Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՇԽԱՏՈՂ ՄԱՐԴՈՒՆ ՈՉ ՈՔ ՉԻ ԿԱՐՈՂ ԽԱՆԳԱՐԵԼ»

Սեպտեմբեր 20,2002 00:00

«ԱՇԽԱՏՈՂ ՄԱՐԴՈՒՆ ՈՉ ՈՔ ՉԻ ԿԱՐՈՂ ԽԱՆԳԱՐԵԼ» Երեկ բացվեց «Արդյունաբերական Հայաստան-2002» ցուցահանդեսը, որին մասնակցում է մոտ 70 ձեռնարկություն՝ Հայաստանից, Ռուսաստանի Դաշնությունից եւ ԱՊՀ երկրներից։ Ցուցահանդեսի մասնակիցների ակնկալիքը մեկն է՝ ճանաչվել եւ միջազգային շուկա դուրս գալ։ Մասնակից ձեռնարկությունների ներկայացուցիչները՝ «այսօր այդ օրը չէ» կարգախոսով խուսափեցին խոսել տեղական արտադրողների առջեւ ծառացած խնդիրներից, մանր եւ միջին բիզնեսի զարգացման խոչընդոտներից։ Նրանց ուշադրության կենտրոնում հնարավորինս լավ ցուցադրվելն էր։ Քանզի ցուցահանդեսին ներկա էին մոտ 20 երկրներից արդյունաբերողներ եւ գործարարներ, տեղական ընկերությունների ներկայացուցիչների փափագը մեկն էր՝ նոր գործընկերներ ձեռք բերել եւ նրանց օգնությամբ միջազգային շուկա դուրս գալ։ Միայն «Grown Chemical» շինարարահարդարման եւ կենցաղային քիմիայի ոլորտում մասնագիտացած ընկերության տնօրենների խորհրդի անդամ Արտավազդ Քոչինյանի կարծիքով՝ «Աշխատող մարդուն ոչ ոք չի կարող խանգարել»։ Ըստ գործարարի՝ անհրաժեշտ է «բավարար որակ, մատչելի գին ապահովել եւ մի փոքր էլ գովազդ՝ ու ոչ մի խնդիր չի լինի»։ Ի դեպ, այսօր Հայաստանում սկսվեց նաեւ Գործարարների եւ արդյունաբերողների միջազգային կոնգրեսի նիստը, որի մասնակիցները եւս ներկա էին ցուցահանդեսին։ ՌԴ արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Վ. Կ. Գլուխիխի խոսքերով, արդյունաբերողների կոնգրեսում առկա պայմանավորվածության համաձայն՝ այս տարին լինելու է Հայաստանի տարի։ Ըստ Վ. Կ. Գլուխիխի, «Հայաստանի արդյունաբերության նկատմամբ հետաքրքրությունը մեծ է եւ մենք կցուցադրենք Հայաստանի արդյունաբերությունն ու կսատարենք հետագա հնարավոր համագործակցությունները զարգացնելուն»։ Ինչ վերաբերում է ցուցահանդես երեւույթին, պարոն Գլուխիխն այսպիսի կարծիք ունի. «Գլխավորը ոչ թե ձեւ անելն է, թե դու աշխատում ես, այլ այդ աշխատանքը ցուցադրել կարողանալը»։ Մեզ թույլ ենք տալիս փաստել, որ վերջինս հաջողվեց տեղական արտադրողներին։ Իսկ թե ինչ արդյունքներ կունենա դա՝ առաջիկայի խնդիր է։ Ի դեպ, ռուս հյուրի կարծիքով, «Հայաստանի կառավարությունը փոխել է իր տեսակետը սեփական արդյունաբերության նկատմամբ»։ Նման կարծիքի համար հիմք էր հանդիսացել ՀՀ վարչապետի ներկայությունը ցուցահանդեսին։ Վերջինիս, բնականաբար, վերապահվեց կարմիր ժապավենը կտրելու նախագահավայել գործը։ Ինչից հետո, իր ելույթում Անդրանիկ Մարգարյանն «այս հարցում» հատուկ ընդգծեց «պետության մոտեցումը»։ Իսկ «այս հարցը», ինչպես պարզվեց ելույթի շարունակությունից, երկրի «տնտեսության զարգացումն» էր, «աշխատատեղերի ստեղծումը եւ ժողովրդի սոցիալական վիճակի լավացումը»։ Քանի որ կոնգրեսի աշխատանքների մասնակիցների գրաֆիկը բավականին գերհագեցած է եւ դժվար թե հյուրերը ժամանակ գտնեն հասարակ մահկանացուների հետ շփվելու, ուստի ստիպված կլինեն մեր երկրից հեռանալ բավականին թյուր պատկերացումներով, թե իբր տնտեսությունն իսկապես աճում է, իրար ետեւից աշխատատեղ է, որ ստեղծվում է եւ սոցիալական վիճակն էլ անշուշտ բարելավվում է։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել