Լրահոս
Օրվա լրահոսը

Առիթը բաց չթողեց

Սեպտեմբեր 19,2002 00:00

Առիթը բաց չթողեց «Այսօր առիթ է մեր խոսքը, մեր խոստովանանքը հայտնելու, մեր ուխտը վերանորոգելու նահատակների հիշատակի առջեւ»,- ՀՕՄ երկկողմանի ծնողազուրկ եւ զոհված ազատամարտիկների երեխաների խնամակալության ծրագրի 10-ամյակին նվիրված հավաքում հայտարարեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը։ Օրվա խորհրդին եւ թեմային հարիր ելույթից հետո հնչած այս նախադասությանը հետեւեց «ուխտի վերանորոգման» թեմատիկան։ ՀՕՄ-ի այս իսկապես ազգանվեր ծրագրին, առավել եւս՝ դրա հոբելյանին չառնչվող այդ «վերանորոգումը» լսելուց հետո պրն Մարգարյանին հարցրինք՝ ինչքանո՞վ է տեղին համարում նման տոնի ժամանակ ասել, թե Ազատամարտի ժամանակ անարժաններն էին իշխանության գլուխ։ «Ես նման բան չեմ ասել։ Խոսքս վերցրեք եւ կարդացեք եւ կիմանաք, որ ես այդպիսի բան չեմ ասել։ Լավ կարդացեք, ճիշտ կարդացեք։ Ինչ որ գրել եմ, դրան եմ պատասխանատու, ոչ թե՝ էն, ինչ որ դու ես ասում։ Ես ի՛մ գրածի պատասխանատուն եմ»,- ասաց Հ. Մարգարյանը եւ նույնիսկ մեղադրեց մեզ հայերեն չիմանալու մեջ։ Մենք էլ վերցրինք հայերեն ելույթի տեքստը եւ մեջբերում ենք վերոնշյալ եզրակացության տեղիք տված հատվածները. «Ղարաբաղյան շարժումով հազարավոր հայորդիներ ոտքի ելան… Գնացին նրանք՝ չնկատելով անգամ, որ իրենց շարքերում բացակայում են օրվա իշխանավորների, չակերտավոր «վերնախավի» ներկայացուցիչները։ Գնացին նրանք՝ չկարեւորելով, ուշադրություն չդարձնելով, որ իրենց թիկունքում թողնում են ազգային հպարտությունը յուրացնելու, մեջ-մեջ անելու վեճն ու կռիվը»։ Մենք՝ հայերենի մեր չիմացությամբ, պրն Մարգարյանի խոսքն այսպես ներկայացրինք. «Վերադարձան նրանք եւ տեսան անարժաններին իրենց երկրի տերը»։ Համեմատեք օրիգինալի հետ. «Վերադարձան եւ ազգային հարստության վրա տեսան անարժաններին, տեսան մեր դժբախտության վրա հարստություն դիզած, հղփացած ու ժողովրդի նկատմամբ՝ աղայի, խանի, օտար միլիոնատերի վարք, վերաբերմունք, պահվածք ու խառնվածք ունեցող տարրերի»։ Ամենեւին չվիճարկելով ասվածի բովանդակությունը՝ նկատենք, որ եթե ազգային հարստության հետ «օրվա իշխանավորները» կամ մեր ասած՝ երկրի տերերը կապ չունեին, ուրեմն այսօր ի՞նչ հանցավոր ռեժիմի մասին են խոսում դաշնակցական ընկերները։ Ավելին, եթե հիշում եք, մի ժամանակ պիտի դատի էլ տային։ Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն այս ելույթի մասին մեկնաբանություններ անելուց հրաժարվեց. «Իրեն (Հ. Մարգարյանին.- Ա. Գ.) հարցրեք»։ Բայց կարեւորը՝ պրն Մարգարյանը նկատում է այսօրվա «ճիգը, տնտեսական համակարգը վերականգնելու, վերակերտելու հույսը»։ Թեեւ դա փափուկ բարձ էլ չէ այսօրվա իշխանությունների համար. «Արցախը շատերին է իշխանության բերել ու նաեւ՝ իշխանությունից հեռացրել։ Հակառակ երկրում առկա ծանր սոցիալական վիճակին՝ միշտ էլ Ղարաբաղի հարցն է եղել ու մնալու է վճռորոշը»։ Չբացվեցին նաեւ «Հոկտեմբերի 27»-ի կապակցությամբ Հ. Մարգարյանի խոսքի փակագծերը. «Դեռ ինչ-ինչ ուժեր՝ գիտակցաբար թե անգիտակից, փորձում են կասկածամտության թույնը տարածել, շարունակել «Հոկտեմբերի 27»-ով սկիզբ առած աղետը»։ Փակագծերը չբացվեցին, բայց հնարավո՞ր է, որ Ստեփան Դեմիրճյանին եւ Արամ Սարգսյանին նկատի չուներ։ Հապա՝ էլ ո՞ւմ։ ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել