Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅՐԵՆԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ

Օգոստոս 31,2002 00:00

ՀԱՅՐԵՆԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանին Անկասկած, Դուք լավատեղյակ եք Հայրենակցական միությունների գործունեության պատմությանը։ Կազմակերպվելով անցյալ դարի սկզբին, հայրենիքից հեռու հիմնադրված գաղութներում՝ զբաղվելու բնօրրան-քաղաք-գյուղի կրթաբարեգործական բնագավառներով, նրանք Մեծ եղեռնի իրադարձություններից հետո դարձան բնօրրանից քշված եւ վերապրած թափառական հայրենակիցներին համախմբող հավաքատներ, ազգապահպան օջախներ՝ միությունների կողմից հիմնադրված բնակավայրերով, եկեղեցիներով, դպրոցներով, վերածնված նոր սերնդով՝ ձեւավորելով Սփյուռքը։ Հայրենակցական կառույցներն էին, որ առաջինը հայացք նետեցին Մեծ հայրենիքից փրկված Արեւելյան հատվածի վրա եւ անկախ վարչակարգից այն դիտեցին հայության միակ հայրենիքը ու 1925-30-ականներից ներդրումներով վերակերտեցին Երեւանի շրջակայքում, այսօր արդեն՝ նրա շրջանակի մեջ մտած Արաբկիր, Սեբաստիա, Մալաթիա-Բութանիա, Տիգրանակերտ, Եվդոկիա եւ ավելի ուշ հայրենակցականների խնդրանքներով հիմնադրվեցին կամ վերանվանվեցին Հայաստանի այլ ծայրերում՝ Երզնկա, Գեղի, Կեսարիա, Խարբերդ, Այնթապ, Եդեսիա, Արմաշ, Մուսալեռ, Բալահովիտ եւ այլ ավաններ՝ կործանված հայրենի բնօրրանի հիշատակները։ Հայրենակցական միությունները առաջինը խթանեցին Հայաստան հայրենադարձությունը եւ դարձան իրենց հիմնադրած ավանների բնակիչները՝ կազմակերպելով նոր բնակավայրերի տնտեսական ու մշակութային կյանքը՝ բնօրրանից իրենց հետ բերած արհեստավորական եւ մշակութային առանձնահատուկ ճյուղերով։ Այնուհետեւ, 60-ականներից սկսյալ, բարեգործական լայն ծրագրերով ուշադրություն դարձրեցին հայրենիքի մշակութային, կրթագիտական օջախներին, առողջապահական բնագավառներին, տնտեսության զարգացմանը՝ հիմնադրելով մի շարք գործարաններ՝ հագեցած նոր տեխնոլոգիաներով: Հայրենակցական միությունները հայրենիքի տարածքն օժտեցին իրենց՝ Մուսալեռան, Վասպուրականի, Հաճընի, Սեբաստիայի, Մալաթիայի, Այնթապի, Եդեսիայի, Արաբկիրի, Խարբերդի, Բեյլանի, Զեյթունի, հերոսական ինքնապաշտպանությունների եւ նահատակների հիշատակին նվիրված, մեր անվանի ճարտարապետների նախագծերով հորինված հոյակերտ հուշարձաններով, որոնց շուրջ ամենամյա տոնախմբություններով հայրենասիրության եւ հայրենանվիրումի ոգին են կերտում նոր սերնդի մեջ։ Հայրենակցական միությունների խորհրդի ստեղծումից հետո հայրենակցական կառույցներն ավելի համակարգված են վարում իրենց ավանդական աշխատանքները, հայրենակիցների ներդրումներով բարենորոգվում են Արագածոտնի մարզի Ագարակ եւ Ոսկեհատ գյուղերի դպրոցները (Վասպուրական միութ.), Այնթապի երկու դպրոցները (Այնթապ միութ.), Մուսալեռ գյուղի երկու դպրոցները (Մուսալեռ միութ.), Հաճըն քաղաքի Մեծն Մուրադի անվան դպրոցը (Հաճըն միութ.), Սեբաստիա մանկակրթահամալիրը (Սեբաստիա միութ.) եւ նորոգվելու են Զեյթունի մանկապարտեզներից մեկը (Զեյթուն միութ.), Վահագն Դավթյանի անվան դպրոցը (Արաբկիր միութ,), Եդեսիայի ավերակման վտանգի առաջ հայտնված դպրոցը (Եդեսիա միութ.), ինչպես նաեւ միությունների առաջարկություններով վերանվանակոչվում են փողոցներ եւ դպրոցներ, որոնց ուսուցչական կազմերի հոգսերը ստանձնում են նյութակարող հայրենակից բարերարները։ Հայրենակցական ոգու եւ նորանկախ հայրենի պետության կառավարության համագործակցությամբ էր, որ ապահովվեց «Կյանքի ճանապարհ» Մեղրիի կամրջի կառուցման համար հայկական կողմի ֆինանսական պարտավորությունը, աղետի գոտում կլինիկայի, մանկապարտեզի, դպրոցի վերաշինության ներդրումները։ Հայրենակցական միությունների խորհուրդն էր, որ առաջինը ձեռնարկեց Արցախյան ազատամարտում ընկած հայորդիների խնամակարոտ ընտանիքներին բարոյական եւ նյութական աջակցության հրատապ գործը ՀՀ ռազմական նախարարության, Հայ Առաքելական եւ Հայ Ավետարանչական եկեղեցիների համագործակցությամբ, Հեռավոր Արեւելքի հայրենակիցների ուժերով։ Հայրենակցական միությունների խորհրդի հորդորներով էր, որ հատկապես Արեւելյան եւ Արեւմտյան երկրներում հիմնադրված ՀՀ հյուպատոսարանների եւ դեսպանատների նյութականի ապահովմանը բերեցին իրենց մասնակցությունը սփյուռքյան հայրենակցական կառույցները եւ առանձին հայրենակիցներ, ինչպես եւ՝ առաջինը նրանք արձագանքեցին նվիրաբերումներով Համահայկական «Հայաստան» հիմնադրամի գործունեությանը։ Հայրենակցական միությունների խորհրդի խնդրանքով մշակութային եւ սպորտային բազմաթիվ պատվիրակություններ զգացել են հոգատար վերաբերմունք արտասահմանում։ Հայրենակցական միությունների խորհուրդն իր «ԲՆՕՐՐԱՆ» պաշտոնահանդեսով հայրենի անկախ պետականության գաղափարի անվերապահ քարոզիչն է Հայաստանում եւ սփյուռքյան տարածքներում։ Խորհրդի առաջարկությամբ էր, որ հայրենի կառավարությունը Հայաստանում նյութական հավելում կատարեց Մեծ եղեռնից վերապրածների թոշակներին, իսկ սփյուռքյան հայրենակիցներին պարգեւեց Հայաստանի կեցության կարգավիճակի անձնագրեր։ Խորհրդի, «Մուսալեռ» հայր միության եւ ՀՀ ԱԳՆ համագործակցությամբ էր, որ որպես Հայաստանի եւ Ավստրիայի բարեկամության խորհրդանիշ՝ Վիեննայում կանգնեցվեց Ավստրիայի զավակ եւ հայ ժողովրդի մեծ բարեկամ Ֆրանց Վերֆելի հոյակերտ արձանը, որի բացումն իրականացրեց ՀՀ ԱԳ նախարարությունը՝ իր նախարարով եւ Եվրոպայում ՀՀ դեսպանների կազմով, իսկ հանրապետության նախագահը՝ Ավստրիա իր պաշտոնական այցելությանը, հուշարձանին պսակ դրեց։ Այսօր Հայրենակցական միությունների խորհրդի եւ հայրենակցական կառույցների ամենակարեւոր խնդիրն է՝ հայրենիք վերադարձնել մեր նոր սերունդը՝ Եղեռնի առաջին սերնդի տքնությամբ նվաճած տնտեսական, մշակութային եւ քաղաքական ուժի կրողին։ Ահա թե ինչու, վերոթվարկյալ եւ չթվարկված շատ ու շատ հիշատակման արժանի երեւույթները գնահատելով՝ նորանկախ Հայաստանի կառավարությունը ժամանակի վարչապետի (Հ. Բագրատյան) 06.06.96թ. թիվ 342 «Հայրենակցական միությունների խորհրդին տարածք հատկացնելու մասին» որոշումով՝ Հայրենակցական միությունների խորհրդին գրասենյակ-ակումբի տարածք տրամադրեց Մ. Խորենացի 26ա հասցեում գտնվող վարչական շենքից, եւ այն տնօրինող նախարարության հետ կնքվեց համապատասխան պայմանագիր։ Եվ պայմանագրի մշտատեւության երաշխավորությունը վերապահվեց հայրենի կառավարությանը կամ վարչապետին, այն վստահությամբ, թե հայոց իշխանությունները, առաջնորդվելով ազգաշահ մտահոգությամբ եւ լինելով կառավարությունների իրավահաջորդության սկզբունքին հավատարիմ, կապահովեն հայրենակցական կառույցներին հատուկ սերնդահաջորդության գործունեությունը։ Եվ եթե հետագայում, հաջորդող վարչապետի (Ռ. Քոչարյան) 02.12. 1997թ. թիվ 569 որոշումով հիշյալ վարչական շենքը հանձնվեց ՀՀ սեփականաշնորհման (Պետական գույքի կառավարման) նախարարության տնօրինությանը, հարգվեց կառավարության գործունեության իրավահաջորդության սկզբունքը, եւ գնահատվեցին հայրենակցական կառույցների պատմական եւ Հայրենակցական միությունների խորհրդով շարունակվող գործունեությամբ ստեղծված ու ստեղծվող արժեքները՝ պահպանելով վարչապետի 06.06.1996թ. որոշումը, ապա, ցավ ի սրտի, հիշյալ վարչական շենքի հերթական տնօրինման վերաբերյալ հարգարժան վարչապետիդ «Երեւանի քաղաքապետարանին տարածք հատկացնելու մասին» 11.04.01 թ. թիվ 245 որոշումը 3-րդ կետով ուժը կորցրած ճանաչեց այն՝ դրանով առաջացնելով տարօրինակ մի պատկերացում հայրենակցական հասարակության շրջանակում, թե ՀՀ վարչապետը, Հայրենակցական միությունների խորհրդին տարածք հատկացնելու վերաբերյալ նախկին վարչապետի որոշումը չեղյալ հայտարարելով եւ զրկելով Խորհրդին բնականոն աշխատանքային միջավայրից, ոչ ավելի, ոչ պակաս՝ սկիզբ է դնում նորանկախ Հայաստանում Հայաստանի եւ սփյուռքյան հայրենակցական միություններին միավորող Հայրենակցական միությունների խորհրդի գործունեությունը արգելող քայլերի, կամ էլ, կարծես, Խորհրդի հետ հարաբերություններ ստեղծող պետական պատկան մարմիններին հուշում է առաջնորդվել այդ տրամադրությամբ։ Այլ բան կարելի՞ է ենթադրել, երբ վարչապետի ներկա որոշումը իր ձեռքում ունեցող Երեւանի քաղաքապետարանը, մինչ որոշումն ՀՄԽ-ի ատենապետի, քաղաքապետարանի եւ կառավարության լիազորված ղեկավար անձանց միջեւ ընթացող երկխոսությամբ Խորհրդի զբաղեցրած տարածքի որոշ հանգամանքների վերաբերյալ (Խորհուրդը քաղաքապետարանին է վերադարձնում իր զբաղեցրած տարածքից երկրորդ հարկի իր վերանորոգած եւ բարեկարգած հատվածը, իսկ քաղաքապետարանը խոստանում է օգնել Խորհրդի տրամադրության տակ մնացող՝ առաջին հարկի տարածքի վերանորոգմանը, վերակնքել պայմանագիրը Խորհրդին ցանկալի ժամանակատեւողությամբ՝ պահպանելով նախկին պայմանագրում քմ-ի համար նախատեսված վարձաչափը) կայացված արդյունքից շեղվելով, պնդմամբ առաջարկում է պայմանագիր կնքել միայն մեկ տարի տեւողությամբ։ Բնականաբար, պատվո խոսքի եւ իրապաշտ մտածողության միջեւ նետված հակասությունը անվստահության միջավայր է ստեղծել Խորհրդի մոտ քաղաքապետարանի նկատմամբ՝ ենթադրել տալով կարճ ժամանակ հետո վերջինիս մտադրությունների ի հայտ գալիք դրսեւորումները։ Արդ, Հայրենակցական միությունների խորհուրդը խնդրում է ՀՀ մեծարգո վարչապետից՝ վերադիտարկել 11.04.2001 թ. Երեւանի քաղաքապետարանին տարածք հատկացնելու մասին որոշման, կարծում ենք, թյուրիմացաբար խմբագրված 3-րդ կետի՝ Խորհրդին առնչվող մասը, եւ, հետեւողական մնալով հայոց կառավարությունների իրավահաջորդության եւ ժառանգականության սկզբունքին, օրինահարգ քայլով ապահովել հայրենի կառավարության նկատմամբ հայրենիքին եւ նրա պետականությանը նախանձախնդիր Հայրենակցական միությունների խորհրդի եւ միաբան հայրենակցական կազմակերպությունների վստահությունը։ ՀԱՅՐԵՆԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031