Լրահոս
Օրվա լրահոսը

Նորո՜ւյթ, վճարում եք չսպասարկելու դիմաց

Օգոստոս 31,2002 00:00

Նորո՜ւյթ, վճարում եք չսպասարկելու դիմաց «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» փակ բաժնետիրական ընկերությունը «Զվարթնոց» օդակայանի մեքենաների կայանավայր մուտք գործող մեքենաներից գանձում է 500 դրամ։ Զարմանալի բան չկա, կայանում ես՝ վճարիր։ Բայց… վերոհիշյալ նորահայտ ՓԲԸ-ն «ոչ մի պատասխանատվություն չի կրում ավտոմեքենաների, կայանատեղերում կամ կայանատեղերից դուրս, ինչպես նաեւ «ԱՄՕ» ՓԲԸ-ի վերահսկողության տակ գտնվող այլ վայրերում կայանված ավտոմեքենաների, կամ դրանց մեջ կամ վրա գտնվող իրերին պատճառված վնասի, դրանց կորուստի, մասնակի կամ ամբողջական ոչնչացման, կամ որեւէ այլ տեսակի նյութական կորուստի կամ վնասի համար։ Այդ դեպքում ինչո՞ւ է գանձվում 500 դրամը։ Այսինքն՝ երբ վարորդը ուղեւորին ուղեկցելու է մինչեւ օդակայանի ներսը, վերադարձին (5 րոպե կամ մեկ ժամ հետո) կարող է թալանված տեսնել իր մեքենան։ Եթե գումարը գանձվում է միայն ընդամենը մի քանի մետր տեղ զբաղեցնելու համար, այդ դեպքում վայրը պիտի համապատասխանի վարձով ավտոկանգառների նվազագույն պայմաններին՝ պարսպապատ, մեկ ելք ու մեկ մուտքի դարպասով կանգառ, ասֆալտապատ ուղիներ, որպեսզի մեքենայի անիվները չծակծկվեն ջարդած շշերի կամ քարակույտերի պատճառով։ Իսկ «Զվարթնոց» օդակայանի ավտոկանգառը իսկական աղբանոց է, քարուքանդ վիճակում։ Ընդամենը մեկ օրվա ընթացքում ավելի քան 1000 մեքենա սպասարկող այդ ավտոկայանի տերերը համարյա 500 ԱՄՆ դոլար փող են աշխատում, եւ թե՛ կապույտ, թե՛ սեւ կնիքով կտրոններ են տալիս վարորդներին, խտրություն չդնելով կես ժամ եւ 24 ժամ կայանող վարորդների միջեւ։ Չխոսենք եվրոպական, ամերիկյան օդակայանների մասին։ Հարեւան Իրանում ամեն մի վարորդի մուտքի պահին տրվում է կտրոն, որի վրա նշվում է մուտքի ժամը, ելքի պահին վարորդը վճարում է օդակայանի կանգառը զբաղեցնելու ժամանակահատվածին համապատասխան, իսկ օդակայանի ոստիկանությունը ապահովում է մեքենաների անվտանգությունը։ Չէ որ ամենահասարակ հայելին կամ անվադողը տասնյակ հազարներ արժեն։ Իսկ եթե նույն անձը, որը կտրոններ է տալիս ու փող գանձում, վարորդի բացակայության ժամանակ պայմանավորված է ինչ-որ մարդկանց հետ եւ ապահովում է նրանց անարգել թալանը, այդ դեպքում առաջարկում ենք «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն վերանվանել «Արմենիա» օդանավակայանների միջազգային թալանչիների հովանավոր» ՓԲԸ։ Շ. Ա. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել