Լրահոս
Օրվա լրահոսը

Հայրենիքի գինն արդեն նշանակված է

Սեպտեմբեր 04,2002 00:00

Հայրենիքի գինն արդեն նշանակված է Մնում է ճշտել գումարի աղբյուրը Կառավարությունն ի վերջո գտավ մեր երիտասարդներին բանակում ծառայեցնելու խնդրի լուծումը՝ արտասահման կրթության մեկնող երիտասարդներից որպես հետդարձի երաշխիք 15000 դոլար գրավ պահանջելով: Եվ որքան էլ զարհուրելի էր «կաշառքով բանակից ազատվելու» պրակտիկան (այդ տեսակետից լրագրողների հարցադրումը ընդունված կաշառքի եւ նախատեսվող յուրահատուկ փրկագնի համեմատական չափի վերաբերյալ շատ դիպուկ էր), այն թե8217 պետության եւ թե8217 հասարակության կողմից որակվում էր որպես հանցագործություն: Իսկ հիմա օրինականացվում է դրանից հազարապատիկ ծանր հանցանքը՝ պետական մակարդակով ընդունվում եւ նույնիսկ խրախուսվում է հայրենիքի դավաճանությունը, այսինքն՝ եթե 15000 դոլար վճարես, կարելի է «դասալքել»: Իսկ ինչպես մեկնաբանել դատողություններն այն մասին, որ արտասահմանում ուսանելու համար բարձր վարձ տվողը ձեռի տակ 15000 դոլարն էլ կունենա8230: Շարունակությունը կանխատեսելի է ինքնաբերաբար. որպեսզի մեկընդմիշտ հրաժեշտ տա ոչ թե բանակին, այլ ընդհանրապես Հայաստանին: Հիրավի մտածված պայքար արտագաղթի դեմ: «Օրինապաշտության վճիռը» (սահմանադրական պարտականությունների կատարումը, նյութական լծակներով ապահովումը) չի տարածվում պետական կամ միջբուհական պայմանագրերով սովորողների վրա: Հակառակը զարմանք կառաջացներ. մի՞թե մեր պետական այրերը կուզենան տուրք գանձել իրենցից կամ իրենց խնամի-բարեկամներից, իսկ որ նշված տեղերը բաժանվում են այդ «ընտրախավի» շրջանակներում, բնավ էլ գաղտնիք չէ: Ուրեմն, որոշման քավության նոխազները կդառնան բոլոր այն հայաստանցի (ոչ ապահով եւ ոչ «ընտրյալ») երիտասարդները, որոնք իրենց գիտելիքների, մասնագիտական կամ ստեղծագործական բարձր ցուցանիշների համար արժանացել են արտասահմանյան (գլխավորապես՝ հայազգի) բարերարների հովանավորությանը, ի դեպ՝ հետագայում Հայաստանի բարգավաճմանը նպաստելու հեռանկարային նպատակով: Եվ, մեղմ ասած, բարոյական չի լինի այդ ազգանվեր մարդկանց ուսերին բարդել նաեւ «պետական տուրքի» բեռը: Տարօրինակ է նաեւ որոշման ժամկետը: Չէ՞ որ արտասահմանյան բուհերում ընդունելության վերաբերյալ որոշումը սովորաբար կայացվում է գարնանը, ինչո՞ւ 2001-2002 թթ. ընդունվածները դա չիմացան իրենց ճակատագիրը տնօրինելու պահին: Գուցե գործադիրի կողմից օրենսդիրի հանդեպ բարի նախանձն էր, որ ստիպեց հապճեպ որոշումներ կայացնել, այն էլ՝ դրանց հետադարձ ուժ տալով: Որեւէ օրենք, լավագույն դեպքում, կարող է կիրառվել միայն 2003-2004 թթ. արտասահմանում ընդունվածների նկատմամբ: Իսկ թե ինչու կառավարության ուշադրությունից վրիպեցին 2002-2003 թթ. «արտասահմանցի» առաջին կուրսեցիները, կարելի է միայն ենթադրություններ անել, որոնցից մեկն էլ այն է, որ այս տարի, ընտանեկան ավանդույթը չխախտելով, ԱՄՆ բարձրաստիճան համալսարաններից մեկում բարեգործ հիմնադրամի միջոցներով (այլ ոչ միջպետական կամ միջբուհական պայմանագրի համաձայն) իր ուսումն է սկսում կառավարության անդամներից առնվազն մեկի որդին: Մնում է միայն հուսալ, որ այդ որոշման իրականացումը անմիջապես կկասեցվի մարդու զարգացման հեռանկարներով տոգորված ՀՀ վարչապետի՝ Յոհաննեսբուրգից վերադառնալուն պես: ՍՈՒՍԱՆ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել