Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՊԱՏԱԿԸ ՊԱՐԶ Է, ՈՒՂԻՆ՝ ԲԱՐԴ

Օգոստոս 22,2002 00:00

ՆՊԱՏԱԿԸ ՊԱՐԶ Է, ՈՒՂԻՆ՝ ԲԱՐԴ Ֆուտբոլի Եվրոպայի 2004թ. առաջնության խմբային մրցաշարի մեկնարկային հանդիպմանը նախապատրաստվող Հայաստանի ազգային հավաքականն օգոստոսի 20-ին ստուգողական խաղ անցկացրեց Գյումրիի «Շիրակի» հետ եւ հաղթեց 2։1 հաշվով։ Հաշիվն, անշուշտ, չի բավարարում, սակայն նկատի ունենանք, որ մեր գլխավոր թիմի կազմում տարբեր պատճառներով բացակայում էին հիմնական վեց լեգեոներականներ՝ Ռոման Բերեզովսկին, Սարգիս Հովսեփյանը, Արթուր Պետրոսյանը, Հարություն Վարդանյանը, Արթուր Ոսկանյանը եւ Ռոմիկ Խաչատրյանը։ Օսկար Լոպեսը, մյուսների խաղին ծանոթանալու նպատակով, հավաքականը խաղադաշտ դուրս բերեց տրամադրության տակ եղած մարտական կազմով։ Առաջին խաղակեսն անցավ հավաքականի շոշափելի առավելությամբ, որն արտացոլվեց նաեւ խփված երկու գոլերով։ Ընդմիջումից հետո կարողությունները ցուցադրելու առիթ ընձեռվեց նաեւ մյուս ֆուտբոլիստներին։ Բայց նրանք ի վիճակի չեղան ոչ ուժեղացնել խաղը, ոչ գոնե պահպանել ունեցած առավելությունը։ «Շիրակը» սկսեց ակտիվանալ ու շուտով տիրեց նախաձեռնությանը։ Եվ 56-րդ րոպեին կրճատեց հաշվի մեջ եղած տարբերությունը։ Օսկար Լոպեսը նույն գիշեր պատրաստվում էր մեկնել Կիեւ՝ անձամբ դիտելու Ուկրաինա-Իրան ստուգողական հանդիպումը, սակայն «Շիրակի» գլխավոր մարզիչ Անդրանիկ Ադամյանի հետ կարճատեւ մամուլի ասուլիս հրավիրեց։ Պատասխանելով «Առավոտի» տված հենց առաջին հարցին, որը վերաբերում էր խաղի ընթացքին եւ գրանցված արդյունքին՝ Օսկար Լոպեսը պատասխանեց, որ երկուսն էլ իրեն անհանգստացնում են։ Առաջին խաղակեսում դաշտ մտան հավաքականի հիմնական թեկնածուները եւ մի քանի լեգեոներականներ, երկրորդում՝ հիմնականում նրանք, ում չէր ճանաչում, եւ երեք 16-17 տարեկան ֆուտբոլիստներ։ «Այս խաղն ինձ բավարարեց այնքանով,- ասաց Լոպեսը,- որ ինձ պարզ դարձավ, թե ովքեր կարող են հավակնել հավաքականի հիմնական կազմին»։ Բայց ինքը դեռ պիտի դատի սառը ուղեղով, մոտ օրերս թիմերի մարզիչների հետ խորհրդակցելուց հետո միայն վերջնական որոշում կայացնի։ «Ես կարծում եմ, որ սա այն թիմը չէր, որ պետք է խաղա Ուկրաինայի հետ»,- ասաց արգենտինացի մարզիչը։ Սեպտեմբերի 7-ին խաղադաշտ կմտնեն միայն ամենաարժանավորները։ «Շիրակի» գլխավոր մարզիչ Անդրանիկ Ադամյանը, որը նաեւ երիտասարդական հավաքականի ղեկավարն է, ասաց, որ այս հանդիպումը, թերեւս, ավելի օգտակար եղավ գյումրեցիների համար։ Առաջին խաղակեսում Անդրանիկ Ադամյանն իր սաների գործողություններում լարվածություն էր տեսնում։ Բայց շուտով ամեն բան կարգավորվեց, ու իր կարծիքով խաղը ստացվեց։ Որպես երիտասարդականի գլխավոր մարզիչ, նա ցավով նշեց, որ մեզանում հավաքականների հետ լիարժեք աշխատելու եւ պատասխանատու մրցումներին պատշաճ մակարդակով ներկայանալու համար, որպես կանոն, ժամանակը չի հերիքում։ Հիմա էլ ինքն արդեն երրորդ ուսումնամարզական հավաքն է անցկացնում, սակայն մինչեւ այժմ բացակայել են այն ֆուտբոլիստները, ում ինքը կուզեր տեսնել։ Երիտասարդների հետ աշխատելու ժամանակ է պետք, որն, ինչպես ասվեց, չկա։ Նույն խնդրի առջեւ է հայտնվել նաեւ Լոպեսը։ Ուկրաինայի հետ խաղին շատ քիչ ժամանակ է մնացել, ու նա այլեւս հնարավորություն չունի տեսնելու նրանց, ովքեր չկարողացան գալ հանդիպմանը։ Ազգայինի հետ նույնպես աշխատելու, սեփական ձեռագիր մշակելու, ֆուտբոլիստների միջեւ դաշտում փոխըմբռնում հաստատելու անհրաժեշտություն կա։ Այնպես որ, դժվար չէ պատկերացնել վիճակը, որում հայտնվել է Լոպեսը խաղացողների ընտրության խաղը կազմակերպելու հարցում։ ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել