Լրահոս
Օրվա լրահոսը

«Արարատ»-Ը ԵՐԵՎԱՆՈՒՄ

Սեպտեմբեր 21,2002 00:00

«Արարատ»-Ը ԵՐԵՎԱՆՈՒՄ Արդեն «Մոսկվա» կինոթատրոնի էկրանին է կանադահայ տաղանդավոր կինոռեժիսոր Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմը, որը կինոգետների շրջանում բուռն արձագանք է առաջացրել։ «Պարադիզ» ընկերության Լոս Անջելեսի մասնաճյուղի տնօրեն Արմեն Մկրտչյանը եւս փաստում է, որ «Արարատի» վերաբերյալ կարծիքները եղել են տարաբնույթ եւ, որ ամենակարեւորն է՝ դրանց մեջ չի եղել միջին գնահատական։ Ըստ նրա, Կաննի կինոփառատոնում ֆիլմի պրեմիերան անցել է փառահեղ, լեփ լեցուն դահլիճով, հանդիսատեսի հոտնկայս ծափահարությունները շարունակվել են 10-15 րոպե, իսկ ֆիլմի մասին մամուլում եղած հոդվածները տպագրվել են Արարատի խորհրդանշանով։ Դահլիճում եղել են նաեւ հայ հանդիսատեսներ, որոնցից շատերը ժամանել էին հեռվից, քանի որ Կաննում հայեր չեն ապրում։ Իսկ ֆիլմի ցուցադրությունից անմիջապես հետո Ատոմ Էգոյանը, Շառլ Ազնավուրը, Արսինե Խանջյանը եւ մյուսները մեծարվել են Նիցցայի մոտ գտնվող աշխարհի ամենաթանկ հյուրանոցներից մեկում։ Ի դեպ, ողջ երեկոյի ընթացքում հնչել է միայն հայկական երաժշտություն, իսկ «Արարատի» պրեմիերայի առիթով շնորհաշատ կինոռեժիսորին շնորհավորելու համար այստեղ են ժամանել կինոաշխարհի հայտնի դեմքեր՝ մոլորակի տարբեր անկյուններից։ Ըստ Ա. Մկրտչյանի, «Արարատի» հաջողության գրավականներից մեկն էլ ֆիլմի ճիշտ կառուցումն է. այն նոր ժամանակների ֆիլմ է, ուր 1915թ. ողբերգությունը բավականին գրագետ է «մատուցվում»։ Թեեւ այսօր «Պարադիզ» ընկերությունն աշխատում է միայն մեծ ֆիլմեր ներմուծելու ուղղությամբ, սակայն Հայաստան են բերվում նաեւ ոչ մեծ, բայց բարձրաճաշակ ֆիլմեր։ Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել