Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐԸ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՀԱՐՄԱՐԵՑՆԵԼ ՄԻՄՅԱՆՑ

Օգոստոս 24,2002 00:00

ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐԸ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՀԱՐՄԱՐԵՑՆԵԼ ՄԻՄՅԱՆՑ 2002թ. հունիսի 19-ին գործարար Հովհաննես Հայրապետյանի յոթի օրը, Հայրապետյանների բակում սպանվեց մեկ այլ գործարար՝ Հովհաննես Մանուկյանը։ Սպանությունը տեղի ունեցավ հրապարակային, դատախազության տասնյակ աշխատակիցների ուղղակի քթի տակ (նրանք եկել էին մասնակցելու իրենց գործընկերոջ եղբոր յոթի արարողությանը)։ Սպանության որոշ մոտիվներ նման են «Առագաստ» սրճարանում կատարված մեկ այլ՝ Պողոս Պողոսյանի սպանությանը։ Ոչ ոք չի համարձակվել կանխել սպանությունը, միջամտել, օգնել Հովիկ Մանուկյանին, իսկ այսօր էլ՝ նախաքննության փուլում տալ վկայություններ։ Գործը Քանաքեռ-Զեյթուն եւ Արաբկիր համայնքների դատախազությունից տեղափոխվել է ՀՀ գլխավոր դատախազություն եւ նախաքննությունն այս փուլում իրականացնում է ՀԿԳ քննիչ Արմեն Նադիրյանը։ Երեկ տեղեկացանք, որ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Հովիկ Արսենյանը գլխավոր դատախազությանն ուղղված միջնորդությամբ է հանդես եկել։ Փաստաբանը միջնորդում է՝ կատարել դեպքի պարագաների եւ հանգամանքների վերականգնում, պարզելու, թե քանի մետր հեռավորությունից է կրակոցներն արձակվել Հովհաննես Մանուկյանի վրա։ Փաստաբանին հետաքրքրում էր մասնավորապես, թե արդյոք «Նագանից» արձակված գնդա՞կն է հայտնաբերվել Հ. Մանուկյանի մարմնում։ Միջնորդության մեջ կարեւորվում է նաեւ բժիշկ Պ. Անանիկյանի եւ բուժքույր Նազիկի հետ Մանուկյանի եղբորորդու առերես հարցաքննությունը։ Ի դեպ, տուժողի իրավահաջորդ Ղազար Մանուկյանն իր բողոք-դիմումներում (հասցեագրված տարբեր ատյաններ, թերթ) տեղեկացրել էր. «Վիրահատությունից հետո բժիշկ Անանիկյանը մեզ հայտնեց, որ Հովհաննեսի մարմնից փամփուշտի 2 գնդակ է հանել։ Սակայն այդ 2 գնդակները մահվան փաստաթղթերից անհետանում են, որը «գժի թուղթ» ունեցող մարդասպան Միշա Քալանթարյանին «ինքնախոստովանությամբ» ներկայանալու եւ իբր սպանության գործիք հանդիսացող երկու ատրճանակ հանձնելու հնարավորություն է տալիս»։ «Ծանոթանալով քրեական գործով կատարված դատաձգաբանական եւ դատաբժշկական փորձաքննությունների եզրակացություններին,- նշում է տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ- փաստաբանը,- ինձ համար այլեւս պարզ դարձավ, որ փորձ է արվել ապացույցները խեղաթյուրելով հարմարեցնել միմյանց»։ Որպես օրինակ բերվում է Հովհ. Մանուկյանի մարմնի վնասվածքը. «Այդ ինչպես է, որ մի դեպքում դեպի դուրս ուղղված վնասվածքի դեպքում առաջացել են 8 հատ ճառագայթաձեւ մինչեւ 0,3 սմ երկարությամբ պատռվածքներ ու վերնաշապիկի վրա թողել է 25,5X8 մմ չափի վնասվածք, իսկ ահա ներբանից 122 սմ բարձրության վրա, կրծքավանդակի ձախ կեսում առկա 0,6 սմ X 0,5 սմ չափերի «դեպի դուրս» ուղղված վնասվածքը չունի «ճառագայթաձեւ վնասվածքներ» եւ վերնաշապիկի վրա գնդակը թողել է 7,5 X 6 մմ չափերի վնասվածք, այլ ոչ թե եռակի խոշոր վնասվածք, ինչպես մյուս դեպքում»,- հարցնում է փաստաբանը։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել