Լրահոս
Օրվա լրահոսը

Երբեմն էլ գյուղացուն լսեք

Սեպտեմբեր 20,2002 00:00

Երբեմն էլ գյուղացուն լսեք (Սկիզբը՝ նախորդ համարում): Գյուղացին փող չունի վճարելու ոռոգման ջրի վարձը, իսկ ջուր մատակարարողը իր ներկայացրած ուլտիմատումում ջուր տալու համար պահանջում է յուրաքանչյուր օր մուծել 130000 դրամ։ Նույնիսկ հաշվի չեն առնում, որ գյուղում մշակվող կուլտուրաների մեջ գերակշռում են խաղողի այգիները, իսկ խաղողի բերքահավաքը եւ վաճառքը սկսվում է հոկտեմբեր ամսին։ Գյուղացին այդ ամսում խաղողը հանձնում է մթերող ձեռնարկություններին։ Տարվա ընթացքում խաղողի այգին պետք է ջրել ութ անգամ։ Այսօր, երբ խաղողի վազի աճը մոտենում է ավարտին, այգիները ջրվել են ընդամենը երկու անգամ։ Ջուր կա, բայց գյուղացին չի կարողանում այգին ջրել, որովհետեւ փող չունի։ Նման ծանր պայմաններում մեկ հեկտար խաղողի ոռոգման ջրի արժեքը մեկ տարում 36-ից բարձրացել է 54 հազար դրամի։ Իմ այն հարցին, թե ինչպես է կատարվում գյուղապետարանի բյուջեի եկամուտների մասը, գյուղապետը պատասխանեց, որ գյուղացին փող չունի։ Գյուղապետարանի աշխատողներն այս տարի դեռ աշխատավարձ չեն ստացել։ Բյուջեի կատարման մասին խոսք լինել չի կարող։ Գինու գործարանների պարոնայք տնօրեններ, ահա թե ինչպիսի ծանր վիճակում եք դրել գյուղացուն։ Դուք խորհելու շատ բան ունեք։ Գյուղացին էլ մարդ է։ Ինչպես դուք, ինչպես ամեն մարդ, նա էլ համբերության սահման ունի։ Երկրորդը թունաքիմիկատների վաճառքն է։ Լավ բերք ստանալու կարեւոր պայմանը խաղողի այգիների աճի ընթացքում դրանց ժամանակին ու լիարժեք սնուցումն ու վնասատուների դեմ պայքարի համալիր միջոցառումների կիրառումն է։ Վաճառվող թույները տեխնիկական հատկանիշներով խիստ ցածր են եւ չեն համապատասխանում իրենց սերտիֆիկատային տվյալներին։ Թույների վաճառքով զբաղվում են պատահական, ոչ իրավասու մարդիկ։ Ակտիվ խոսակցություններն այն մասին, որ թույները կեղծված են, կասկած չեն հարուցում։ Դրանում ես համոզվել եմ իմ խաղողի այգու բուժման արդյունքում։ Օիդում հիվանդության դեմ պայքարելիս առաջին բուժումը կատարեցի տոպազի 0,04 բաժնեչափով, արդյունք չտվեց։ Երկրորդ բուժումը կատարեցի բալետոնի 0,05 բաժնեչափով։ Արդյունքը դարձյալ բավարար չէր։ Ստիպված երրորդ եւ չորրորդ բուժումները կատարել եմ բալետոնի եւ տոպազի 0,1 բաժնեչափով։ Այս դեպքում արդյունքը բավարար էր։ Բայց չէ՞ որ դրանք կրկնակի բաժնեչափեր են ու մեզնից կրկնակի ծախսեր են պահանջում։ Վերջին մեկ- երկու տարվա ընթացքում թույների գները բարձրացել են կրկնակի, նույնիսկ երեք անգամ։ Բալետոնի մեկ կիլոգրամը եթե նախկինում արժեր վեց հազար դրամ, ապա այս տարի այն երկու անգամ գնել եմ կիլոգրամը մոտավորապես 17 հազար դրամով։ Եթե հաշվելու լինենք նաեւ այն, որ դրա որակը ցածր լինելու պատճառով ստիպված եմ եղել այն կրկնակի բաժնեչափով օգտագործել, ապա բալետոնի մեկ կիլոգրամի իրական արժեքը դարձել է 34 հազար դրամ։ Իսկ 34 հազար դրամը հաշվարկված անցյալ տարվա խաղողի մթերման գներով, հավասար է կես տոննայից ավելի խաղողի։ Մենք՝ գյուղացիներս, հանրապետության նախագահին ու վարչապետին հղած մեր բաց նամակներում առաջարկել էինք ստեղծել մի կազմակերպություն, որը բոլոր առումով կոմպետենտ լինի եւ բարեխղճորեն գլխավորի այդ շատ կարեւոր գործը հանրապետությունում։ Բայց ոչ հանրապետության նախագահը եւ ոչ էլ վարչապետը այդ ուղղությամբ ոչինչ չարեցին։ Իսկ այսօր գյուղացին դրա դառը պտուղները ճաշակում է։ Եթե եւս մեկ կամ երկու տարի շարունակեք խաղողի մթերման գների ձեր կործանարար «քաղաքականությունը», ապա հանրապետությունում խաղողի այգի չի մնա, իսկ ձեր ձեռնարկությունները ընդմիշտ կզրկվեն հումքային բազայից։ ԱՇՈՏ ԲԱԴԱԼՅԱՆ Այգեգործ, պատերազմի հաշմանդամ, տնտեսագիտության թեկնածու, գյուղ Այգեզարդ, Արտաշատի շրջան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել