Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵԼԻՔԻ ԳԾԵՐԸ-1

Սեպտեմբեր 06,2002 00:00

ՄԵԼԻՔԻ ԳԾԵՐԸ-1 2001 թ. դեկտեմբերի 20-21-ը ԱԺ Տրանսպորտի եւ կապի նախարարության Լոռու մարզի միջմարզային միկրոավտոբուսային երթուղիների համար անցկացրած մրցույթում հաղթող ճանաչվեց «Մելիք Գասպարյան եւ ընկերներ» ԼԸ-ն: Այս աղյուսակում «Մելիք Գասպարյան եւ ընկերներ» ԼԸ-ի միայն Լոռու մարզի «գծերն» են: Մ. Գասպարյանը գծերի սեփականատեր է ողջ հանրապետությունում, բայց դրանց մասին՝ քիչ հետո: Ո՞վ է Մելիք Գասպարյանը եւ ի՞նչ ուժեր կան նրա թիկունքում: Նա ԱԺ պատգամավոր է, ծավալում է ակտիվ տնտեսական գործունեություն, որի պատճառով ժամանակի մեծ մասն անցկացնում է դատարաններում: Դատական նիստերի ընդմիջումներին երբեմն հայտնվում է խորհրդարանում՝ մասնակցելու «կարեւոր» քվեարկություններին: Մելիք Գասպարյանի թիկունքում ժողովուրդն է, նրա ընտրողները: Իրենց ձայնը տալով պարոն Գասպարյանին՝ հենց նրանք են պատգամել՝ գնա եւ տեր կանգնիր «գծերին»: Նշենք, որ Լոռու մարզում կայացած մրցույթից հետո միայն Մ. Գասպարյանի ընկերության հետ է պայմանագիրը կնքվել 4 տարով: Մյուս կազմակերպությունների հետ կնքված պայմանագրի տեւողությունը երեք տարի է: Տրանսպորտի եւ կապի նախարարության անցկացրած մրցույթի օրինականությունը այսօր վիճարկվում է վճռաբեկ դատարանում: Մ. Գասպարյանի ընկերությունը հաղթել է «Ապահով ուղի» ՓԲԸ-ին: «Ապահով ուղին» Լինսի ծրագրով վարկ է ստացել, գնել է 45 ճապոնական «Միցուբիշի» մակնիշի երթուղային տաքսի եւ այսօր հայտնվել սնանկ վիճակում, որովհետեւ պատգամավորները, նախարարները, գեներալները եւ ազգի բազում այլ ջոջեր «գծերը» ձեռքից ձեռք են խլում: Ոչ մի պատահական մարդ «գծերի» տեր չի կարող լինել: «Մրցույթը կայացվել է բազմաթիվ խախտումներով: Մրցույթում հաղթող ճանաչված «Մելիք Գասպարյան եւ ընկերներ» ԼԸ-ի «Գազել» տրանսպորտային միջոցները հանդիսանում են թԸի 2705 մակնիշի բեռնատար ավտոմեքենաներ, որոնք վերասարքավորվել են մարդատարի եւ Պետավտոտեսչությունում գրանցվել որպես թԸի 32213 մակնիշի մարդատար միկրոավտոբուս: Օրենքը սահմանում է, որ տրանսպորտային միջոցը պետք է համապատասխանի անվտանգության պահանջներին, միջազգային եւ պետական ստանդարտներին: Հաղթող կազմակերպության մեքենաները չեն համապատասխանում պահանջվող տեխնիկական պահանջներին, գործարանի սահմանած շահագործման կանոններին»,- ասում է «Ապահով ուղի» ՓԲ ընկերության ներկայացուցիչ, Փաստաբանների միջազգային միության փաստաբան Կարեն Մեժլումյանը: «Մելիք Գասպարյան եւ ընկերներ» ԼԸ-ի մրցույթում 5 գնահատական ստացած տրանսպորտային միջոցները թԸի – 2705 մակնիշի բեռնատար ավտոմեքենաներ են՝ վերափոխված մարդատարի: «Ապահով ուղի» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Ս.Ստեփանյանն ավելացնում է. «Մելիք Գասպարյան եւ ընկերներ» կազմակերպությանը սպասարկող, արտադրական բազա ունեցող «Կարկոմավտո» ՍՊԸ-ն մրցույթի ժամանակ չուներ հաստատված էկոլոգիական անձնագիր, ջրօգտագործման եւ ջրահեռացման, ինչպես նաեւ՝ թույլատրելի սահմանային արտահոսքի մշակված նորմաներ»: Նման դեպքերում մրցութային հաձնաժողովը պարտավոր էր տալ 0 միավոր, մինչդեռ գնահատել է 1 միավոր: «Չորս անգամ բնապահպանության նախարարության տարբեր պաշտոնյաներ (նախարար, փոխնախարար, տեսչության պետեր) մեր հարցումներին պատասխանել են, որ մրցույթի ժամանակ «Կարկոմավտո» ՍՊԸ-ն չի ունեցել հաստատված էկոլոգիական անձնագիր եւ ջրօգտագործման եւ ջրահեռացման անհատական նորմատիվներ»,- նշում է Կ. Մեժլումյանը: Ի դեպ, դատարանի նույնաբովանդակ երկու հարցումներին նույն պաշտոնյաները տվել են միանգամայն այլ պատասխան, թե «Կարկոմավտո» ՍՊԸ-ն ուներ նշված փաստաթղթերը: Տրանսպորտի եւ կապի նախարարության մրցութային հանձնաժողովը ԱԺ պատգամավոր Մելիք Գասպարյանին մատուցել է իր ծառայությունը: Հերթը դատարանինն է: ԷԴԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ Հետաքննող լրագրողների ընկերակցություն www.hetq.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30