուն ներշնչում են, թե մինչ այս պահը իր կյանքում ամեն ինչ սխալ է եղել: Այնուհետեւ փորձում են խզել նորեկի կապերը արտաքին աշխարհի հետ, որից հետո մարդն ընկնում է խմբային ճնշման տակ: Նորեկին սկսում են նոր հավատք ներշնչել: Կրոնի առաջնորդի ցանկացած խոսք պետք է անվերապահորեն ընդունվի: Մարդը զրկվում է ազատ դատելու, մտածելու հնարավորությունից: Դա նույնպես հակասում է քրիստոնեության սկզբունքներին: Աստված մարդուն ազատ կամք է շնորհել: Աղանդին անդամագրվելու նախապայման է նաեւ մարդկանց տնտեսական ծանր վիճակը: Աղանդավորների կողմից կարիքավորներին մեկ անգամ բաժանվող սնունդն ու հագուստը խայծ է աղանդի մեջ ներքաշելու համար: – Ինչու՞ են աղանդավորները կորցնում հոգու հավասարակշռությունը: – Մարդը աղանդի մեջ ընկնելով՝ զրկվում է ոչ միայն իր ժողովրդից եւ ազգից, այլեւ քրիստոնեական ուսմունքից եւ եկեղեցուց: Աղանդները շեղում են մարդու ազգային, ավանդական հոգեկերտվածքը: Զանգվածային պսիխոզի միջոցով մարդուն գցում են մի վիճակի մեջ, որը կարող է հանգեցնել հոգեկան խանգարումների: Հայտնի են փաստեր, երբ աղանդավորական հավաքների ժամանակ կատարվում են զանգվածային հիպնոսի սեանսներ, օգտագործվում են մարդու բանականության վրա ազդող պսիխոտրոպ նյութեր: Ավելացնենք, որ Հայաստանում այժմ գործող գրեթե բոլոր աղանդավորական շարժումները ձեւավորվել են 19-րդ դարի վերջում եւ 20-րդ դարի սկզբում՝ ԱՄՆ-ում: Հարկ է նշել, որ Հայաստանում գործում է նաեւ իսլամական բահաիստական աղանդը: Հատկանշական է, որ մահմեդականների կողմից դատապարտված այդ կրոնական ուղղությունը իր հետեւորդներն ունի Հայաստանում: Զրուցեց ՊԵՏՐՈՍ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել