Լրահոս
Օրվա լրահոսը

Հարեւանի հարսն ավելի սիրուն է

Օգոստոս 23,2002 00:00

Հարեւանի հարսն ավելի սիրուն է Ստացվում է, որ տասնամյակներ շարունակ Հայաստանում մարզական ղեկավարությունն այս սկզբունքով է առաջնորդվել, մասնավորապես, կոխ ըմբշամարտի պարագայում։ Այսպես կարծելու հիմք ծառայեց ՀՀ սպորտվարչությունում Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիայի հրավիրած մամուլի ասուլիսը՝ Կուրաշի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Ալեքսան Ավետիսյանի հետ, որն օգոստոսի 30-ից սեպտեմբերի 2-ը Երեւանի «Դինամո» մարզադահլիճում անցկացվելիք ուզբեկական կուրաշ ազգային ըմբշամարտի աշխարհի 4-րդ առաջնության կազմկոմիտեի նախագահն է։ Պրն Ավետիսյանը լրագրողներին տեղեկացրեց, որ աշխարհի առաջնությանը մասնակցելու է 37 երկրների շուրջ 200 մարզիկ-մարզուհի (նրանք ներկայացնում են բոլոր աշխարհամասերը), իսկ Երեւան ժամանողների ընդհանուր թիվը, որոնց մեջ լինելու են նաեւ տարբեր երկրների բարձրաստիճան այրեր, պետական ու քաղաքական գործիչներ, հայտնի գործարարներ, կհասնի 500-ի։ Մասնակիցների ժամանման, մեկնման ու տեղում կազմակերպական որոշ խնդիրների լուծումն ամբողջությամբ հոգացել է Կուրաշի միջազգային ֆեդերացիան եւ միայն հյուրանոցներում տեղավորելու գործն է դրված մարզաձեւի հանրապետական ֆեդերացիայի ուսերին։ Իսկ սա այսօրվա դրությամբ ֆինանսների հայթայթման հետ կապված դժվարություններ ունի։ Քանի որ կուրաշը մեր մարզական լրագրողների համար անծանոթ մարզաձեւ է, հարց ու պատասխանի միջոցով մենք որոշ նախնական պատկերացում կազմեցինք դրա մասին։ Տեղեկացանք նաեւ, որ առաջնության օրերին կայանալու է Կուրաշի միջազգային ֆեդերացիայի համաժողով, որում լինելու են ղեկավար կազմի ընտրություններ, լուծվելու են կազմակերպչական այլ հարցեր։ Լրագրողներին հետաքրքրեց, թե ինչո՞ւ մեզ մոտ՝ Հայաստանում, պատշաճ ուշադրություն չի դարձվում հայկական ավանդական ազգային կոխ ըմբշամարտին, որը նույնպես հազարամյակների պատմություն ունի։ Ավելին, ինչո՞ւ այստեղ նույն ուզբեկների օրինակով ժամանակին չեն մտածել կոխն աշխարհին ճանաչելի դարձնելու մասին, որի արդյունքը կարող էր այսօր ավելի կամ պակաս չափով նույնը լինել։ Ալեքսան Ավետիսյանը տեղեկացրեց, որ այդ մասին մտածում են շուրջ 40-50 տարի։ Ժամանակին գրել են կանոնադրություն, որոշել քաշային կարգերը, այլ մանրամասներ։ Բայց ինչ-ինչ պատճառներով նախաձեռնությունը անհրաժեշտ շարունակություն չի ունեցել։ Որ ցանկացած մարզաձեւ, այդ թվում՝ կոխը, միջազգային ասպարեզ դուրս բերելու համար հսկայական ռեսուրսներ են հարկավոր, այն էլ մեր ժամանակներում, հասկանալի է, բայց դրանից առաջ պետք է ունենալ մեծ ցանկություն, բարի կամք, հետեւողականություն։ Մի բան, որ բացակայել է։ Ասվածն ավելորդ ժամավաճառություն է թվում, երբ ստիպված ես լինում փաստել, որ նույն կոխ ըմբշամարտը անգամ Հայաստանում ոչ միայն տարածում չի ստանում, այլեւ, կարծես, դադարում է գոյություն ունենալուց։ Նույն Ա. Ավետիսյանը չկարողացավ հիշել, թե Հայաստանում վերջին անգամ երբ է ազգային այս մարզաձեւից հանրապետական առաջնություն անցկացվել։ Իսկ մեր այն հարցին, թե Հայաստանում կոխի ֆեդերացիա կա՞, պատասխանը մոտավորապես այսպիսին էր. «Որքան գիտեմ, արդարադատության նախարարությունում գրանցված են երեք տարբեր հանրապետական ֆեդերացիաներ»։ Սա արդեն աբսուրդի ժանրից է, եթե, իհարկե, համապատասխանում է իրականությանը։ Մի մարզաձեւից երեք անկախ, գուցե անկապ ֆեդերացիաների գոյությունը ենթադրում է դրա լիակատար տապալում։ Մի բան, որ մեզանում կարծես փառավորապես ստացվել է։ Իսկ այն, որ կուրաշի առիթով Հայաստանում կոխի ցուցադրական ելույթներ կազմակերպելու ցանկություն կա, աբսուրդից էլ մի բան այն կողմ է ու առնվազն տրագիկոմեդիա է։ Ինչեւէ, հուսանք եւ հավատանք, որ գոնե ուզբեկական կուրաշը Հայաստանում ազգային կոխ ըմբշամարտի պահպանման ու զարգացման հեռանկարի հիմք կծառայի։ Իսկ ստեղծված իրավիճակի համար, ինչպես նշեց ասուլիսում մեր գործընկերներից մեկը, անտարբերության առումով մեղքի մեծ բաժին ունենք նաեւ մենք՝ մարզական լրագրողներս։ ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ Վերջում հիշեցնենք, որ հիմա Հայաստանում յուրաքանչյուր առանձին մարզաձեւի համար թիվ 1 պատասխանատուն դրա հանրապետական ֆեդերացիան է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել