Լրահոս
Օրվա լրահոսը

Միստր X-ը անհայտներ ունի

Օգոստոս 28,2002 00:00

Միստր X-ը անհայտներ ունի Երիտասարդ երգիչ-երգչուհիների մեջ կա մեկը, որ տարբերվում է բոլորից, եւ ոչ միայն ձայնային տվյալներով։ «Միստր X» բեմական անունը նրա շուրջ խորհրդավորություն է ստեղծել։ Պտտվում են տարբեր խոսակցություններ՝ կապված շնորհալի երգչի դիմակ կրելու հետ, որը նա առայժմ չի պատրաստվում հանել։ Շուտով կթողարկվի Միստր X-ի «Քո աչքերը» խորագրով ալբոմը՝ 11 երգով։ Դրանք հիմնականում համաշխարհային երաժշտության նմուշներ են՝ Շառլ Ազնավուր, Ռոդրիգես, Կառվարենց եւ այլն։ Կլինի նաեւ երաժշտասերներին հայտնի «Ադաջիոն» եւ «Քո աչքերը» երգը՝ երկու տարբերակով։ Ալբոմը, Միստր X-ի կարծիքով, իր համար նախանշված ճանապարհով քայլելու առաջին աստիճանն է, առաջին լուրջ հաջողությունը։ Ունի ծրագրեր, ցանկանում է համերգներով հանդես գալ Եվրոպայում, ԱՄՆ-ում, գնահատվել նաեւ արտասահմանցի հանդիսատեսի կողմից, մանավանդ որ, երաժշտությունը համամարդկային լեզու է, հաղորդակցման յուրօրինակ հնարավորություն։ Ինչ-ինչ պատճառներով ստիպված է «երկակի» կյանքով ապրել, բայց վստահեցնում է, որ ինքը Միստր X-ի հետ չի վիճում եւ միշտ համաձայնության է գալիս բոլոր հարցերում։ Համոզված է, որ արհեստական ոչինչ չի անում, չի նմանակում որեւէ մեկին, ունի իր ոճը, դրա համար էլ իր գործն արդար է համարում։ Գտնում է նաեւ, որ անցնելիք ճանապարհն ի սկզբանե կանխորոշված է։ Հավատում է ճակատագրին, սակայն միաժամանակ գտնում է, որ ամեն մարդ ինքն է կերտում իր ճակատագիրը եւ կյանքում հանդիպող հաճելի ու տհաճ ամեն ինչի մեղավորը տվյալ անձնավորությունն է։ Միստր X-ը նշում է, որ առաջին մարդը, որի երգերից տպավորվել է, Արթուր Մեսչյանն է։ Ինքը «սնվել» է նրա երաժշտությամբ, նույնիսկ փորձել նրա հետ երգել։ «Ունեցել եմ նաեւ եւս չորս ուսուցիչ, որոնք ակամա, առանց իրենց գիտության, ինձ երաժշտություն են ուսուցանել։ Բայց դա չի նշանակում, որ ես նրանց՝ չորսի սինթեզն եմ։ Խոսքս Հուլիո Իգլեսիասի, Դեմիս Ռուսոսի, Շառլ Ազնավուրի եւ Անդրե Բոչելլիի մասին է։ Չորսն էլ մեծ դեր են խաղացել իմ կյանքում։ Ես ամիսներով լսել եմ նրանց երգերը ու փորձել ընկալել յուրաքանչյուր նոտա»,- ասում է Միստր X-ը։ Կարծում է, որ դեռ կգա դիմակը հանելու ժամանակը, սակայն մինչ այդ դեռ նպատակներ ունի կյանքի կոչելու։ Շուտով իր երկրպագուներին կուրախացնի նոր երաժշտական տեսահոլովակներով, մտադիր է մեծ մենահամերգով հանդես գալ Երեւանում, Գյումրիում եւ հանրապետության այլ քաղաքներում։ Խուսափում է հեռուստալրագրողներից, գտնում է, որ թերթերի թղթակիցների հետ ավելի հեշտ է աշխատելը, կարող է առանց ավելորդ ձգվածության, հանգիստ ու անմիջական զրուցել։ Մի բան, որ անհնար է եթերում, այն էլ առանց դիմակի։ Հայաստանյան երաժշտական մրցույթներին մասնակցելուց ձեռնպահ է մնում։ Իհարկե, մի անգամ մասնակցել է «Սայաթ-Նովային», անցել երկրորդ փուլ, բայց ոչ այն նպատակով, որ պարտադիր որեւէ տեղ զբաղեցներ։ Դիմակով բեմում երեւալը այլ նպատակ է հետապնդել։ Կամեցել է հանդիսատեսն իմանա, որ կա նաեւ այդպիսի երգիչ։ Միստր X-ը բնական է համարում առողջ քննադատությունը, միաժամանակ կարծում է, որ առանց պատճառի քննադատությունը նույնիսկ քողարկված հաճոյախոսություն է։ Նրա կյանքում երբեմն պատահել են զվարճալի միջադեպեր, երբ ինքն առանց դիմակի վիճել է իր անձի շուրջ, քննադատել Միստր X-ին, իսկ բանավեճի մասնակիցները նեղացել են նրանից, նույնիսկ վիրավորվել, որ իր նման երաժշտությունից «չհասկացող» մեկը Միստր X-ի մասին ոչ նպաստավոր կարծիք է հայտնում։ Երգելուց բացի, Միստր X-ը նկարում է, սիրում է հոգեբանական ֆիլմեր դիտել եւ ընթերցել։ Ավելի շուտ նրան դուր է գալիս այն ամենը, ինչը կապ ունի մարդկային հոգու հետ։ Օրինակ, սիրում է կարդալ գիտական, բժշկական գրականություն՝ մարդկային հոգեբանության կամ մարդու ֆիզիոլոգիական հնարավորությունների մասին։ Նույնիսկ կատակում է, որ եթե կյանքն այլ կերպ դասավորվեր ու երգիչ չդառնար, հաստատ բժիշկ էր դառնալու. «Ինչպես արվեստում, այնպես էլ բժշկության մեջ անսահման երեւակայություն պետք է ունենալ»։ Իսկ սեղանի գիրքն Աստվածաշունչն է։ Նրա կարծիքով, յուրաքանչյուր ճշմարիտ արվեստագետ պիտի հավատա Աստծուն, հակառակ դեպքում ազնիվ չի լինի նրա արվեստը, որն ամենից առաջ Աստծո տված շնորհ է։ Ըստ Միստր X-ի, աստվածամերժ արվեստագետը դատապարտված է կործանման։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել