Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ «ԱՆԱՊԱՀՈՎ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Սեպտեմբեր 03,2002 00:00

ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ «ԱՆԱՊԱՀՈՎ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ Վանաձորի քաղաքապետարանը աջակցություն է ցուցաբերում սոցիալապես անապահով կուսակցություններին, ինչը պարզվեց, երբ ծանոթացանք ԱԻՄ-ի Լոռվա մարզային կառույցի մեկ տարվա գործունեության վերաբերյալ հաշվետվությանը։ Այնտեղ ասվում է. «Նախնական պայմանավորվածություն ունենք քաղաքապետարանի հետ՝ չեղյալ համարելու ԱԻՄ-ի Լոռու ՄԿ գրասենյակի վարձավճարի մոտ 400.000 դրամ պարտքը եւ կնքելու նոր պայմանագիր՝ ցածր վարձավճարով»։ (Հնարավոր է, որ քաղաքապետարանը զիջել է նաեւ այլ կուսակցությունների, սակայն դա հաստատող գրավոր փաստարկներ առայժմ չունենք)։ Սա եւս մեկ ապացույց է այն բանի, որ ԱԻՄ-ի մարզային կառույցը անուշադրության է մատնված եղել մայր կազմակերպության կողմից, որի արդյունքում էլ գոյացել է ոչ միայն այդ պարտքը։ 40.000 դրամ հեռախոսավարձի եւ 20.000 դրամ էլեկտրաէներգիայի պարտքը եւս «նստած» է ԱԻՄ-ի մարզային կառույցի «ուսերին»։ Մարզային կազմակերպության այժմ արդեն նախկին նախագահի հաշվետու զեկուցման մեջ նշվել է. «Հանդես ենք գալիս որպես աջ կուսակցություն, բայց աիմականների մեծ մասի սոցիալական ծանր պայմանների արդյունքում ձախ ենք թեքվում»։ (Պրոլետարիատի առաջնորդը կասեր՝ Ձախության մանկական հիվանդությունը ԱԻՄ-ում)։ Ի դեպ, արդեն կես տարուց ավելի է, ԱԻՄ-ի մարզային կառույցի հեռախոսը անջատված է պարտքի պատճառով։ «Դրամական միջոցների, հեռախոսակապի եւ տրանսպորտի բացակայությունը գրեթե անհնար է դարձրել շփումը մարզի հեռավոր համայնքների հետ, որի հետեւանքով նրանցից շատերում ներկայումս չունենք նույնիսկ համակիրներ»,- նշվել է ԱԻՄ-ի Լոռու ՄԿ հաշվետու զեկուցման մեջ։ Գ. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել