Լրահոս
Օրվա լրահոսը

ՉՀՈՒՍԱՀԱՏՎԵՆՔ

Սեպտեմբեր 18,2002 00:00

ՉՀՈՒՍԱՀԱՏՎԵՆՔ Ըստ «Խոսքի ազատության աջակցության հիմնադրամի» գործադիր տնօրեն Վարդան Հարությունյանի՝ իրենց ուսումնասիրություններով արձանագրվել են մարզային հեռուստաընկերությունների վրա ճնշումների բազմաթիվ փաստեր. «Սրանք տեղական ինքնակառավարման մարմինների մոտալուտ ընտրություններին առնչվող գործողություններ են, որոնք իրագործվում են Աբովյանում եւ ամենուր: Ուղղակի «Աբովյան» հեռուստաընկերությունում դրանք դրսեւորվեցին շատ արագ ու պայթյունային ձեւով, ուստի արժանացան այդքան մեծ ուշադրության»: Թեեւ այս հեռուստաընկերությունում կատարվածն այժմ ներկայանում է բոլորովին այլ լույսի ներքո՝ ըստ պրն Հարությունյանի՝ «Եթե իշխանությունները կամ նրանց հետ դաշնակցած հարուստներն ու մաֆիոզները փորձում են փողով առնել լրատվամիջոցին՝ դա նույնպես ճնշում է»: Սակայն եթե լրատվամիջոցն ինքնակամ համաձայնում է գործարքին եւ փող վերցնում՝ այլեւս անիմաստ է խոսել ճնշման մասին՝ մեր այս դիտարկմանն ի պատասխան էլ՝ Վարդան Հարությունյանը շարունակեց պնդել, թե դա ճնշում է. «Չեմ ուզում հիմա ասել՝ «Աբովյան» հեռուստաընկերությունը գնացե՞լ է գործարքի, թե՞ ոչ. թեեւ նրանց վերջին գործողությունները վկայում են, որ նրանք, այնուամենայնիվ, գնացել են գործարքի: Բայց դա բոլորովին չի նշանակում, որ այդ դեպքից հետո մենք պիտի հիասթափվենք ու դադարենք պաշտպանել լրատվամիջոցներին»: Նա չհամաձայնեց նաեւ մեր այն նկատառմանը, թե մինչեւ պաշտպանության հայտարարություններով հանդես գալը՝ արժե գոնե փոքր-ինչ ուսումնասիրել յուրաքանչյուր միջադեպի հանգամանքները. «Ո՛չ: Իրավապաշտպանները դատախազներ չեն, այլ հասարակական գործիչներ, որոնք իրենց գործողությունները ծավալում են՝ ելնելով համապատասխան իրավիճակներից»: Իսկ հետո, ինչպես «Աբովյանի» պարագայում է, կարող է հանկարծ պարզվել, որ լրագրողներն ու իրավապաշտպաններն իրենց գործողություններով ընդամենն ապահովել են տվյալ գործարքի PR-ը: «Ես ինձ դրանից վատ չեմ զգում,- ասաց «Խոսքի ազատության աջակցության հիմնադրամի» գործադիր տնօրենը:- Եվ առաջարկում եմ բոլորին, ովքեր պաշտպանել են նրանց՝ վատ չզգալ, քանի որ մենք պաշտպանել ենք լրատվամիջոցը եւ ոչ գործարքի գնացած լրագրողին: Միանշանակ է՝ «Աբովյան» հեռուստաընկերությունն այսօր չի աշխատում, քանի որ ճնշումներ են եղել իշխանավորների կողմից, եւ լրագրողները թույլ գտնվելով՝ չկարողացան դիմանալ այդ ճնշումներին: Իսկ մեր նպատակն ի սկզբանե եղել է ազատ խոսքի պաշտպանությունը»: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել