Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԱՐՏԱՖԻԼՄԸ» ՍԵՐԻԱԼ Է ԴԱՌՆՈՒՄ

Սեպտեմբեր 07,2002 00:00

«ՄԱՐՏԱՖԻԼՄԸ» ՍԵՐԻԱԼ Է ԴԱՌՆՈՒՄ Սեպտեմբերի 4-ին բռնության նոր փորձ է կատարվել «Աբովյան» հեռուստախմբագրության վրա։ Արդյունքում փակվել են հեռուստաընկերության դռները, աշխատակիցներն էլ թաքնվել՝ ով որտեղ կարող է։ Երեկ հապճեպ կազմակերպված լրագրողների հավաքի ժամանակ այս մասին տեղեկացրեց Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գեւորգյանը։ Սեպտեմբերի 5-ին նրան զանգահարում է «Աբովյան» հեռուստաընկերության գործադիր տնօրեն Ազնիվ Չիզմեչյանը եւ պատմում, որ նույն օրը մի խումբ մարդիկ շրջապատել են խմբագրության շենքը ու սպառնալիքներով փորձել տեղեկանալ, թե որտեղ է ընկերության նախագահ Արտաշես Մեհրաբյանը։ Պատասխան չստանալով, նրանք հեռացել են, բայց աշխատակիցները վախից փակել են դռները, դադարեցրել եթերն ու հեռացել։ Հաջորդ օրը, ցերեկը Ազնիվ Չիզմեչյանը զանգահարում է Երեւանի մամուլի ակումբ՝ Բորիս Նավասարդյանին եւ հաղորդում նոր տեղեկություններ. առավոտյան նրան զանգահարել է Արտաշես Մեհրաբյանը եւ ասել, որ փակեն խմբագրությունը, դադարեցնեն եթերը, որ ինքը (Արտաշեսը) տանը չէ եւ թաքնվում է։ Ազնիվը նույնպես (հավանաբար՝ նախորդ օրվանից) գաղտնավայրում է եւ խիստ անհանգստացած է դեպքերի նման զարգացումից։ Շտապ զանգին հետեւած լրագրողների շտապ հավաքում (ժամը 16.00-ին) փորձ արվեց գործի ընթացքի վերաբերյալ կատարել որոշ ճշտումներ։ Ըստ այդմ պարզվեց, որ Աբովյանի ՆԳ բաժնում առեւանգման դեպք չի արձանագրվել, որ հանրապետական դատախազությունն արձագանքելով «Աբովյան» հեռուստախմբագրության տնօրինության խնդրանքին, օգոստոսի 24-ին հարուցված քրեական գործի վարույթը տեղափոխել է Երեւանի Ավան-Նոր Նորքի տարածքային դատախազություն։ Այս քայլը կարելի է գնահատել որպես միակ դրական տեղաշարժը օգոստոսի 24-ից ծավալված բռնարարքների ուսումնասիրման գործում։ Ի դեպ, նշենք, որ հեռուստաընկերությունում ծեծուջարդ կազմակերպած խմբի անդամներից մեկը՝ Նվեր Դավթյանը, Աբովյանի քաղաքապետ Կարո Իսրայելյանի բարեկամն է եւ ակնհայտ հովանավորյալը։ Այդ է պատճառը, որ Աբովյանի ՆԳ բաժինը դեռ ցուցմունք չի վերցրել դեպքին ականատես խմբագրության աշխատակիցներից, որ օգոստոսի 29-ից մինչ օրս դատաբժշկական փորձագետ պրն Մինասյանը դեռ չի տվել իր փորձագիտական եզրակացությունը ընկերության նախագահ Արտաշես Մեհրաբյանի վիճակի մասին եւ այլն։ Նշենք նաեւ, որ բռնության կազմակերպիչները ձեռքները ծալած չեն նստել եւ չբավարարվելով տեսաերիզ ու տեսախցիկ խլելով, այժմ էլ ստորագրություններ են հավաքում շենքի բնակիչներից (որի 12-րդ հարկում տեղակայված է հեռուստաընկերությունը), որ իբր հեռուստատեսության աշխատանքը խախտում է իրենց անդորրը, եւ պահանջում են արտաքսել ընկերությանը տարածքից։ «Սա արդեն մարտահրավեր է լրատվամիջոցներին ուղղված»,- համակարծիք են լրագրողները։ «Առջեւում ընտրություններ են ու, պատկերացրեք, թե ինչ է սպասվում մեզ բոլորիս, երբ այսքան կոպիտ բռնարարքին հարկավոր ուշադրություն չեն դարձնում պետական, իրավական մարմինները։ Ստացվում է, որ մեծապես վտանգված է լրատվության աշխատողների ֆիզիկական պաշտպանվածությունը»,- մտահոգվեց ԵՄԱ նախագահ Բորիս Նավասարդյանը։ Դժվար է ասել, թե «Աբովյան» հեռուստախմբագրության հետ կապված այս «խմորն ինչքան ջուր կվերցնի», բայց մի բան պարզ է՝ լռելու ժամանակն անցել է։ Ու եթե ամեն մի դուր չեկած խոսքի համար «սամասուդով» հարց լուծվի, ապա դա կլինի ոչ թե լրատվամիջոցի, այլ պետության, ավելին՝ իրավական պետության վերջը։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ Հ. Գ. Երեկոյան հայտնի դարձավ, որ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ՆԳ նախարարությանը հանձնարարել է պարզել մանրամասները: Նախագահի աշխատակազմից պատրաստակամություն են հայտնել մինչ ընտրությունները կազմակերպել նախագահի հանդիպումը այն լրագրողների հետ, որոնք պատրաստ են ներկայացնելու ԶԼՄ-ների վրա գործադրվող ճնշումների դեպքերը հատկապես մարզերում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել