Լրահոս
Օրվա լրահոսը

Արմենակյանի «Սեւ կատուն»

Սեպտեմբեր 19,2002 00:00

Արմենակյանի «Սեւ կատուն» Ըստ Աննա Արմենակյանի՝ «կանանց եւ կատուների նմանությունը կմնա անբացատրելի առեղծված, քանի դեռ գիշերը բոլոր կատուները սեւ են»։ Ընթերցողին հիշեցնենք, որ երգչուհին հանդիսատեսին մեկ անգամ ներկայացել է 1994թ.՝ հեղինակային «Դու սեր, երազ» երգով։ Ունի երաժշտական պրոֆեսիոնալ կրթություն՝ Ալիսա Հեքիմբաշյանի եւ Աշոտ Բզնունու սանն է։ Հայ կոմպոզիտորներից նախընտրում է Ռ. Ամիրխանյանին եւ Ա. Գրիգորյանին։ Երազում է մասնակցել Մոնտե Կառլոյի համերգին։ Կյանքում առաջնորդվում է «Տիեզերքը քոնն է, եթե ուզում ես, որ այն քոնը լինի» նշանաբանով։ – Օրերս երաժշտասերներին նվիրեցիր «Սեւ կատու» խորհրդավոր անվանումը կրող քո անդրանիկ ձայնասկավառակը։ Ինչպե՞ս ծնվեց սկավառակը եւ ի՞նչ երգեր են նրանում զետեղվել։ – Սկավառակը բաղկացած է փոփ, ջազ, ջազ-ռոք եւ այլ ոճերում գրված իմ 12 երգերից, որոնցից երեքն ունեն տեքստային համահեղինակներ, իսկ երկուսը զուգերգեր են՝ ձայնագրված Վարդուհի Վարդանյանի եւ Տիգրան Պետրոսյանի հետ։ Ի դեպ, նշեմ, որ թե՛ սկավառակը եւ թե՛ իմ ողջ ստեղծագործական գործունեությունը հովանավորում է հայրս՝ Վալերի Արմենակյանը։ Նշեմ նաեւ, որ սկավառակի երգերի գործիքավորումները (բացառությամբ «Դու սեր, երազ»- Աշոտ Բզնունի եւ «Օ՜, Բրազիլ»- Արա Թորոսյան) պատկանում են Դավիթ Դավթյանին։ – Ինչո՞ւ «Սեւ կատու» եւ ինչո՞ւ եգիպտական մոտիվներով։ – Սկավառակի 12 երգերից յուրաքանչյուրն իր մեջ ներառում է 12 տարբեր կանանց կյանքից մի հատված, որոնցից մեկը կրում է «Սեւ կատու» անվանումը եւ ունի նաեւ համանուն տեսահոլովակ, որտեղ հիմնականում շեշտը դնելով Իզիդա եւ Ռահ աստվածների վրա, փորձել եմ անդրադառնալ հին եգիպտական փարավոններին։ Բացի դրանից, ըստ իս, յուրաքանչյուր յուրօրինակ եւ չբացահայտված կնոջ մեջ կան կատվային գծեր։ Ու քանի որ ինքս էլ կին եմ եւ պատկերում եմ 12 տարբեր կանանց, փորձել եմ այդ կերպարներն ընդհանրացնել «Սեւ կատու» անվան տակ։ – «Երգ-2001»-ում քո «Օ՜, Բրազիլ» երգն արժանացավ տարվա լավագույն «Հիթ-երգ» մրցանակի։ Ուրիշ ի՞նչ մրցույթների ես մասնակցել եւ ինչպե՞ս ես վերաբերում մրցույթներին։ – 1995թ. մասնակցել եմ Երգի թատրոնում անցկացվող «Ասուպ» մրցանակաբաշխությանը եւ իմ առաջին «Դու սեր, երազ» հեղինակային երգի համար «Տարվա լավագույն դեբյուտ» կարգում արժանացել եմ «Ասուպ» մրցանակի։ Մասնակցել եմ նաեւ «Սայաթ-Նովա-2000»-ին, որտեղ իմ հեղինակային «Երեւան» երգը, ի թիվս 12 լավագույն երգերի, ընդգրկվեց «Սայաթ-Նովա» հավաքածու ձայներիզում, իսկ ես, որպես հեղինակ-կատարող, պարգեւատրվեցի պատվոգրով։ Մրցույթներ չեմ սիրում, քանզի նախընտրում եմ կենդանի երգեցողություն, իսկ մրցույթների ժամանակ, որտեղ կա մրցակցություն եւ պրոֆեսիոնալ ժյուրի, բեմ բարձրանալիս հուզմունքդ կրկնապատկվում է եւ հնարավոր են փոքրիկ վրիպումներ։ – Բազմաթիվ երգերի հեղինակ ես, որոնք հնչում են ոչ միայն քո, այլ նաեւ անհայտ երգիչ-երգչուհիների մատուցմամբ։ Ինչպե՞ս են ծնվում հեղինակային երգերդ եւ ի՞նչն ես կարեւորում նրանցում։ – Ի դեպ, թե՛ ստեղծագործական եւ թե՛ կատարողական առումով փորձում եմ լինել բազմաժանր, թեեւ հիմնականում նախընտրում եմ փոփ, ջազ-ռոք եւ մասնավորապես՝ սփիրիչ վելս երաժշտաոճերը։ Իմ մեջ սկզբում ծնվում է մեղեդին, հետո՝ տեքստը։ Չնայած կան նաեւ երգեր, որոնց թե՛ մեղեդին եւ թե՛ տեքստը գրվում է միաժամանակ, եւ այլեւս փոփոխման ենթակա չէ… Երգում ընդհանրապես կարեւորում եմ ոգին։ – Ինչո՞վ ես այժմ զբաղված եւ ի՞նչ հաճելի անակնկալներ են սպասվում երկրպագուներիդ։ – Այժմ արդեն աշխատում եմ իմ երկրորդ սկավառակի վրա, որտեղ հիմնականում կներառվեն մերօրյա մոդեռն ռիթմերով սինթեզված հայկական ժողովրդական եւ աշուղական երգեր։ Գրում եմ նաեւ նոր երգեր այլոց համար։ Ի դեպ, օրերս ավարտվեցին իմ երրորդ տեսահոլովակի նկարահանման աշխատանքները։ Երաժշտասերներին տեղեկացնեմ, որ հոկտեմբերին հյուրախաղերով մեկնում եմ Եվրոպա, որի վերադարձից հետո մինչ տարեվերջ նրանց կներկայանամ իմ անդրանիկ հեղինակային «Սեւ կատու» սկավառակի շնորհանդես-մենահամերգով։ Կլինեն հաճելի այլ անակնկալներ եւս։ ԳԱՅԱՆԵ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել