Լրահոս
Օրվա լրահոսը

Բարդին, բակը եւ բնակիչները

Օգոստոս 24,2002 00:00

Բարդին, բակը եւ բնակիչները Մթի ու ցրտի տարիներից մնացած ժառանգություն է ծառահատումը։ Քաղաքի հատուկենտ հնամյա ծառերը զոհ են դառնում պարբերաբար։ Թեպետ ծառահատման համար միշտ էլ տրամաբանական եւ օրինավոր հիմքեր կան։ Ծառը փտած է, չորացել է կամ վտանգ է սպառնում բնակիչներին։ Եթե հանկարծ վաթսունամյա բարդին շրջվի, ո՞վ է պատասխան տալու։ Երեւանի երեկոյան ուժգին քամիներից ծառը ճոճվում է, վտանգ կա, որ էլեկտրալարերի վրա ընկնի ու հրդեհի բակամիջի սեփական տները։ Այդպիսի մի դեպք պատահեց կիրակի՝ օգոստոսի 18-ին։ Բակի սաղարթախիտ բարդին զոհ գնաց բնակիչների վախին։ Թեպետ «Կանաչապատում» ՓԲԸ-ի մասնագետի եզրակացությունը կար, ըստ որի, ծառը ենթակա է կարճեցման կամ «սանիտարական կորեկցիայի», բայց չեմ կարծում, որ այդ հապշտապ սղոցումը անհետաձգելի էր։ Բոլոր դեպքերում ծառահատումը պիտի կատարվի ծառի «քնած» շրջանում՝ ուշ աշնանը, տերեւաթափից հետո կամ նախքան տերեւակալումը։ Իսկ այս բարդին անխնա սղոցվեց մի կիրակի օր, երբ փակ էին թաղապետարանը, քաղաքապետարանը։ Բակի հին բնակիչներից մեկը մի ամիս առաջ հայտնել էր ծառը կտրելու մասին, բարդու կողքից անցնում են վերգետնյա էլեկտրալարերը եւ վտանգավոր է, կարող է հրդեհվել։ Ես մերժեցի ծառահատման համար դրամ տալ, բայց ասացի, որ լարերը՝ փտած գերանով հանդերձ, տեղափոխելու դեպքում կմասնակցեմ դրամահավաքին։ Այնուհետեւ ոչ մի լիազոր կամ հնաբնակ իմ դուռը չի ծեծել ու չի հիմնավորել ծառահատումը եւ չի առաջարկել մասնակցել օրինավոր գործընթացին։ Բացատրական աշխատանքը կատարվեց ծառահատումից հետո եւ ինձ «համոզեցին», որ դա իրոք անհրաժեշտ էր։ Ծառահատումից մեկ օր հետո, երկուշաբթի երեկոյան ես կարդացի վերոնշյալ մասնագիտական եզրակացությունը, որում նաեւ նշված էր. «Քանի որ տարածքը գտնվում է «Կենտրոն» համայնքի թաղապետարանի ենթակայության տակ՝ անհրաժեշտ է թաղապետարանի թույլտվությունը»։ Կիրակի օրը թաղապետարանից ներկայացուցիչ չկար։ Քաղաքի գլխավոր ճարտարապետի՝ Նարեկ Սարգսյանի խորհրդով զանգահարեցի 02։ Եկան ու գնացին՝ չկարողանալով կասեցնել ծառահատումը։ Անիմաստ էր արդեն թաղապետարան գնալ՝ ստուգելու կա՞ թույլտվություն, թե՞ ոչ։ Բնական է, ոչ ոք չի ցանկանա վտանգի մեջ տեսնել իր հարեւաններին։ Իմ անտեղի միջամտությունը, լացն ու կոծը խանգարեց ծառահատմանը մեկ ժամով, որի համար հատուցեցի եւ լսեցի սպառնալիքներ կազմակերպիչներից մեկի միջոցով։ Պրն Սիսակն ինձ ասաց, որ կբողոքի գլխավոր խմբագրին, որ այլեւս այս բակում ոչ մի լավ բան չի ձեռնարկի իմ նմանների պատճառով։ Համոզված եմ, որ այդ խոսքերը չէին հնչի, եթե բնակիչներին ճիշտ բացատրություններ տրված լիներ ի սկզբանե։ Իսկ ծառը գլխատված է։ Հաջորդ տարի նոր ընձյուղներ կտա եւ սոսափով կլցնի մեր անհաշտ բնակիչներով բակը, գուցե եւ իր սոսափով մաքրի սպանդի հուշը։ Որ չճաքի ցավից սիրտս՝ Խշշա՜, բարդի ջան, խշշա… Բարդիս, դու այլեւս չես խշշալու ամառային ուշ գիշերին, քո ուսին լուսինը չի նստելու, քանզի դու արդեն ուս չունես, չունես գլուխ եւ ձեռքեր։ Քեզ գլխատեցին, հատեցին դալար ճյուղերդ մանգաղով ու սղոցով։ Դու տեսար սաղարթիդ փրթումը, կանաչ տերեւներդ վաղաժամ մահը։ Տեսար կենդանի մարմնիդ անդամահատումը։ Ապա սեգ հասակդ կիսեցին, մեջքդ կոտրեցին, գլխատեցին քեզ… Բարդիս, սիրելիս, դու մխրճել էիր քո կանաչը այս լուրթ երկնքի մեջ ու աստղերի հետ էիր զրուցում։ Հիմա լուռ ես, ոտքի վրա կիսամեռ դիակ։ Բուրմունքդ խնկահոտ է՝ քո կանաչ տերեւների ու շիվերի հիշատակին։ Ես գիտեմ, դարձյալ կսոսափես, կխշշաս՝ տաք, բաբախուն ու կենդանի… որ չճաքի ցավից սիրտս… ՇԱՔԵ Ա. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել