Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԸ ՆՎԱՃԵԼ ԵՆ ՀՐԱԶԴԱՆԻ ԿԻՐՃԸ

Սեպտեմբեր 07,2002 00:00

ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԸ ՆՎԱՃԵԼ ԵՆ ՀՐԱԶԴԱՆԻ ԿԻՐՃԸ «Ինձ անհասկանալի է Հրազդանի կիրճի շուրջ բարձրացված աղմուկը: Այնտեղ որեւէ լուրջ բան չի կառուցվել: Մի քանի օբյեկտներ էկոլոգիային չեն կարող վնասել»,- կիրճի շինություններին վերաբերող հարցին այսպես պատասխանեց Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը: Այսօր Հրազդանի կիրճում գործող օբյեկտների քանակի եւ օրինականության մասին քաղաքապետարանը առայժմ տեղեկատվություն չի տրամադրում: Փոխարենը գլխավոր ճարտարապետը փորձում է համոզել, որ օբյեկտների անօրինականության հարցը բարձրացնելով՝ էկոլոգներն այլ խնդիր են լուծում: Հրազդանի կիրճն, ըստ Նարեկ Սարգսյանի, ապականվել է դեռեւս հետպատերազմյան տարիներին,երբ բազմաթիվ արտադրական օբյեկտներ են կառուցվել: «Ահա թե որտեղ պետք է որոնել բարձրացված հարցի լուծումը», հուշեց գլխավոր ճարտարապետը: Հրազդանի կիրճի կարգավիճակը վերջնականապես լուծել նա խոստանում է Երեւանի նոր հատակագիծն ավարտելուց հետո: Կիրճի ճակատագիրը որոշելիս՝ հաշվի է առնվելու 15 տարի առաջ ճարտարապետ Ֆրիդոն Ասլանյանի նախագիծը՝ այն համապատասխանեցնելով այսօրվա շուկայի պահանջներին: Ըստ այդ նախագծի, կիրճում պետք է կառուցվեին ճոպանուղի, մարզական կենտրոններ, բացօթյա սրճարաններ, այդտեղով էր անցնելու Կիեւյան կամրջին հարող մետրոյի կանգառը: Կիրճով պետք է անցներ նաեւ Երեւանի մայր կոյուղին, որը միանգամից կլուծեր այստեղ եղած բոլոր օբյեկտների կոյուղաջրերի խնդիրը: Հրազդանի կիրճում նախատեսված էր կառուցել անգամ գերեզմանոց: Իհարկե, սա Ֆ. Ասլանյանի նախագիծն է, եւ այսօր Ն. Սարգսյանի համար այն ամբողջովին ընդունելի չէ: Գլխավոր ճարտարապետը պնդում է, որ իր պաշտոնավարության ընթացքում կիրճը չի վնասվել, որեւէ ապօրինի շինություն չի կառուցվել՝ քաջ գիտակցելով, որ այս հայտարարությամբ հակադրվում է իր վերադասին՝ քաղաքապետ Ռոբերտ Նազարյանին: Հիշեցնենք, որ վերջերս քաղաքապետ Ռ. Նազարյանը հեռուստատեսությամբ հայտարարեց. «Իմ պաշտոնավարության ընթացքում Հրազդանի կիրճում որեւէ հողհատկացում չի կատարվել, բոլոր շինություններն ապօրինի են»: Նարեկ Սարգսյանին այլ բան չի մնում, քան հակադրվել քաղաքապետին, որովհետեւ ապօրինությունների հեղինակն ինքն է: Այսօր աղմուկ բարձրացրած շինությունների հողհատկացումները հիմնականում եղել են քաղաքապետ Ալբերտ Բազեյանի պաշտոնավարության ընթացքում՝ 1999 թ.-ից, իսկ Ն. Սարգսյանը քաղաքի գլխավոր ճարտարապետն է այդ տարիներից: «Շինությունների կառուցման հարցում գլխավոր ճարտարապետի դերն անհամեմատ ավելի մեծ է, քան քաղաքապետինը, նա է պատասխանատու յուրաքանչյուր մետր հողի վրա կառուցվող շինության օրինականության համար»,- մեզ հետ հանդիպման ժամանակ ասաց նախկին քաղաքապետ Ա. Բազեյանը՝ ավելացնելով, որ որեւէ ապօրինի հատկացում իր կողմից չէր կարող կատարվել: «Քաղաքացին դիմում էր քաղաքապետարան՝ հողհատկացման կամ տարածքն ընդլայնելու դիմումով: Բոլոր համապատասխան մարմիններից դրական պատասխան ստանալուց հետո միայն ես ստորագրել եմ որոշման տակ: Շինարարության օրինականության համար պատասխանատու է ոչ թե քաղաքապետը, այլ գլխավոր ճարտարապետը: Եթե փաստեր կան, որ ապօրինություն է տեղի ունեցել, ինչ-որ բան այնպես չի եղել, թող դիմեն դատարան»,- ասաց Ա.Բազեյանը: Առաջին հողհատկացումները Հրազդանի կիրճում Վահագն Խաչատրյան. Երեւանի քաղաքապետ (1992-96թթ.): «Իմ պաշտոնավարության ընթացքում հողհատկացում չի կատարվել: Կիրճն այսօր հանգստի վայր չէ, այն վերածվել է ռեստորանային համալիրների շարքի, որոնց կոյուղաջրերը լցվում են գետը ու այն ավելի ապականում: Վիճակը սարսափելի է»: Վարդան Հարությունյան. քաղաքապետարանի Հողի, գույքի եւ ունեցվածքի վարչության պետ (1996-97թթ.): «Ես աշխատել եմ քաղաքապետ Վանո Սիրադեղյանի պաշտոնավարության ընթացքում: Այդ տարիներին կիրճում հողհատկացումներ ընդհանրապես չեն եղել: Մեր առաջ կանաչապատման խնդիր էր դրված»: Գուրգեն Մուշեղյան. Երեւանի գլխավոր ճարտարապետ (1982-89թթ., 1996թ.): «Հողհատկացում եւ շինարարության թույլտվություն իմ օրոք չի եղել: Այդ ժամանակ կիրճում սննդի սպասարկման 2 օբյեկտ կար՝ «Փարվանան» ու «Հրազդան» մարզադաշտի ճաշարանը: Հանգստի գոտում որոշ քանակությամբ սպասարկման օբյեկտներ պետք են, բայց դրանց պետք չէր թույլ տալ այդքան գետին մոտենալ»: Հողհատկացման գործընթացը սկսվել է քաղաքապետ Սուրեն Աբրահամյանի օրոք (1998-99թթ.): «Իմ օրոք 2 հողհատկացում է եղել 300 քմ եւ 500 քմ, սակայն գլխավոր ճարտարապետի՝ Համլետ Խաչատրյանի կողմից շինարարություն սկսելու թույլտվություն չի եղել: Ես նրա առաջ խնդիր էի դրել քաղաքաշինական նշանակություն ունեցող տարածքները չփչացնել, երեւանցուն ձորից չօտարել: Այսօր կիրճին սպառողի հոգեբանությամբ են մոտենում: Իմ ժամանակ էլ են ճնշումներ եղել, սակայն քաղաքապետի ամենակարեւոր հատկանիշը պետք է լինի սրան-նրան չհաճոյանալը»: Համլետ Խաչատրյան. Երեւանի գլխավոր ճարտարապետ (1997-2000թթ.): «Իմ ժամանակ 2 հատկացում է եղել 300 քմ եւ 500 քմ՝ դեմ-դիմաց բացօթյա սրճարաններ կառուցելու համար: Սակայն տարածքների տերերից միայն մեկն է շինարարություն կատարել»: Հ. Խաչատրյանի նշած տարածքում կառուցվել է «Մոնտե-Քրիստո» ռեստորանային ամրոց-համալիրը: Այն բնականաբար 500 քմ չէ: Տարածքն ընդլայնվել է քաղաքապետ Ալբերտ Բազեյանի օրոք եւ դարձել 1850 քմ: Ա. Բազեյանի եւ Ն. Սարգսյանի օրոք են տեղի ունեցել նաեւ Հաղթանակի կամրջից մինչեւ Կիեւյան կամուրջն ընկած տարածքում աչքի ընկնող օբյեկտների հողհատկացումները: Եվ հենց այս օբյեկտներն է քաղաքապետ Ռ. Նազարյանը համարում ապօրինի: Ն. Սարգսյանը հարցին այլ տեսանկյունից է մոտենում՝ բացատրելով, որ օբյեկտների տերերը ահռելի աշխատանք են կատարել, սակայն իրավաբանական փաստաթղթերի մի մասը ավարտին դեռ չեն հասցրել: Ն. Սարգսյանը նկատի ունի այն հանգամանքը, որ թեեւ Ռ. Նազարյանը օբյեկտների տարածքներն ընդլայնելու վերաբերյալ դրանց տերերի դիմումները մերժել է, սակայն նրանք հարցը որոշել են լուծել այլ կարգով: Թե «Գեղամա» եւ թե «Մոթել» համալիրների տերերը դիմել են դատարան, որն էլ նրանց կառույցները ճանաչել է օրինական: Այս երկու օբյեկտներն էլ իրենց տարածքներն ընդլայնել են առանց համապատասխան թույլտվության եւ նոր դիմել դատարան: Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը, ճանաչելով հայցվորի սեփականության իրավունքը, քաղաքապետարանին «պարտադրել» է «Գեղամա» ռեստորանային համալիրին պատկանող 500 քմ տարածքին ավելացնել եւս 680 քմ, որի վրա, առանց թույլտվության, «Գեղամայի» տնօրինությունը արդեն ապօրինի շինարարություն էր իրականացրել: Նույն քաղաքականությամբ է առաջնորդվել «Մոթել» հյուրանոցային համալիրի տնօրինությունը: Դատական կարգով օրինական է ճանաչվել նաեւ «Մոթելի» հարեւանությամբ կիսակառույց նավը: Այս կառույցների ապօրինության վերաբերյալ քաղաքապետ Ռ.Նազարյանի վրդովմունքը մի փոքր կասկած է ներշնչում, քանի որ օբյեկտները օրինական են ճանաչվել միայն առաջին ատյանի դատարանի կողմից: Քաղաքապետը թույլ է տվել, որ վճիռները օրենքի ուժ ստանան՝ 15 օրվա մեջ չի բողոքարկել վերին ատյաններ: Ովքեր են հայտնի օբյեկտների տերերը Քաղաքապետարանը շարունակում է խնամքով թաքցնել Հրազդանի կիրճում աչքի ընկնող օբյեկտների տերերի ինքնությունը: «Հետաքննող լրագրողների ընկերակցությունը» համապատասխան մարմիններից որեւէ պաշտոնական տեղեկատվություն դեռ չունի՝ չնայած բազմաթիվ նամակներ է հղել: Այս տարվա ապրիլի 17-ին ընկերակցությունը դիմել է քաղաքապետ Ռ. Նազարյանին. «Խնդրում ենք տեղեկացնել, թե կիրճի երեւանյան հատվածում քանի օբյեկտ է գործում, դրանցից քանիսն են ապօրինի կամ օրինականացման ճանապարհին: Արդյո՞ք կան նոր օբյեկտներ կառուցելու թուլտվություններ, եթե այո՝ քանիսն են եւ որտեղ»: Գործող օրենսդրության համաձայն, քաղաքապետարանի նշված վարչությունը մեկ ամսվա ընթացքում պետք է պատասխաներ նամակին: Պատասխանի փոխարեն ընկերակցության նամակը ուղարկվել է «Հրազդանի կիրճ» ՓԲԸ: Նորաստեղծ այս կառույցը, որն առանձնապես որեւէ լծակ չունի, գրավոր տեղեկացրել է. «Հայտնում եմ, որ Հրազդանի կիրճի հետ կապված հարցադրումների վերաբերյալ «Հրազդանի կիրճ» ՓԲԸ-ին քաղաքապետարանի ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչությունը տեղեկատվություն չի տրամադրել»: Ի տարբերություն պաշտոնական աղբյուրների՝ հասարակության մեջ պտտվող լուրերը հիմնականում համապատասխանում են իրականությանը: Համաձայն այդ լուրերի, «Մոնտե-Քրիստո» ռեստորանային համալիրի տերը քաղաքապետարանի առեւտրի եւ սպասարկման վարչության պետ Լեւոն Հարությունյանն է. «Այո, այս օբյեկտն իմն է: Անձամբ չեմ լսել քաղաքապետի այն հայտարարությունը, թե բոլոր օբյեկտներն անօրինական են, բայց կարող եմ ապացուցել, որ իմ կառույցը օրինական է: Գտնում է, որ նման օբյեկտներ ձորում կարելի է կառուցել: Մենք ամեն տարի փուլառփուլ առաջ ենք գնում»: Լ.Հարությունյանը ներկայացրեց իր կառույցին վերաբերող բոլոր փաստաթղթերը: Նրա հավաստմամբ, շինարարության ընթացքում որեւէ ծառ չի հատվել, կոյուղաջրերի եւ աղբի համար ստեղծված են հատուկ հորեր, գետը լցվող միակ ջուրը ջրավազանինն է, որը գետի ջրից անհամեմատ մաքուր է: «Մոնտե-Քրիստոյի» նկատմամբ իր վերաբերմունքը չի թաքցնում գլխավոր ճարտարապետը՝ Ն. Սարգսյանը: Ինչպես պարզվեց հետագայում, նա «Մոնտե-Քրիստոյի» շինարարության համար արտոնյալ պայմաններ է ստեղծել, ազատություն է տվել կառուցապատման ընթացքում եւ այսօր իր բոլոր հյուրերին այնտեղ է հրավիրում: Նույն «Մոնտե-Քրիստոյի» մասին այլ կարծիքի է նախկին գլխավոր ճարտարապետ Հ. Խաչատրյանը. «Աշխարհի ոչ մի ազգ ձորի ցածր տեղում ամրոց չի կառուցում, իսկ մեր «Մոնտե-Քրիստոն», չգիտես ինչու, հայտնվել է ձորի ամենացածր վայրում»: Աչքի ընկնող եւ այցելուներով հարուստ օբյեկտներից է նաեւ «Գեղամա» ռեստորանային համալիրը: Այստեղ են այցելում գրեթե բոլոր բարձրաստիճան զինվորականները: Բացի ռեստորանից, համալիրը նաեւ գարեջրատուն ունի: Պտտվող լուրերի համաձայն, այն պատկանում է Ռազմական ոստիկանության պետի տեղակալ Ռազմիկ Խանզրադյանին: Հեռախոսազրույցի ընթացքում պարոն Խանզրադյանը չհերքեց իր կապը ռեստորանի հետ, սակայն նշեց, որ տերը ոչ թե ինքն է, այլ հարազատ եղբայրը՝ Խաչիկ Խանզրադյանը: «Գեղամայի» հարեւանությամբ է գտնվում «Մոթել» հյուրանոցային համալիրը: Տարածքներն ընդլայնելու հարցում «Գեղամայի» ու «Մոթելի» անցած ճանապարհը նույնն է: Սակայն «Մոթելի» ծառայությունները մի փոքր տարբերվում են: Սա միակ հյուրանոցային համալիրն է: Այցելուի ինքնությունն այստեղ գաղտնի է մնում: Այցելուն «Մոթել» է մտնում մեքենայով եւ միանգամից բարձրանում երկրորդ հարկ: Այցելուն մեկուսացված է շրջակա բնությունից եւ նույնիսկ ամենամեծ ցանկության դեպքում իրեն կանաչ գոտում զգալ չի կարող: «Մոթելի» եւ նրա հարեւանությամբ կառուցվող «ձորում մխրճված» նավի տերը, ըստ բավականին վստահելի աղբյուրների, հայտնի գործարար Արայիկ Հայրապետյանն է (Լավանդայի Արայիկը): Ա.Հայրապետյանը մեզ տեղեկացրեց, որ վերջին շրջանում սովորություն է դարձել իր բոլոր հարազատների ունեցվածքներն իրեն վերագրել: «Մոթելն ու նավը իմ քրոջ որդունն են՝ Տիգրան Հարությունյանինը».- ասաց նա: Կիրճում տիրող վիճակն առանձնապես չի անհանգստացնում բնապահպանության նախարարությանը: Փոխնախարար Արտաշես Կիզիրյանը վերջերս ասուլիսում իր «անհանգստությունն» այսպես արտահայտեց. «Ես չեմ գտնում, որ այդ օբյեկտները պետք է քանդել եւ չեմ կարծում, որ գտնվի մի մարդ, որի ձեռքը գնա եւ քանդի այդ կառույցները»: Նշված այս բոլոր կառույցներն այսօր էլ շարունակում են ընդլայնվել: Հատկապես կեսգիշերից հետո կյանքը Հրազդանի կիրճում «եռում» է: Միամտություն կլինի կարծել, թե քաղաքապետի կամ որեւէ մեկի, ասենք հանրապետության նախագահի հայտարարությամբ, ինչ-որ մեկը կհամարձակվի դրանք քանդել ու վերականգնել ձորի երբեմնի տեսքը: Առավելեւս, որ «քանդողները» այդ օբյեկտների մշտական հաճախորդներն են: ՎԻԿՏՈՐՅԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ Հետաքննող լրագրողների ընկերակցությունwww.hetq.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել