Լրահոս
Օրվա լրահոսը

Նորի՞ց ական

Սեպտեմբեր 03,2002 00:00

Նորի՞ց ական Ընդդիմադիր դաշտում գործող թվով 16 կուսակցություններ, որոնց մեծամասնությունը սոցիալիստներ են, համատեղ հայտարարություն ստորագրեցին՝ հերթական անգամ ազդարարելով, թե վճռականորեն մերժում են Ռոբերտ Քոչարյանի եւ նրա վարչախմբի իշխանությունը: Իշխանափոխությունը կենսական անհրաժեշտություն համարող կուսակցությունները, որոնց մի որոշակի հատվածի ընդդիմադիր լինելը խիստ հարաբերական է, որովհետեւ նրանցից շատերը իշխանությունների հետ պոտենցիալ «բարիշողներ» են, ի դեմս իրենց առաջնորդների՝ նաեւ հայտարարեցին, որ համագործակցելու են ոչ միայն Քոչարյանի ռեժիմի տապալման, այլեւ՝ առաջիկայում արդար ընտրություններ անցկացնելու խնդրի շուրջ, ընդ որում՝ միասնական ծրագրով եւ թեկնածուով: Վերջինս այդ նոր ու հին միավորման, թերեւս, ամենահետաքրքիր ձեւակերպումն է: 16 կուսակցությունների միավորումը, որի մասին լուրն այդքան ցավագին ընդունեցին իշխանամետ ուժերն ու քարոզչամիջոցները, փաստացի մինչ այդ կիսագործող 13 կուսակցությունների համագործակցության ընդլայնումն էր ընդամենը, ինչն արդեն գոյություն ունեցող միավորման ծրագրերը բովանդակային իմաստով չփոխեց: Միավորման անդամ կուսակցությունները հայտարարեցին նախընտրական դաշինքի վերածվելու իրենց մտադրության մասին: Առայժմ հայտնի չէ՝ իրենց գաղափարական ու ծրագրային դրույթները շրջանցած «աջ» ու «ձախ» կուսակցությունները ինչպե՞ս են հայտարարում առաջիկա նախագահական ընտրություններին միասնական թեկնածուով եւ միասնական ծրագրով հանդես գալու վճռականության մասին այն դեպքում, երբ մինչ այդ նույն միավորման շրջանակներում գոնե Դեմկուսը, «Հայրենիք եւ պատիվ», «Ազգային միաբանություն» եւ էլի մեկ-երկու կուսակցություններ, հայտարարել էին նախագահի իրենց թեկնածուի՝ Արամ Սարգսյանի, Գառնիկ Մարգարյանի, Արտաշես Գեղամյանի առաջադրման մտադրության մասին: Հետաքրքիր է, որ 14-ի համագործակցության մոտալուտ կամ փաստացի պառակտման, ՀԺԿ-ի եւ «Ազգային միաբանություն» կուսակցության առաջնորդների միջեւ շարունակվող որոշակի հակասությունների եւ հավակնությունների, այդ համագործակցության շրջանակներում ՍԻՄ-ի զգուշավոր գործողությունների պարագայում՝ այդ կուսակցությունների մարող համագործակցությունը ոչ միայն վերակենդանացավ, այլեւ անակնկալ ընդլայնվեց ի հաշիվ Ձախ հայրենասիրական ուժերի՝ այդպես էլ չձեւավորված միավորման: Դիտորդներից շատերն են պնդում, թե այդ հերթական միավորումը խիստ ժամանակավոր է եւ ջուր է լցնում իշխանությունների ջրաղացին: Փաստարկներից մեկն այն է, որ երբեք հնարավոր չէ, որ սոցիալիստները, պահպանողականներն ու աջերը միավորվեն միեւնույն ծրագրի, առավել եւս՝ միեւնույն նախագահի թեկնածուի շուրջ: Համագործակցել Ռ.Քոչարյանին տապալելու շուրջ՝ հնարավոր է, բայց ոչ ավելին, ոչ նախընտրական դաշինք կամ միասնական թեկնածու: Մյուս կողմից՝ միավորման ներսում, ըստ հավաստի տեղեկությունների, այսօր էլ շատ բան դեռ հստակեցված չէ, բայցեւ կարող է լակմուսի թուղթ լինել այդ միավորման գոյության համար: Հստակ չէ, թե ո՞րն է լինելու միավորման քաղաքական այցեքարտը. վերջինս ա՞ջ է, ձա՞խ, թե՞, ինչպես ասում են՝ կենտրոնամետ, ի՞նչ ծրագիր է իրականացնելու նրանց միասնական թեկնածուն՝ ազատակա՞ն, սոցիալիստակա՞ն… Այդ իմաստով հիշյալ միավորումը լղոզված է: Ուշագրավ է նաեւ, որ միավորմանը մոտ կանգնած «Ժողովրդավարական Հայրենիքը» մնացել է միավորումից դուրս այն պատճառով, որ դաշինքի մի քանի կուսակցություններ դեմ են այդ ուժերի հետ համագործակցությանը: Կան ենթադրություններ, որ 16 կուսակցությունների միավորումը իշխանությունների կիրառած տեխնոլոգիաների արդյունք է, որի հիմնական եւ գլխավոր նպատակը ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջադրման եւ նրա շուրջ ընդդիմադիր որոշակի ուժերի, հիմնականում՝ «Հանրապետության», համախմբման շանսերը նվազեցնելն է: Մյուս կողմից՝ իշխանությունները նոր ու փխրուն միավորումը հնարավոր դարձնելով՝ տարրալուծում են ՀԺԿ-ի եւ «Հանրապետության» ռեսուրսները, թեեւ վերջիններս միայն երկուսով կարող էին միանգամայն կենսունակ լինել: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել