Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՐԿՆՎՈՂ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Սեպտեմբեր 10,2002 00:00

ԿՐԿՆՎՈՂ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ Շահի-Ջանյանին էլ հոգեւորականները չեն գնահատել Ժամանակին՝ 19-րդ դարի վերջին (1877թ.) Հայոց կաթողիկոս Գեւորգ Դ-ի ծրագրով 21-ամյա Մակար Եկմալյանը (հետագայում մեծատաղանդ կոմպոզիտոր, խմբավար, մանկավարժ ու հասարակական գործիչ) Պետերբուրգում իր ծառայությունները պիտի առաջարկեր տեղի հոգեւոր խորհրդին, ստանձնելով հայկական եկեղեցու երգչախմբի ղեկավարությունը, որից կբխեր համապատասխան աշխատավարձ եւ ինքնուրույն կպատրաստվեր կոնսերվատորիա ընդունվելու։ Այստեղ շատ սառն են ընդունում ու վերաբերում Եկմալյանին։ Վերջինս նամակով քանիցս դիմում է Մայր Աթոռ սուրբ Էջմիածին՝ Սրբազանին, բացատրելով իր թշվառ վիճակը եւ խնդրում ազդել Պետերբուրգի հոգեւոր իշխանությունների վրա, սակայն՝ ոչ մի փոփոխություն։ Կարճ ասած՝ թերսնվելով, աղքատիկ աշխատավարձի զգալի մասը հատկացնելով մասնավոր դասերի վճարմանը, երկու տարվա մաքառումներից հետո ընդունվում է կոնսերվատորիա։ Հետագայում դառնալով թե՛ Պետերբուրգի եւ թե՛ համայն աշխարհի հայ հոգեւոր իշխանավորների աչքի լույսը՝ աշխարհահռչակ իր Պատարագով։ Իսկ 20-րդ դարի վերջին՝ 93 թվականին, դարձյալ 21-ամյա, Երեւանի Կոմիտասի անվան պետկոնսերվատորիայի երրորդ կուրսի վոկալ բաժնի ուսանող Սուրեն Շահի-Ջանյանը, վաճառելով տան եղած-չեղածը (ծնողների հետ երկար «բանակցություններից» եւ ի վերջո՝ ընդհանուր հայտարարի գալուց հետո) հայտնվում է Փարիզում եւ ընդունվում տեղի կոնսերվատորիան, աշխարհահռչակ տիկին Ժանն Բեղբիյեի դասարանը։ Ուսմանը զուգահեռ, սկզբնական շրջանում երգում է ոչ հայկական եկեղեցիներում գործող երգչախմբերում, ստանալով աղքատիկ գումար։ Սոցիալական վատ վիճակը, այստեղից-այնտեղից «հավաքած» լուրերը պատանուն «տանում» են հայկական եկեղեցի, թեմի առաջնորդ՝ Սրբազան Գյուտի մոտ։ Երգչի խոսքերով. «Սկզբնական շրջանում շաբաթական 100 ֆրանկ կստանայի, գոնե մի կերպ գոյությունս կպաշտպանեի։ Հասկանո՞ւմ եք, ինձ համար հաճելի չէր Փարիզի նման քաղաքում անտերի կարգավիճակում գտնվելը։ Եթե ես այդ թվականին գլխիս ճարը չտեսնեի (հիշենք այդ թվերի պայմանները՝ անլույս, անջուր, ամեն ինչ ան նախածանցով- Ս. Դ.), պարզապես ձայնս կկորցնեի»։ Ի վերջո, եկեղեցում մի քանի կոպեկ աշխատելուց զատ, «կշփվեր» հայ պաշտոներգության մեջ իր կենտրոնական տեղը գրաված համաքրիստոնեական Պատարագի հետ, այս ձեւով առնելով եւ ծնողների, եւ հայրենիքի, ընդհանրապես՝ այստեղ թողած ամեն ինչի կարոտը։ Ինչպես Մ. Եկմալյանի պարագայում (գոնե նրան չնչին աշխատավարձ են սահմանում՝ գոյությունը պաշտպանելու համար), այնպես էլ այստեղ, հոգեւորականը, ավելին՝ թեմի առաջնորդը ոչ միայն չի օգնում՝ գոնե խորհրդով, այլ միանգամից դռան տեղը մատնանշելով ասում է. «Սովետից եկած հերթական մեկն է»։ Ինչպես ասում են՝ Աստված մեկ դուռը փակելով՝ մյուսը բացում է։ Ս. Շահի-Ջանյանը կարճ ժամանակ անց մասնակցելով «Maitre de Chant Francais» միջազգային մրցույթին, շահում է առաջին մրցանակը, որին անմիջապես հետեւում է հայկական եկեղեցու երգչախմբի խմբավար Կոմիտասի (սա, բնականաբար, մեծն Կոմիտասը չէ, այլ Երեւանում ծնված, սնված, կոնսերվատորիական կրթություն ստացած երաժիշտ) հրավերը, բնական է Սրբազանի կարգադրությամբ եւ հրավեր՝ Փարիզի Մեծ թատրոնից։ «Անշուշտ, մեծ կարիք ունեի հայկական երաժշտության, այն էլ հոգեւոր, բայց թող շատ բարձր չհնչի՝ պարզապես չկարողացա ներել Սրբազանին, թեպետ ես մեծ հավատք ունեմ առ Աստված։ Ինչեւէ։ Փարիզի օպերային թատրոնում երկու տարի կատարեցի բասի ներկայանալիք դերերգեր։ Պետք է ասեմ, որ երգել եմ նաեւ երկրորդական դերերգեր։ Գիտեմ, որ, օրինակ, Երեւանի օպերային թատրոնի մեներգչի համար երկրորդական դերերգի կատարումը համարվում է անպատվաբեր։ Իմացած եղեք. ամբողջ աշխարհում, նույնիսկ աշխարհահռչակ երգիչները ժամանակ առ ժամանակ «վերադառնում» են փոքր դերերգերին, այդ այստեղ են ասում՝ երկրորդական։ Դա հնարավորություն է տալիս ինչ-որ տեղ ե՛ւ հանգստանալու, ե՛ւ պահպանելու ու չծանրաբեռնելու ձայնը»։ Երգիչը մասնակցել է հեղինակավոր փառատոների, թողարկել CD-ներ։ Ելույթներ ունեցել Մարկ Մինկովսկու, Լորին Մաազելի, Ռոբերտ Վիլսոնի եւ այլ անվանի դիրիժորների ղեկավարությամբ, ելույթներ ունեցել Եվրոպայի եւ Ամերիկայի մի շարք քաղաքներում։ Նա երկու տարի առաջ եւ այս անգամ էլ հրավիրվել է ՀՖՆ-ի գեղղեկավար եւ գլխ. դիրիժոր Էդ. Թոփչյանի կողմից։ «Փարիզում շատ փորձություններով եմ անցել, շատ բան սովորել, բայց երգել սովորել եմ Երեւանի կոնսերվատորիայում, պրոֆեսոր Մարիաննա Հարությունյանի դասարանում»,- ասում է երգիչը։ Ի հակադրումն արտերկրում իր կոլեգաների, Ս. Շահի-Ջանյանը չի ցանկանում մշտական վերադառնալ, Փարիզը համարում է ընդամենը ապրելավայր։ «Հասկանո՞ւմ եք, մի քանի ամիս չեմ կարող նույն քաղաքում մնալ։ Օրինակ, Երեւան եմ եկել այնպես, ինչպես կգնայի Սան-Ֆրանցիսկո»,- ասում է երգիչը, երազելով, որ կգա՞ մի օր, որ աշխարհի հայ, սփյուռքահայ արվեստագետները հայտնվեն Հայաստանում, իրենց փոքր մոմերը մոտեցնեն ու բռնկվի հայ արվեստի մեծ խարույկ։ ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ Հ. Գ. Երգչի պապն ու տատը՝ Սուրեն Շահի-Ջանյանը եւ Նինա Ապրեսովան երգել են մեր օպերային թատրոնում, բայց երիտասարդ երգչին չի ձգտում Երեւանի Ազգային օպերային թատրոնի բեմը։ Ասենք նաեւ՝ Շահի-Ջանյանները Գանձասարի կաթողիկոսների հետնորդն են։ Իսկ երգիչը մեզ խոստացավ վերը նշված տողերը մանրամասնել հաջորդ այցելության ժամանակ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել