Լրահոս
Օրվա լրահոսը

Ավազակախմբի հետքերը տանում են Գյումրի

Օգոստոս 24,2002 00:00

Ավազակախմբի հետքերը տանում են Գյումրի Մի շարք ծանր հանցագործությունների առնչությամբ հարուցված քրգործի (որի դատաքննությունն ընթանում է Վանաձորի Սպայի տան դահլիճում՝ հուլիսի 23-ից) առնչությամբ ներկայացնենք մի քանի դիտարկումներ։ Ամբաստանյալներից 2-ը, ինչպես պարզվեց դատաքննության ընթացքում, 2001թ. մայիսի 17-ին ավազակային հարձակման փորձ էր կատարել Վանաձորի տարադրամի կետերից մեկի աշխատակցի բնակարանի նկատմամբ (այդ կապակցությամբ գիշերը շքամուտքից անջատելով հիշյալ բնակարանի էներգասնուցումը եւ հեռախոսագիծը)։ Այդ առթիվ դատարանում վկայի ցուցմունքը հաստատեց մեղադրյալ Ա. Պետրոսյանը, նշելով, որ ինքն է անջատել եւ լույսը, եւ հեռախոսագիծը։ Բնակարանի տերը տեսել էր միայն դիմակավորված 2 անձանց, որոնք աղմուկից վախենալով, շտապ հեռացել էին։ Հատկանշական է, որ մեկուկես ամիս անց (այդ դեպքից) արդեն այդ տարադրամի կետի աշխատակցի նկատմամբ է հարձակում լինում։ Ահավասիկ, ներկայացնենք մեջբերում 2001թ. հուլիսի 8-ին տեղի ունեցած 2-րդ հարձակման առթիվ պաշտոնական հաղորդագրությունը. «Հուլիսի 8-ին, ժամը 10.30-ի սահմաններում անհայտ քաղաքացու կողմից Վանաձորի ՆԳ բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ Մյասնիկյան փող. թիվ 7 շենքի մոտ տարադրամի փոխանակման աշխատակցի գլխին անհայտ քաղաքացին հարվածել եւ փախուստի է դիմել։ Օպերատիվ խումբը պարզել է, որ անհայտ քաղաքացին տարադրամի փոխանակման կետի աշխատակից Տ. Ս.-ի գլխին բութ գործիքով հարվածել, ձեռքից հափշտակել է պոլիէթիլենային պայուսակը, որի մեջ եղել է 831 հազար դրամ։ Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ հուլիսի 21-ին պարզվել է, որ նշված կողոպուտը կատարվել է նախկինում ավազակության համար դատված, Գյումրիի բնակիչ Գ. Տերյանը»։ Ի դեպ, Գ. Տերյանը այդ դեպքի կապակցությամբ ցուցմունք էր տվել «02» հեռուստառեպորտաժի ժամանակ։ Փաստորեն, մայիսի 17-ի եւ հուլիսի 8-ի դեպքերը, որոնց առանցքում նույն տուժողն է, միմյանց տրամաբանական շարունակությունն են, մինչդեռ հուլիսի 8-ի դեպքի առնչությամբ քրգործը («Գ. Տերյան եւ մյուսներ») ավելի վաղ է քննության առնվել։ Չի բացառվում, որ 2 գործերով առնչվող բանդաները միմյանց հետ կապ են ունեցել։ «Ա. Պետրոսյան եւ մյուսներ» հանցախմբի անդամնե՛րն էլ էին Գյումրիում եւ Վանաձորում տարադրամի փոխանակման կետերի աշխատողների նկատմամբ ավազակային հարձակում կատարել, «Գ. Տերյան եւ մյուսներ» քրգործի անդամնե՛րն էլ (ավելացրած՝ հարձակումը նույն անձի եւ նրա բնակարանի նկատմամբ՝ տարբեր բանդաների կողմից)։ Երկու հանցախմբերի անդամներն էլ օգտվել են մետաղաձողերից, կրել են դիմակներ։ Հատկանշական է, որ 2002թ. հունվարին պաշտոնական հաղորդագրության մեջ նշվել էր, որ «Լոռու մարզում բացահայտվել է հանցավոր բանդա, որը 2001թ. ինչպես Վանաձորում, այնպես էլ Գյումրիում եւ Երեւանում, կատարել է ծանր հանցագործություններ», սակայն հուլիսի 23-ից ընթացող դատաքննության («Ա. Պետրոսյան եւ մյուսներ») ընթացքում ցուցմունքներ եւ վկայություններ էին հնչում նաեւ 1998թ. գողությունների վերաբերյալ։ ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ Վանաձոր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել