Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարկ դահլիճի առջեւ

Սեպտեմբեր 03,2002 00:00

Դատարկ դահլիճի առջեւ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների 1-ին ատյանի դատարանի դատավոր Ռուբեն Ներսիսյանն, ըստ ամենայնի, դատարկ դահլիճի առջեւ է երեկ հրապարակել իր վճիռը՝ «Ա1+»-ի եւ «Նոյյան տապանի» սպառողների հայցը մերժելու վերաբերյալ։ Վճիռը հրապարակել է առանց որեւէ հիմնավորման՝ ամբողջական տեքստը կլինի մեկ շաբաթվա ընթացքում։ Դատավարության մասնակիցները վաղօրոք, ի նշան բողոքի, լքել էին դատարանի դահլիճը, երբ դատավորը սեփական նախաձեռնությամբ անցավ արագացված դատաքննության եւ մեկուսացավ մի առանձին սենյակում՝ վճիռ կայացնելու համար։ Մինչ այդ «Նոյյան տապանի» ներկայացուցիչ Արթուր Դարբինյանն էր բացարկ հայտնել Ռուբեն Ներսիսյանին։ Այս հերթական (պարզվում է՝ նաեւ հրաժեշտի) բացարկի հիմք էր դարձել հետեւյալ հանգամանքը՝ «Դատավարության առաջին օրվանից դատավոր Ռ. Ներսիսյանը կանխամտածված կամ մասնագիտական գիտելիքների անբավարարության պատճառով անտեսում է ՀՀ Քաղդատօրենսգրքի մի շարք հոդվածների պահանջները»։ Եվ էլի չգտնվեց դատավարության որեւէ մասնակից, որ չմիանա այս բացարկին եւ նշի, թե Ռուբեն Ներսիսյանն իրականում կանխակալ վերաբերմունք չունի այս գործի հանդեպ եւ անաչառ է։ Ընդհակառակը՝ պնդեցին, թե դատարանը խուսափում է իրականացնել արդարադատություն, ու նոր փաստարկներ ավելացրին, թե դատավորը փոխանակ ողջուներ «Ա1+»-ի եւ «Նոյյան Տապանի» պատրաստակամությունը՝ հաշտվել սպառողների հետ եւ վերսկսել հաղորդումների վերահեռարձակումը, մերժեց հաստատել հաշտության համաձայնագիրը, ընդ որում՝ առանց վկայակոչելու օրենքի որեւէ դրույթ։ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների 1-ին ատյանի դատարանի նախագահ Ժորա Վարդանյանը դարձյալ մերժեց այս բացարկը. «Կողմերը պարզապես փորձում են օրենսդրությունը հարմարեցնել իրենց պահանջներին»։ Սակայն ակնհայտորեն այս բացարկները եւ երկարուձիգ դատական նիստերը հոգնեցրել էին Ժորա Վարդանյանին ու Ռուբեն Ներսիսյանին։ Եվ վերջինս, բացարկի պատասխանն ազդարարելուց հետո, անակնկալ հայտարարեց արագացված դատաքննության մասին եւ հապճեպ հեռացավ։ Ի դեպ, դեռ հունիսին սպառողներն իրենք էին միջնորդել՝ անցկացնել արագացված դատաքննություն, բայց դատավոր Հ. Հովհաննիսյանը մերժել էր. «Գործի էությունից չի բխում դրա անհապաղ քննության անհրաժեշտությունը»։ Նախանձելի՜ հետեւողականություն է։ Որոշումը կայացնելուց առաջ Ռ. Ներսիսյանն անգամ չհետաքրքրվեց, թե կա՞ն այլ միջնորդություններ կամ լրացումներ։ «Փաստորեն ճողոպրեց,- արձանագրեց Արտակ Զեյնալյանը։- Գնաց պատվերը կատարելու»։ Դատավարության մասնակիցները չցանկացան ականատես դառնալ, թե ինչպես է այս մի անգամ կատարվել այդ պատվերը, եւ միահամուռ հեռացան, թողնելով, որ դատավորի այս վճռի հնչելու ձեւն ու բովանդակությունը լինեն համապատասխան։ Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել