Լրահոս
Օրվա լրահոսը

Վատ մոռացված հինը

Սեպտեմբեր 12,2002 00:00

Վատ մոռացված հինը Խորհրդարանը երեկ ավարտեց օրակարգի խորհրդանշական 37-րդ տեղը զբաղեցնող «Կապի ոլորտում կառավարության գործունեությունն ուսումնասիրող» ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի եզրակացության քննարկումը։ Հանձնաժողովի անդամ Մարտուն Մաթեւոսյանին փոխանցեցինք մեր դիտարկումը, թե այդ եզրակացությունն ակամա զուգահեռ է առաջացնում «27»-ի գործով ԱԺ հանձնաժողովի գործունեության հետ։ Երկու դեպքում էլ առկա են կասկածներ կատարվածին բարձրագույն պաշտոնատարների առնչակցության վերաբերյալ, բայց ուսումնասիրություններից հետո՝ երկու հանձնաժողովներն էլ իրենց եզրակացությունները (առնվազն այդ առնչակցության մասով) ներկայացրին, նույն մակարդակով՝ կասկածների վրա հիմնվելով։ Հիշեցնենք, որ Վազգեն Մանուկյանն «ԱրմենՏելի» գործարքի մութ կողմերի մասին այսպես էր արտահայտվել. «Միգուցե Լեւոն Տեր-Պետրոսյանն էլ է խառնված՝ չեմ իմանում»։ Մի՞թե կես տարվա ստուգումներից հետո պիտի «միգուցե, չեմ իմանում» արտահայտություններով, այլ ոչ՝ ավելի հստակ պատասխան տրվեր այդ հարցադրմանը՝ մեր այս հարցին պրն Մաթեւոսյանն այսպես պատասխանեց. «Պետք է տարբերակել քրեորեն հետապնդելի արարքները պաշտոնի բերումով ենթադրելի պատասխանատվությունից։ Այսօր միանշանակ պնդել, որ այս կամ այն պաշտոնյան կաշառք վերցնելու կամ մեծ շահույթների նպատակով է արել ինչ-ինչ բաներ՝ դա մեր խնդիրը չէր եւ հնարավոր էլ չէր։ Բայց այս գործարքի մեջ կան որոշ փաստեր, որոնք ուսումնասիրելով կարող ես միայն ենթադրել՝ կա՛մ նման գործարք կնքողներն ընդհանրապես չեն հասկացել, թե ինչ են անում, որը քիչ հավանական է, կամ էլ՝ որոշ պաշտոնյաներ ունեցել են անձնական շահագրգռություններ։ Կրկնում եմ, մեր խնդիրը չէր պարզելը, թե արդյոք այդ ամենում կայի՞ն քրեական ինչ-ինչ տարրեր։ Դատախազությունն, իմիջիայլոց, գործ հարուցել էր ժամանակին։ Եվ հանձնաժողովի հարցմանը դատախազությունը պատասխանել էր, որ դերակատարների մեծ մասը Հայաստանում չէ»։ Փորձեցինք պարզել՝ խոսքը կապի նախկին նախարար Գրիգոր Պողպատյանի՞ մասին է, որն, ըստ Վազգեն Մանուկյանի՝ հաստատ մեղավոր է։ Սակայն Մարտուն Մաթեւոսյանն ասաց, թե իր կարծիքով՝ նրան չէ, որ նկատի են ունեցել. «Պողպատյանի մասին չէր խոսքը, այլ Բարի Հոնի, Վահրամ Սողոմոնյանի, Սեպուհ Թաշճյանի։ Ես ենթադրում եմ, որ դատախազությունը նրանց է նկատի ունեցել, քանի որ TWT-ի հետ կապված հիմնական դերակատարները նրանք են։ Եվ հնարավոր չէ կանչել նրանց հարցաքննության։ Այդ իսկ պատճառով՝ դադարեցվել է գործը, որ դատախազությունը հարուցել էր նախագահի վերահսկողական ծառայության հետազոտությունների հիման վրա»։ Այդ վերահսկողական ծառայությունն ուսումնասիրեց TWT-ի մասով գործարքը, կառավարության միջգերատեսչական հանձնաժողովը հետազոտեց «ԱրմենՏելի» ներդրումային պարտավորությունների կատարումը։ ԱԺ հանձնաժողովն արե՞ց ավելին, քան այս երկու կառույցներն արել էին արդեն։ «Կարող եմ ասել TWT-ի մասով, որով ես եմ զբաղվել,- ասաց Մարտուն Մաթեւոսյանը։- TWT-ի մասով՝ 99,9%-ը նախագահի վերահսկողական ծառայության հավաքած փաստաթղթերի փաթեթը եւ նրանց եզրակացությունն է մեզ համար ծառայել որպես հիմք։ Մենք հրավիրել էինք նաեւ այն փորձագետներին, որ նախագահի ՎԾ-ին կից ստեղծված այդ հանձնաժողովում էին։ Այս մասով՝ որեւէ նոր բացահայտում չի եղել»։ Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել