Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ՀԱ՛Մ ՄԵԽԻՆ, ՀԱ՛Մ ՆԱԼԻՆ

Օգոստոս 30,2002 00:00

ՀԱ՛Մ ՄԵԽԻՆ, ՀԱ՛Մ ՆԱԼԻՆ Քանզի Ալբերտ Բազեյանը լրագրողներին առանձնապես ասելիք չուներ, ուստի հանդիպումը հենց սկզբից վերածվեց հարց ու պատասխանի։ Օրվա հրատապ՝ ժողովրդահայրենասիրական դաշտի ձեւավորման առիթով բոլոր հարցերի պատասխանը միանշանակ էր. «Առայժմ բանակցությունների փուլն է»։ Սակայն քաղաքական կուսակցություններն արդեն «շուտով» համաձայնության կգան հայտարարության բոլոր դրույթների վերաբերյալ եւ «կձեւավորվի քաղաքական ուժերի միավորում», որը հետագայում «նպատակաուղղված է լինելու վերաճելու նախընտրական դաշինքի»։ Այս փուլում, սակայն, միասնական թեկնածուի եւ ստվերային կառավարության հարցերը չեն քննարկվում, քանզի «ճշտված եւ համաձայնեցված չեն այն չափորոշիչները, որոնց հիման վրա քաղաքական ուժերի միավորումը հետագայում հասարակությանը կարող է միասնական թեկնածու առաջարկել»։ Իսկ միասնական թեկնածուի հնարավոր անձի վերաբերյալ արդեն արված հայտարարություններին պարոն Բազեյանն այսպես արձագանքեց. «Դրանք անձնական տեսակետներ են. միասնական թեկնածուներ առաջադրելու լիազորությունները կուսակցությունները նաեւ իրենց շարքերից պետք է ստանան»։ Հնարավոր միավորման անունից՝ ի զարմանս «Օրրանի» թղթակցի «որոշակի» տեղեկությունների, թե ենթադրյալ դաշինքը ստեղծվում է պաշտպանության նախարարի հովանավորության ներքո, «Հանրապետություն» կուսակցության նախագահն ի լուր ամենքի հայտարարեց, որ իրենք «բացառում են որեւէ քաղաքական համագործակցություն այն կուսակցությունների եւ ուժերի հետ, որոնք իշխանությունների հետ ունեն որոշակի համաձայնեցված հարաբերություններ»։ Միաժամանակ, միավորման գաղափարական հիմքում ունենալով իշխանափոխության եւ երկրում օրինական իշխանության ձեւավորման սկզբունքը, որի գլխավոր արժեքը օրենքը եւ քաղաքացու իրավունքը պետք է լինեն, Ալբերտ Բազեյանն իշխանությունների հետ համագործակցության եզր, այնուամենայնիվ, գտնում է «միմիայն պետության առջեւ ծառացած ամենակարեւորագույն խնդիրներում՝ ԼՂՀ հարցի հայանպաստ լուծում, պետության անվտանգություն եւ պաշտպանվածություն»։ Իսկ ՀՀՇ-ամետ ուժերի հետ՝ «կհամագործակցենք այն արժեքների շուրջ, որոնք նրանք որդեգրել են՝ ժողովրդավարություն, մարդու իրավունքների պաշտպանություն, օրինական իշխանությունների ձեւավորում եւ այլն»։ Նախագահի պաշտոնանկության հարցը «Հանրապետության» օրակարգում շարունակում է մնալ, իսկ մեթոդները եւ ձեւերը կընտրվեն ժամանակի ընթացքում։ Ի դեպ, նախագահական ընտրություններում «սեփական թեկնածուով հանդես գալու հնարավորություն» ունենալով, «Հանրապետությունն»՝ ի դեմս Ա. Բազեյանի, «կողմ ենք ընդդիմության կողմից միասնական թեկնածուով հանդես գալու գաղափարին՝ եթե այդ անձի ընտրվելու հնարավորությունները, հանրության դրական վերաբերմունքը նրա նկատմամբ ավելի մեծ լինեն, որն ի վիճակի կլինի ավելի լայն քաղաքական ուժերի համախմբում ապահովել»։ Այդ առիթով որոշ քաղաքական գործիչների հայտարարություններին՝ սպասվելիք անակնկալների մասին, Ա. Բազեյանն այսպես պատասխանեց. «Անհայտ թեկնածուի հայտնվելը եւ հաղթելու հավանականությունը դժվար եմ համարում», որովհետեւ իր համոզմամբ՝ «ընտրությունը պիտի կատարի Հայաստանի հանրությունը»։ Իսկ իբրեւ հակափաստարկ նախագահական ընտրությունների վրա հնարավոր ազդեցություններին՝ «Հանրապետության» նախագահը նշեց. «Մենք դեմ ենք, որպեսզի դրսից խամաճիկային իշխանություն պարտադրվի եւ նպատակադրված չենք հանուն իշխանության աջակիցներ գտնել Հայաստանից դուրս»։ Ավելին, պրն Բազեյանը գտնում է, որ «այս իշխանությունների մարիոնետային արտաքին քաղաքականությունը եւս պայմանավորված է դրսի որոշակի ուժերի ազդեցությամբ»։ Առաջիկա տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին «Հանրապետությունը» կմասնակցի գործընկեր կուսակցությունների հետ համաձայնեցված։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել