Լրահոս
Օրվա լրահոսը

«ՈՉ ՇՏԱՏՆԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻ» ԴԱՏԸ

Օգոստոս 30,2002 00:00

«ՈՉ ՇՏԱՏՆԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻ» ԴԱՏԸ – Բութ առարկայով հարվածե՞լ ես։ – Բութը ո՞րն ա։ Սապոգնե՞րը։ Բթից էլ բեթար ա։ Ֆուտբոլի լեգենդ Արկադի Անդրեասյանի եւ մարզական ճանաչված մեկնաբան Սուրեն Բաղդասարյանի դատական «մրցամարտն» էր հավանաբար պատճառը, որ երեկ մեկ ժամ ուշացումով դատավոր Վազգեն Լալայանը սկսեց Արթուր Հովհաննիսյանի նկատմամբ հարուցված քրգործի դատաքննությունը։ Վերջինս նույնպես հեղինակություն էր՝ «Ճուտ» մականունով եւ, ինչպես մեղադրող Գրիգոր Հովհաննիսյանի հարցին պատասխանեց, հաստատեց, որ «զորամաս նայող» է եղել։ Արթուր Հովհաննիսյանը մեղադրվում էր միաժամանակ քրօրի երեք հոդվածներով. մարմնական վնասվածք հասցնելու, հրամանատարության հրամանները չկատարելու եւ հրամանատարին վիրավորանք հասցնելու (բռնի գործողություններով) համար։ Ամբաստանյալն իրեն մեղավոր ճանաչեց միայն շարքային Գագիկ Հակոբյանին մարմնական վնասվածք հասցնելու համար, ավելին՝ զղջաց։ Ինչ վերաբերում է հրամանատարության հրամանները չկատարելուն եւ վիրավորանք հասցնելուն, Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում երեկ ասաց, որ այս գործով տուժող ճանաչված վաշտի հրամանատարը՝ ավագ լեյտենանտ Հովիկ Սարգսյանը իրեն ասել էր. «Ինչ վաշտին ասում եմ, քեզ չի վերաբերում»։ Ափսոսում եմ միայն, որ պաշտպանության նախարարությունից այս կարգի դատավարություններին ոչ ոք չի մասնակցում եւ, ինչպես երեկ, դատավարություններն ընթանում են դատարկ դահլիճներում։ Մինչդեռ խոսք է գնում ներբանակային կարգուկանոնի, «ինքնակառավարման» յուրօրինակ ձեւերի, զինվոր-հրամանատար փոխհարաբերությունների մասին։ Համաձայնեք, որ Արթուր Հովհաննիսյանը, որը մեղադրվում էր հրամանատարին վիրավորանք հասցնելու մեջ, չպետք է միայնակ նստեր ամբաստանյալի աթոռին։ Նրա կողքին կարող էր նույն հաջողությամբ նստել, այսպես կոչված, գեներալ Հայկազ Բաղմանյանը, որը այցելելով հաուպտվախտում նստած զինվորին (արդեն իսկ պատիժը կրող) ֆիզիկական ուժ եւ բռնություն է կիրառում Ա. Հովհաննիսյանի նկատմամբ (դատարանում ամբաստանյալը հայտնեց, որ Բաղմանյանը վերնաշապիկը պատռելով ասում էր. «Գործ հարուցել չեմ տա, ծեծելով կդաստիարակեմ»)։ Կարելի էր եւ պատժել, այսպես կոչված, հրամանատարներին, որոնք տորքանգեղներ են միայն արտաքինով, իսկ իրականում վստահություն չեն ունեցել զինվորների շրջանում։ «Եղել են դեպքեր,- ասաց ամբաստանյալը,- երբ հրամանատար Հ. Սարգսյանը գնացել է տուն՝ վաշտի բոլոր գործերը թողնելով վրաս։ Հաջորդ օրը, երբ եկել է, տեսել է, որ պահպանվել է կարգուկանոնը»։ Հավանաբար դա էր պատճառը, որ նրա պաշտպանը՝ Վովա Հախվերդյանը, չդիմացավ ու հարցրեց. «Այսինքն, դու ինչքա՞ն ժամանակ է, որ եղել ես «ոչ շտատնի հրամանատար»։ Ամբաստանյալը պատասխանեց, թե մեկուկես տարի է ծառայել եւ 1-2 ամիս է, որ տեսել է հրամանատար։ Խոսելով բուժօգնության մասին, ամբաստանյալը բերեց մի օրինակ, երբ բուժկետից դեղ էին ուզել եւ չէին տվել, չնայած «դեղորայք, ամեն ինչ ստանում էին»։ Ավելին, հեգնեց, թե ամեն մի հիվանդության համար վիտամին C են առաջարկում. «Ականջը վիտամին C-ով չի բուժվում»։ Ա. Հովհաննիսյանն այնքան հրամանատար է եղել, որ կարող էր ասել՝ «վա՛շտ, շարվիր, կշարվեր եւ հակառակը»։ Երբ մեղադրող Գ. Հովհաննիսյանը ամբաստանյալին հարցրեց՝ «վայելում էիր երկկողմանի հեղինակություն սպաների եւ զինվորների մոտ։ Սպաները քեզ չէին մերժում։ Ինչո՞ւ», ամբաստանյալը պատասխանեց. «Մենք խոսակցություն էինք ունեցել, որ ես կարգուկանոն կպահեմ, եթե չմերժեք ինձ»։ Այս քրգործով տուժողները երկուսն են՝ շարքային Գագիկ Հակոբյանն ու սպա Հովիկ Սարգսյանը, վկաները՝ 10-ը, որոնց դատարանը հասցրել էր լսել։ Հետաքրքիր է, որ տուժող հրամանատարին միայն մի հարց էր հետաքրքրում. Գագիկի հետ կապված վեճից հետո ի՞նչ է ասել ամբաստանյալը։ Վերջինս հայտնեց. «Երբ ես եկա, Հ. Սարգսյանին կանչեցի եւ ասացի. իմ խոստովանելը ճիշտ էր, որովհետեւ շատ- շատերին նեղություն կպատճառեի»։ Երեկ արձանագրվեց, որ քրգործի նյութերում չկա 2002թ. հունվարի 20-ի Գագիկ Հակոբյանի եւ ամբաստանյալի միջեւ տեղի ունեցած վիճաբանության վայրի զննության արձանագրությունը։ Ա՛յ քեզ բան։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել