Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ՈՐԴՅԱԿ ԻՄ, ՄԻՆՉ Ի ՄԱՀ ՏԵ՞Ր ԵՍ ԱՅՍ ՏԱՆԸ

Օգոստոս 29,2002 00:00

ՈՐԴՅԱԿ ԻՄ, ՄԻՆՉ Ի ՄԱՀ ՏԵ՞Ր ԵՍ ԱՅՍ ՏԱՆԸ Մոտ ապագայում կաճի մանկատների սաների ամուսնությունների թիվը, եւ այդ հարցում հարսանիքների ավանդական սեզոն աշունը «հեչ» կապ չունի։ Պատճառն այն է, որ ՀՕՖ-ի եւ Սյունյաց թեմի համատեղ ծրագրով երկհարկանի առանձնատներ են տրամադրվում այն ամուսնական զույգերին, որոնք ապրել եւ մեծացել են մանկատներում։ Եղեգնաձորի Հերմոն գյուղում արդեն բնակություն է հաստատել 3 ընտանիք, մեկն էլ նախապատրաստվում է բնակարանամուտի։ Յուրաքանչյուր ընտանիքի տրամադրվել է կահույք, հողամաս, կով, ձի, փեթակներ ու հավեր։ Այս «հաճույքն» ընդհանուր հաշվարկով արժե 12 հազար դոլար, բայց այն որպես սեփականություն կտրվի միայն 5 տարի հետո։ «Մենք չէինք կարող վստահ լինել, որ երեխաներն անմիջապես չեն վաճառի ստացածն ու թողնի-գնա»,- պարզաբանեց Սյունյաց թեմի առաջնորդ Աբրահամ եպիսկոպոս Մկրտչյանը։ Իսկ հինգ տարի հետո՞. «Իսկ հինգ տարի հետո նրանք կկապվեն ունեցվածքի հետ, եւ դժվար թե նման խնդիր առաջանա»,- ասաց սրբազանը։ Ի դեպ, Հերմոն գյուղն այս ծրագրի համար ընտրվել է ոչ պատահական՝ գյուղը կիսալքված է, նախկին բնակիչներն էլ շուտ վերադառնալու միտք չունեն (եթե ընդհանրապես վերադառնան)։ Այդ դեպքում ավելի նպատակահարմար չէ՞ր լինի, եթե ՀՕՖ-ը պարզապես գներ պատրաստի տներ, վերաբնակեցումն էլ կստացվեր ավելի էժան ու արագ։ Բացի այդ, կլուծվեր մանկատան երեխաներին հասարակությանը ինտեգրելու առկա խնդիրը։ Մեր այս հարցին ՀՕՖ-ի Հայաստանի մասնաճյուղի ղեկավար Գրիգոր Թաթուլյանը պատասխանեց. «Շատ հետաքրքիր առաջարկ է, բայց նոր, երիտասարդ գյուղ ստեղծելու նպատակ ունեինք։ Բացի այդ, այսօր ցանկացած տուն, եթե վերանորոգելու լինենք, գրեթե այդքան փող կծախսվի։ Իրենք էլ (մանկատան սաները) ողջ կյանքում զրկված են եղել, թող վայելեն»։ «Վայելելու» առումով իրենց նվերից դժգոհ չեն նորաբնակները, նաեւ՝ տարօրինակ կլիներ, եթե դժգոհեին. կենցաղային բոլոր պայմաններով հարմարավետ բնակարանների միակ պակասն առայժմ զգեստապահարաններն էին, «դա էլ կտանք»՝ խոստացան հովանավորները։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել